Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ ունի
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ներկայում ունի ոչ միայն ատոմային, այլև ջրածնային ռումբեր:
Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կիմ Չեն Ինը զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան արդեն վերածվել է «հզոր միջուկային կայսրության, որն ի վիճակի է կիրառել սեփական ատոմային ու ջրածնային ռումբերը՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով»:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան երեք անգամ ատոմային պայթյուններ է իրականացրել, տեղեկացնում է Interfax-ը:
Ջոն Հոփկինսի անվան համալսարանին կից ամերիկա-կորեական ինստիտուտի փորձագետները արբանյակների լուսանկարների ուսումնասիրման հիման վրա եկել են եզրակացության, որ Հյուսիսային Կորեայում ավարտվել են «Սոխե» տիեզերակայանի արդիականացման աշխատանքները, ինչը թույլ կտա մյուս տարի սկսել հրթիռային փորձարկումներ իրականացնել տվյալ տիեզերակայանից: