«Անհավասար» կարծիքներ՝ «հավասար»-ության մասին
«Հայ Արտ» մշակութային միությունում օրերս տեղի ունեցավ «Հավասար» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ Հովանավորն «ՕքսԷջեն» հիմնադրամն էր։ Ներկայացված լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Արամ Կիրակոսյանն է։
Ցուցահանդեսը ներառում էր թեմատիկ չորս շարք` հայ կին քաղաքական գործիչների դիմանկարներ (Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Էլինար Վարդանյան և այլք), գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող ֆոտոպատմություն, մասնագիտություններ, որոնք հայ կանայք խիստ հազվադեպ են ընտրում, և տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի կանայք և տղամարդիկ` հավասար իրավունքների և հնարավորությունների կոչ-ուղերձներով (Արսեն Ջուլֆալակյան, Գոհար Հարությունյան, Աննա Մայիլյան և այլք)։ Ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատանքային հնարավորությունների անհավասարության թեմային։
Մենք զրուցեցինք ցուցահանդեսի կազմակերպիչ «Օքսֆամ» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց գրեթե 60%-ը կանայք են, բայց թե որքանո՞վ են ռեալիզացված այդ կանայք, արդեն բոլորովին այլ հարց է:
– Տիկին Հակոբյան, ո՞րն է միջոցառման և ցուցահանդեսի իմաստն առհասարակ։
– Իմաստը հավասար հնարավորություններ և հավասար իրավունքներ ստեղծելն է կանանց և տղամարդկանց համար։ Լուսանկարների ցուցահանդեսն «Օքսֆամ» կազմակերպության ընդհանուր ծրագրի մաս է կազմում։ «Օքսֆամը» երկար ժամանակ աշխատում է Հայաստանում և հիմա արդեն համագործակցում է «Օքսէջեն» հիմնադրամի հետ միասին` իրականացնում է այս քարոզարշավը։ Եվ մենք սկսել ենք լուսանկարչական այս ցուցահանդեսից։ Նույնիսկ փոքրիկ հնարավորություններ ստեղծելով` օրինակ, գյուղական վայրերում ստեղծելով փոքրիկ կոոպերատիվ, որի ղեկավարը կին է, մենք դրանով հնարավորություն ենք տալիս ռեալիզացնելու և՛ իրենց գիտելիքները, և՛ ունակությունները, և՛ մասնագիտությունները, և՛ ինքնագնահատականի բարձրացումը։
– Ենթադրենք` քարոզարշավն ավարտվեց, լուսանկարների մասին էլ օրեր անց մոռացան։ Գործնականում կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում Ձեր նշած գաղափարներն իրականություն դարձնելու համար։
– Միայն մեր քայլերով չէ, որ այս ամենը պետք է իրականություն դառնա։ Այստեղ իր մասնակցությունը պետք է ունենա իշխանությունը, պետական ատյաններըգ Միայնակ ոչինչ հնարավոր չէ անել։ Բայց, եթե անգամ գյուղական համայնքի մակարդակով արվում է փոքրիկ միջամտություն, ապա դա հնարավորություն է տալիս ռեալիզացնելու մեր նպատակները։ Օրինակ, մենք կանանց կոոպերատիվների միջոցով խրախուսում և խթանում ենք կանանց ներգրավվածությունը որոշում կայացնելու հարցում։ Մենք թրեյնինգներ ենք անցկացնում` կանանց ունակությունների զարգացման համար, բարձրացնում ենք կանանց ինքնագնահատականը։ Աշխատանքը բազմազան է։
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց. «Անվիճելի է, որ մենք ունենք կանանց և տղամարդկանց հնարավորությունների խնդիր։ Մենք ունենք օրենք` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին։ Բայց, ցավոք սրտի, մեզ մոտ օրենքում գրված է մի բան, իսկ իրականությունն այլ է։ Կանայք այսօր բավարար չափով ներգրավված չեն` հատկապես որոշումներ կայացնող պաշտոններում։ Այստեղ կան և՛ օբեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Օբեկտիվ պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ ոչ բոլոր կանայք են ցանկանում ներգրավված լինել այդ աշխատանքներում։ Սակայն, երբ կինը տեսնում է, որ իր համար առկա են բոլոր նախադրյալները, այս դեպքում նա միգուցե կմտածի` արդյոք անհրաժե՞շտ է լինել բարձր պաշտոնների, արդյոք կարո՞ղ է նա բավարար չափով ինքնադրսևորվել։ Պատճառներից մեկն էլ հասարակության վերաբերմունքն է պատասխանատու պաշտոնին գտնվող կանանց։ Հասարակությունը կանանցից շատ ավելին է պահանջում, քան երբևէ պահանջել է տղամարդկանցից»։
Մենք զրուցեցինք նաև ցուցահանդեսին ներկա հյուրերից մի քանիսի հետ, որոնց թվում էր նաև «Մայրիկների ակումբ» հաղորդման հեղինակ և վարող Մարի Ներսիսյանը, ոճաբան Դիանա Շատվերյանն ու լուրերի հաղորդավարուհի Շահանե Մեժլումյանը։
Մենք նրանց ուղղեցինք միևնույն հարցերը` որքանո՞վ է հայ հասարակության մեջ հնարավոր իրականություն դարձնել տղամարդու և կնոջ միջև հավասարության գաղափարը, որքանո՞վ է կինը պատրաստ տղամարդու հետ հավասարապես կիսել իրավունքների և պարտավորությունների բեռը, և արդյո՞ք հայ կնոջ, իբրև թե, երկրորդական և ոչ հավասար դերակատարումն ընտանիքում և սոցիումում համապատասխանում է իրականությանը։
Մերի Ներսիսյան.- Ես կարծում եմ, որ մարդիկ ծնվում են հավասար` ֆիզիկապես, հոգեպես և մտավոր ունակություններով։ Եվ եթե Աստված մեզ հավասար է ստեղծել, նշանակում է` ողջ կյանքի ընթացքում մենք ամեն ոլորտում կարող ենք լինել հավասար։ Թյուր պատկերացում կա, որ հայ հասարակության մեջ կինը ստորադասված կերպարով է հանդես գալիս, երկրորդ տեղում է, բայց դա, ըստ իսկ, շատ թյուր կարծիք է։ Երբ ուսումնասիրում ենք պատմությունը, գրականությունը և այլ աղբյուրները ևս, հասկանում ենք, որ հայ կինը միշտ եղել է շատ կարևոր որոշումներ կայացնողը։
Միգուցե նա համեստ է, ավելի հեզ, բայց այնուամենայնիվ հայ կինը` հատկապես 21-րդ դարում, միշտ ուժեղ է եղել և էլ ավելի մեծ պարտականություններ է վերցրել իր ուսերին։ Հայ կինը մշտապես կատարել և կատարում է իր ամենաբարդ գործառույթը` սերունդ դաստիարակելը, ինչն իմ կարծիքով` ամենաբարդն է։ Հաճախ եմ լսում, որ կնոջ և տղամարդու միջև անհավասարության պատճառն ու արգելքը տղամարդն է։ Բայց կարծում եմ, որ այդ հարցում մեղքի շատ մեծ չափաբաժին է կրում նաև կինը։ Մենք սիրում ենք ամեն ինչ մեր ուսերին բարդել, թույլ չենք տալիս, որ տղամարդն օգնի մեզ, թեկուզ և` խոհանոցում և կամ երեխայի դաստիարակման հարցում։ Վստահ ենք, որ մեզանից լավ այդ աշխատանքները տղամարդը չի կարող անել, իսկ հետո էլ մեղադրում ենք նրան, որ չի աջակցում։ Եթե մենք մի փոքր ավելի հանգիստ վերաբերվենք երևույթին` հատկապես կենցաղում, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այս նախագիծը հիանալի առիթ է ևս մեկ անգամ հայ կնոջը հիշեցնելու, որ նա կարող է ավելին, քան ենթադրում է` յուրաքանչյուր բնագավառում։
Դիանա Շատվերյան.- Հայ իրականության մեջ «հավասարություն» ասելիս` պետք է հասկանանք, թե ի՞նչ նկատի ունենք։ Ես մեծ սիրով համաձայնեցի մասնակցելու «Հավասար» լուսանկարչական ցուցահանդեսին, քանի որ համամիտ եմ, որ հայ կինը կարող է անել ավելին, եթե նրան ընձեռեն հավասար պայմաններ։ «Կին, դու պետք է խոհանոցում մնաս» հոգեբանությամբ ապրող տղամարդիկ, չգիտեմ, թե որքանո՞վ են անհույս այս նախաձեռնության համար, բայց կա մի մեծ բայց։ Երբեք չես կարող կանխատեսել, թե որ խոսքը կամ միտքը կարող է ազդել և փոխել մարդու մտածելակերպը։ Կարծում եմ` նմանատիպ նախագծերը պետք է շարունակական բնույթ կրեն։
Շահանե Մեժլումյան.– Բոլորս էլ գիտենք, որ մեզ մոտ գերակայությունը տրվում է տղամարդկանց` գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք գիտենք, որ հայ կինը բոլոր դարաշրջաններում եղել է ընտանիքի պահապանը, երեխաների դաստիարակողը և դեպի կրթություն տանողը։ Որտեղ կինը ոտք է դնում, այնտեղ ծաղկունք է ապրում։ Կարծում եմ, որ կինը շենացնողն է ամեն հարցում։ Մեր ղեկավարները պետք է մտածեն նաև այդ ուղղությամբ և առավել շատ կանանց ներգրավեն երկրի կառավարման գործում։ Սա մի փոքրիկ քայլ է` դեպի այդ մեծ փոփոխությունը։ Ամեն դեպքում, չեմ կարծում, թե տղամարդու և կնոջ միջև բոլոր իրավունքները պետք է լինեն հավասար։ Եթե մենք ձգտում ենք հավասարության, դա նշանակում է` ցանկացած, նույնիսկ ամենադժվար հարցում տղամարդու ուսերին դրված պարտականությունները պետք է անցնեն նաև կնոջ ուսերին։ Երբ լիակատար հավասարություն ենք պահանջում, պետք է հասկանանք` պատրա՞ստ ենք արդյոք կիսելու այդ բեռը հավասարապես։