«Էն տպավորությունն է, որ ՀՀ ղեկավարությունը ինչ-որ փայ ունի էդ ֆոնդերի մեջ». Հրանտ Բագրատյան
Այսօր ԱԺ նիստում «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ, որով հարկայինը իրավասություն է ստանում գանձելու կուտակային ֆոնդերին չփոխանցված գումարները, պատգամավոր Հրանտ Բագրատյանը մեջբերեց նոր Սահմանադրության 60 հոդվածը, որում նշվում է, որ սեփականությունից զրկել կարելի է միայն դատական կարգով օրենքով սահմանված դեպքերի:
«Բա Գագիկ Հարությունյանն ասում էր վերջապես մարդու իրավունքները պետք է գործեն: Էս ա՞ իրա գրած Սահմանադրությունը: Բա ի՞նչ գործ ունի էս Սահմանադրությունից հետո նման օրենք հայտնվի: Գնացեք դատարան, դատարանը որոշի, փողը վերցրեք»,- ասաց Հ.Բագրատյանը:
Ընդհանրապես, ինչպես նշեց նա, Սահմանադրությունը 80 հատ վրիպակ ունի, 40 հատ պարզապես «լյապ»: Հ.Բագրատյանի խոսքով՝ Սահմանադրությունը չի անցել, բայց գոնե իշխանությունը, որ հայտարարեց, թե այն ընդունվել է, պետք է հարգի դա:
Հ.Բագրատյանը Նապոլեոնի հետ կապված անեկդոտ պատմեց. Լայպցիգի կամ Վաթեռլոյի ճակատամարտից առաջ Մարշալը մի փոքրիկ մարտ պարտվեց, Նապոլեոնը հրավիրեց իր մոտ՝ հարցրեց, թե ինչո՞ւ է պարտվել, Մարշալը ասեց՝ 5 պատճառ կա՝ առաջինը փամփուշտ չկար, Նապոլեոնն ասաց՝ մնացած պատճառները կարող է չթվարկել: Հիմա, ըստ Հ.Բագրատյանի, նույնն այս դեպքում է. «Եթե Սահմանադրությունն ընդունված լիներ, այս օրենքն ընդհանրապես այստեղ քննարկվելու իրավունք չուներ, իսկ հենց օրենքի հետ կապված մի շարք հարցադրումներ ունեմ: Շատ մի գոհ էինք էդ կուտակայինից, էսօր կանգնած ենք լինել-չլինելու փաստի աաջ, իսլամական ագրեսիայի առաջ, 45 տարով փող եք տանում, ինչ-որ կուտակայինների տալիս, հիմա էլ բերում եք օրենք, որ եթե հանկարծ դրանք չմուծվենք, կգան տուն ու տեղը ձեռքերիցս կառնեն: Չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը: Հուսով եմ՝ Հայաստանը 45 տարի հետո կլինի, բայց որ սենց գնաց, չի լինի»:
Հ.Բագրատյանը տարակուսեց, թե մասնավոր ֆոնդի համար ինչո՞ւ է պետական մարմինը ծառայություն մատուցում, ո՞վ է փոխհատուցելու այդ ծախսերը. «Էն տպավորությունն է, որ կարծես ֆոնդերը մասնավոր են, բայց հանրապետության ղեկավարությունն ինչ-որ փայ ունի էդ ֆոնդերի մեջ և պետական ապարատը ծառայեցնում է էդ ֆոնդերն աշխատեցնելու վրա»: