«Դա արվել է ՀԱԿ-ի հրահանգով». Գալուստ Սահակյանը՝ ընտրախախտումների մասին
«Ինչ-որ ինտրիգներ կարող էին լինել, երբ մեկ միլիոնից ավելի ընտրողներ են մասնակցում, սակայն հիմնականում լուրջ խախտումներ չեն եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընտրախախտումները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ին «արջի ծառայություններ» մատուցողներ կան, ԱԺ նախագահը պատասխանեց, որ այլ քաղաքական ուժերին ևս մատուցվել են «արջի ծառայություններ»:
Նրա խոսքով՝ սա միայն մեր ընտրությունը չէր, սա քաղաքական ուժերի սկզբունքներով կազմակերպված հանրաքվե էր: Այն հարցին էլ, թե այդ ծառայությունները ՀՀԿ-ի հրահանգո՞վ են կատարվել, Գ. Սահակյանը պատասխանեց, որ դրանք եղել են ՀԱԿ-ի պահանջով. «Դա արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի կարողանան այսօր որոշակիորեն ընդդիմադիր կեցվածքն ապահովել: Ամբողջ ընթացքում հիմնականում բողոքներ չեն եղել, ըստ երևույթին՝ մտածել են, ֆանտազիայի մեջ են մտել»:
Անդրադառնալով ԵԽ ԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչների գնահատականներին՝ Գ. Սահակյանն ասաց, որ դա դիտորդական խումբ չէր, երեք հոգի են եղել, որոնք ներկայացուցչական խմբեր են, արձանագրություններ չեն կազմել, պարզապես տեղեկատվություն են հաղորդել. «Ադրբեջանում բոլոր դիտորդները շատ լավ խոսեցին, այնպես որ, միայն խոսելով չէ, նայած՝ ով ում է հրավիրում, որ քաղաքական ուժերի ազդեցության տակ է»:
Այն հարցին էլ, թե՝ մտավախություն չունե՞ք, որ միջազգային կառույցները նման ընտրություններից հետո հրաժարվեն ֆինանսավորել Հայաստանին, Գ. Սահակյանը պատասխանեց, որ չի կարծում, որ Հայաստանին այնքան ֆինանսական աջակցություններ են անում, որ ընտրությունների հետևանքով պիտի չանեն. «Չեմ կարծում, քանի որ ընտրություններն անցել են բավարար»: Գ. Սահակյանը նաև նշեց, որ, եթե անգամ ընտրախախտումները բացահայտվեն, և մեղավորները պատիժ կրեն, միևնույն է, դա չի կարող որևէ ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա: