«Ոստիկանապետը պետք է ներկայացնի պետական հանցագործության, հեղաշրջման բոլոր մանրամասները». Րաֆֆի Հովհաննիսյան
«Մենք այսօր միասին ապրում ենք ճշմարտության հայաստանյան պահը, այս ճշմարտությունը մեզ ուղեկցելու է մեր ողջ կյանքի ընթացքում, մենք գտվում ենք Նոր Հայաստանի կերտման նախաշեմին, ՀՀ-ի վերստեղծման նախօրեին»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ մեր պատմության մեջ երբեք նման կարգի հակաժողովրդական ահաբեկչություն, բռնություն չի եղել, ինչպես այսօր. «ՀՀ-ում ծայրից ծայր Հանրապետական կուսակցապետությունը փորձում է ստրակացնել բոլորին, ու շարել է այս լավ տղաներին այստեղ, նրանք իջեցրել են հրաման պատերազմ տալ սեփական ժողովրդի դեմ ու մենք այսօր եկել ենք այստեղ նոր Հայաստանի հանձնառությամբ՝ ասելու համար, որ Հանրապետական կուսակցապետությանը պետք է ճամփու դնենք»:
Նա հայտարարեց, որ այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել կազմակերպած Սերժ Սարգսյանի կողմից, ՀՀԿ-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀԿ-ի ամենատարբեր մակարդակների ղեկավարների, մարզպետ Սուրեն Լիսկա Խաչատրյանի կողմից:
«Այսօր ՀՀ քաղաքացիների համատեղ ջանքերով մենք բոլորին ցույց տվեցինք, թե ինչ ստի ու կեղծիքի վրա է հիմնված այդ կուսակցապետությունը և այլևս երբեք չի կարող ներկայացնել մեր ժողվոդրին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու պատասխան տա ՀՀ օրենքի և սահմանադրության առաջ, նույնը Հովիկ Աբրահամյանը և մարզպետները: Գեներալ Գորիկ Հակոբյանին, Վլադիմիր Գասպարյանին ասում ենք, որ այսօրվա պետական հանցագործության, աննախադեպ հակաժողովրդական ահաբեկչության բոլոր մանրամասները, ապացույցները գտնվում են ձեզ մոտ, ձեր մեջ:
Ակնկալում ենք՝ ոստիկանապետը կներկայացնի պետական հանցագործության, հեղաշրջման բոլոր մանրամասները»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: