«Յուրաքանչյուր նման հանդիպում ինձ համար հետևանքներ է ունենում». Ասում է «Հիսուսի կատուն» գրքի հեղինակ Գրիգը
Օրեր առաջ կայացավ երիտասարդ գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի շնորհանդեսը: Անմիջական և առանց ավելորդ պաթոսի մթնոլորտում կայացած գրքի շնորհանդեսին ներկա երիտասարդ գրականագետները, որոնց թվում էին նաև գրողի ուսանողական տարիների ընկերները, գրքի մասին խոսելիս՝ իրենց գնահատականներում փորձում էին լինել հնարավորինս օբյեկտիվ: Տարաբնույթ կարծիքների և մեկնաբանությունների մեջ կարմիր գծով շեշտվում էր Գրիգի մարդասիրական և ժամանակակից ձեռագիրը: Շնորհանդեսին ներկա էր նաև արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Գուրգեն Խանջյանը: Նա Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է: «Գլոբալացում, համահարթեցումներ, աղմկոտ վայրիվերումներ, խժդժոց, ունայնություն, քաղաքական, կրոնական հակամարտություններ, պատերազմներ… Այս ամենի ահարկու թրթուրների տակ որքա՞ն «Պուճուր մարդ» է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես ճզմվում… Դյուրին է սիրել ազգին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը, և անչափ դժվար է սիրել պարզապես ու իսկապես՝ մեկ մարդու, մեկ առանձին մարդու…»,- նշում է Գ. Խանջյանը գրքի առաջաբանում:
Մեզ հետ զրույցում Գ. Խանջյանը պատմեց, թե ինչն է ամենից շատ գրավում Գրիգի պատմվածքների մեջ:
«Գրիգի առաջին պատվածքները տպագրվել են մեր՝ «Գրաթերթ» գրական երիտասարդական թերթում: Հենց առաջին պատմվածքը կարդալով՝ անտեսեցի Գրիգի գրական լեզվի անփորձությունը, քանի որ միանգամից տեսա կարևորը՝ մարդասիրությունը, խղճի ներկայությունը՝ գրողի ներսում: Ես տեսա գրողի վերաբերմունքն այն կերպարներին, որոնց մասին նա գրում է: Գրիգը՝ որպես գրող, շատ հեռուն կարող է գնալ, եթե, իհարկե, չկոտրվի: Հոգում խղճի մեծ պաշարով մարդիկ սովորաբար շուտ են կոտրվում»,- ասաց Գ. Խանջյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ կտա այս գիրքն ընթերցողին, բացի սեփական խղճի առկայության մասին ևս մեկ անգամ վերհիշեցումից, Գ. Խանջյանը պատասխանեց. «Այս գիրքը, ինչպես առհասարակ լավ գրականությունը, մարդուն հիշեցնում է իր մասին: Մարդը մեր իրականության չոր ու ցամաք ռիթմի, սպառողական հոգեբանության հաղթանակի արշավանքների մեջ կորցնում է իր ինքնությունը, մոռանում իր մեջ ապրող մարդ տեսակին: Գրիգն անընդհատ փորձում է իր պատմվածքներով հիշեցնել ընթերցողին, որ նա խիղճ ունի, որ նա մարդ է և պետք է վերաբերմունք ունենա իր շուրջ հյուսվող մարդկային պատմությունների հանդեպ:
Հարցին, թե ի՞նչ տեսակ գրքեր է այսօր նախընտրում ընթերցողը, Գ. Խանջյանը պատասխանեց. «Կան գրքեր, որոնք դարձել են «ֆաստֆուդային» ապրանք: Եթե հետևենք, թե այսօր աշխարհում ինչպիսի գրքեր են սպառվում, կհասկանանք, որ դրանք իրենց բովանդակությամբ նույն «ֆաստֆուդն» ու Կոկա-կոլան են: Իրական գրականությունը մի փոքր ստվերում է մնացել, բայց այն խիստ անհրաժեշտ է՝ որպես վիտամին, որ մարդը մարդ մնա»:
Ի դեպ, գրքի հեղինակը դեմ է, երբ իր հերոսներին «պուճուր մարդու» փոխարեն՝ երբեմն ներկայացնում են՝ իբրև «փոքր մարդ»: Գրիգի կարծիքով՝ իր գրքի հերոսները «պուճուր» են, ոչ թե փոքր, քանի որ «պուճուր» խոսքն ավելի մտերմիկ է: Եվ նա չէր ցանկանա, որ այդ հերոսները լինեին և համարվեին «փոքր»: «Քո սիրած մարդուն չես ասի՝ փոքր, կասես՝ պուճուր»,- նշում է Գրիգը:
– Գրիգ, քանի՞ տարվա աշխատանքի արդյունք է այս գիրքը, և ինչպե՞ս «խիզախեցիք» հրապարակել այն:
– Գիրքը 4 տարուց ավելի շատ ժամանակ խլեց՝ նախքան տպագրվելը: Ես փորձել եմ պարզապես թղթին հանձնել այն, ինչը, արդեն վախենում էի, որ ժամանակի հետ դուրս կմնա իմ հիշողությունից: Զգում էի, որ շատ հիշողություններ ուղղակի ջնջվում են: Գիրքը 2 մասից է բաղկացած, որտեղ առաջին հատվածում մեր Երևանն է, և հիմնականում պատմվում է «պուճուր մարդու» մասին: Մարդիկ, որոնք բախտի քմահաճույքով հայտնվել են փողոցում: Երկրորդ հատվածն արդեն Գերմանիան է, որտեղ աշխարհի տարբեր վայրերից եկել են երեխաներ՝ բուժվելու նպատակով: Իմ գերնպատակն էր այդ մարդկանց «պահելը», քանի որ նրանցից շատերն այս կյանքում այլևս չկան: Եվ միակ հնարավորությունը դա անելու՝ նրանց մասին պատմությունները թղթին հանձնելն էր:
– Գերմանիայում բուժվող երեխաներին վերաբերող հատվածը որքանո՞վ է առնչվում Ձեզ հետ:
– Գերմանիային վերաբերող պատմություններում երևակայական քիչ բան կա: Այն ավելի շատ անձնական է:
– Դուք ինչպե՞ս եք հայտնվել Գերմանիայում գտնվող բժշկական կենտրոնում, որտեղ երեխաներն էին բուժվում:
– 12 տարեկանում առողջական խնդիրներ ունեի: Գերմանական հատուկ մի ընկերություն կար, որն այստեղից երեխաներ էր տանում Գերմանիա՝ անվճար բուժման նպատակով:
– Եվ Դուք այդ երեխաների շարքո՞ւմ էիք:
– Այո՛: Այնտեղ կային աշխարհի բոլոր ծայրերից եկած երեխաներ: Նրանցից շատերն այնպիսի հիվանդություններով էին եկել, որ կարծում եմ՝ այսօր նրանք այլևս չկան:Բայց չէ՞ որ ես նրանց հիշում եմ: Հետևաբար՝ նրանք իրականում կան: Եվ ես՝ արդեն չվստահելով իմ հիշողությանը, որոշեցի գրել իրենց մասին:
– Դուք նշեցիք, որ գրքում ներկայացվում են «պուճուր մարդկանց» պատմություններ, մյուս կողմից՝ հիվանդ երեխաների մասին պատմություններ… Չե՞ք կարծում, որ սա կընկալվի նաև՝ իբրև խղճահարություն առաջացնելու միտում:
– Ես չեմ ցանկանում խղճահարություն առաջացնել որևէ մեկի մոտ: Ցանկանում եմ, որ մարդիկ ուշադիր լինեն միմյանց հանդեպ, գնահատեն իրենց շուրջ ապրող մարդկանց, նկատեն յուրաքանչյուր շարժում, որ իրենց կողմն է ուղղված:
– Որքանո՞վ են այսօրվա իրականության մեջ ապրող մարդիկ պատրաստ սևի մեջ նաև սպիտակը տեսնել, գնահատել… Եվ արդյոք Ձեր գիրքը որևէ կերպ կնպաստի՞ դրան:
– Երբ սպիտակ թղթի վրա սև կետ ես նկարում և մարդուն հարցնում, թե ի՞նչ է նա տեսնում, պատասխանն է՝ սև կետ: Բայց չէ՞ որ այդ սև կետը շրջապատված է սպիտակով: Ես ցանկանում եմ, որ իմ գիրքն ընթերցելով՝ տեսանելի լինի նաև սպիտակը: Եթե մարդն առողջ է, ֆիզիկական ոչ մի խնդիր չունի, միշտ ունենում է պատճառներ, թվացյալ պատճառներ, որպեսզի իր օրը տխուր ավարտի: Երբ մարդն ունի տուն, և նրա ոչ մի տեղը չի ցավում, կցանկանայի, որ նա փորձեր ավելի հեշտ ապրել, փորձեր վայելել կյանքի ամեն մի վայրկյանը… Ես շատ եմ տխրում, երբ մեր քաղաքում տխուր մարդ եմ տեսնում: Յուրաքանչյուր հանդիպում ինձ համար հետևանքներ է ունենում: Ես համառորեն փորձում եմ չհասկանալ, չզգալ դա, բայց ինձ մոտ չի ստացվում: Յուրաքանչյուր օր, երբ մթնում է, ես պատկերացնում եմ, որ այդ մարդը հիմա անտուն նստած է բաց երկնքի տակ՝ փողոցում: Եվ ինքնաբերաբար այդ երկու քաղաքների համեմատությունն է տեղի ունենում, որտեղ երկու մարդ՝ անտունն ու հիվանդ երեխան, ձեռնոց են նետել իրականությանը, սոցիումին:
– Ի՞նչ կփոխի Ձեր գիրքն ընթերցողների հայացքում: Նրանք ևս միգուցե սկսեն անտուն մարդուն նայել Ձեր տեսանկյունից, Ձեր պատմության պրիզմայով… Իսկ հետո: Ի՞նչ կփոխվի հետո:
– Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեծ բան եմ փոխելու: Ոչ էլ նմանատիպ ցանկություն ունեմ: Ես ցանկանում եմ փոքր բաներ փոխել:
– Գիրքը թագմանելու մտադրություն կա՞:
– Ես շատ կցանկանայի, որ գիրքը գերմաներեն թարգմանվեր: Գրքում կան գերմանացիներ, որոնց համար գուցե հետաքրքիր լինի կողքի հայացքը՝ երեխայի հայացքը: Պատմվածքներից մեկում երեխան զարմանում է՝ տեսնելով բժշկի՝ ամբողջովին դաջվածքներով պատված ձեռքը: Իմ իրականության մեջ բժիշկները չունեին դաջվածքներ… Եվ բազում այսպիսի փոքրիկ պահեր, որոնք միայն երեխայի հայացքն է որսացել, և ես փորձել եմ ուղղակի իմ հիշողությունից հանել այդ ամենը և գրի առնել:
Շնորհանդեսի ավարտին ներկաներին առաջարկվեց 15 րոպեի ընթացքում նկարել պատմվածքներից մեկի հերոսի՝ «պուճուր մարդու» ամպերը, որի հաղթողը և արժանացավ պարգևի՝ «Հիսուսի կատուն» գրքի տեսքով: