Դեկտեմբերի 7-ը ոչ միայն երկրաշարժի հիշատակման օր է լինելու, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության կառուցման օրը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքին ասաց, որ որոշել են այսուհետ քիչ խոսել, շատ գործել. «Այսօր քիչ պիտի խոսենք ու գործի անցնենք: Ես բնավ հավես կամ սիրտ չունեմ պատասխանել Սերժ Սարգսյանի՝ աթոռ բռնազավթած մարդու խոսքին կամ հարցազրույցին, բայց ես հաշվետու եմ ձեր առջև և ուզում եմ մի քանի նկատառում կատարել: Առաջին, իր հարցազրույցի ընթացքում «Ժառանգությունը» և ես պատիվ, թե անպատվություն ապրեցինք 3 անգամ մեր անունը լսելու:

Շնորհակալություն այդ ուշադրության համար, թող վերլուծաբանները մեկնաբանեն, թե դա ինչ է նշանակում: Այդ ընդգծումներն ապացուցում են իր և իր վարչակարգի սնանկությունը քաղքականության մեջ՝ արտաքին ու ներքին հարցերում ու փաստում դրանց ոչ լեգիտիմությունը: Ինքը՝ որպես նախկին արցախցի ու արցախյան պատերազմի մասնակից պետք է իմանար, որ այս ամբողջ պայքարը միայն նրա համար չէր, որ 30.000 զոհ տայինք, որ հաղթանակից 25 տարի անց վախենանք աշխարհին ասել, որ մենք ունենք իրավունք և շահ: Նա դիմում է միջազգային հանրությանն ու ասում՝ եթե ես հանկարծ չլինեմ, ուրեմն պատերազմ է: Ինձ հետ գործ ունեցեք, կարող է՝ ես գողացել եմ իշխանությունը, բայց եթե ուզում եք կանխատեսելի, կայուն, հպատակ, ստրկամիտ Հայաստան, եթե ուզում եք, որ ես Մոսկվա գնամ՝ պրոռուսական բաներ շշնջամ, Ամերիկայում՝ ամերիկյան բաներ ասեմ, Եվրոպայի հետ երկիմաստ խաղեր խաղամ, իմ հետ գործ ունեցեք: Եթե ուզում եք գործ ունենալ ազգային ուժի հետ, որը «Նոր Հայաստանն» է, կանգնեք «Նոր Հայաստանի» հետ: Ինքը տալիս է այդ հնարավորությունը հայ ժողովրդին, եթե հայ ժողովուրդն այդ մարտահրավերի պատասխանը չտա, մենք իսկապես խավարի մեջ պիտի մնանք:

Թող հայ ժողովրդին Սերժ Սարգսյանը չվախեցնի պատերազմի վտանգով, որովհետև մենք այն ուժն ենք , որ՝ հանդիպելով տարբեր դեսպաններին, իրենց աչքերի մեջ նայելով՝ ասացինք, որ նրանց հետ խաղ չենք խաղալու, իրենց հարգում ենք, թող իրենք էլ մեր ժողովրդին հարգեն: Արցախի հարցում ներկայացրինք մեր տեսակետները: Ասացինք՝ ձեզ հարգում ենք, համագործակցելու ենք՝ երկրկրողմանի հարաբերությունններում, բայց հայ մարդուն վերից վար մի նայեք, ոնց որ տարիներ շարունակ անում են»,- ասաց նա: Հովհաննիսյանը նշեց, որ թեև դատապարտել է, բայց նաև հարգել է Հայաստանի 3 նախագահների շրջահայաց քաղաքականությունը և համարել նորմալ:

«Պետք չէ ստորագրել դավաճանական արձանագրություն, այլ՝ օգտագործել այդ երկկողմանի հարաբերությունը՝ մեր հարցերը դիվանագիտորեն լուծելու համար: Թուրքիան է, որ առաջինը խախտել է այդ բանաձևը՝ նախապայմաններ դնելեով մեր հարաբարեություններում: Ինքն է, որ Հայաստանին ասում է օկուպանտ ու ուղղորդում է Ադրբեջանին : Այս ճակատում ևս ինքը պատերազմով է վախեցնում մեզ ու միջազգային հանրությանը: Պատերազմը կլինի այն դեպքում, որ այս իշխանությունը շարունակի ղեկավարել, որովհետև միայն թույլն իրեն խոցելի կդարձնի…Ադրբեջանը հիմա պատերազմի մեջ է մեզ հետ: Եթե ունենա հնարավորություն, պատերազմական համապարփակ գործողություններ կբացի Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի դեմ, այնպես որ, վախենալու կարիք չկա միջազգային հանրությունից, եթե ունես ժողովրդի վստահությունը՝ ասելու, որ սա մերն է:

Մեր ժողովուրդը, եթե ուզում է խաղաղություն, պիտի հեռացնի ոչ միայն Սերժին, այլ նաև՝ հանցագործ կուսակցականներին, մարզպետներին, շտաբի պետերին ու մնացածին, ովքեր գողանում են ընտրություններ, խախտումներ են անում, հետո վախեցնում են պատերազմով»,-ասաց նա: «Երրորդ, ասում է՝ սրանք, որ իշխանության գան, պիտի իջեցնեն հարկերը և բարձրացնեն աշխատավարձերը, ո՞նց կարող ենք միայն բյուջեով ապրել: Հիմա հերթական խոստովանությունը, որ այս իշխանությունը կեղծ է, կառավարությանը ենթակա և սնանկ: Այո, հարկերը պիտի իջնեն, որովհետև հարկային դաշտը պիտի ընդարձակվի, որովհետև բոլորս մեր հարկերը պիտի վճարենք, ոչ մի ստվերային բյուջե չպիտի լինի: Այո, ճիշտ հասկացաք մեզ, իջեցնում ենք հարկերը, բարձրացնում ենք աշխատավարձերը՝ հարկային դաշտի ընդարձակման հաշվին: Բոլորը պետք է վճարեն օրենքի պարտադրածը: Իրենք վճարելու են՝ մի մասը՝ բանտում, մի մասը՝ տնից, եթե համաներվեն: Ամեն ինչ լինելու է նոր Հայաստանի անկախ դատավճիռով»,-նշեց նա:

Նաև ասաց, որ իրեն դեկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 11-ին կարելի է հանդիպել Նորք -Մարաշի թիվ 10/6 ընտրատեղամասում, որը գտնվում է 157 դպրոցում: «Ես կներկայանամ, իմ ստորագրությունը կդնեմ իմ անվան կողքին, կմտնեմ ընտրախցիկ և պատռած վիճակով՝ իմ ակտիվ մերժումն ընդգծելու համար, կդնեմ այդ պատռված ծրարը ընտրատուփի մեջ: Ես այդպես եմ որոշել: Մենք պիտի ունենանք մեզ պատկանող իշխանություն, որը ձևավորվում է Ազատության հրապարակում: Դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ից հավաքվելու ենք այստեղ, և եթե պայքարելու ենք ինչքան պետք է՝ հաջորդ օրը ճամփա է ընկնում Սարգսյանն ու իր վարչակարգը: Դեկտեմբերի 7-ը ոչ միայն երկրաշարժի հիշատակման օր է լինելու, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության կառուցման օր»:

 

Տեսանյութեր

Լրահոս