
«Մեզ համար կարևոր հարցերից մեկը Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելն է». Դավութօղլու

Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք իրականացնում են չափազանց կարևոր համատեղ էներգետիկ նախագծեր, միավորում են դրանով Եվրոպան ու Ասիան, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարելիք այցից առաջ, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով TRT Haber-ին:
Նրա խոսքով՝ ամենակարևոր նախագծերից մեկը Տրանսանատոլիական խողովակաշարն է (TANAP), որը թույլ կտա ավելացնել ադրբեջանական գազի մատակարարումը դեպի Թուրքիա ու Եվրոպա:
«Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում ամեն օր զարգանում են: Թուրքիան հետագայում ևս կզարգացնի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ ու դա ոչ մի կերպ կապված չէ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություննում առաջացած ճգնաժամի հետ»,- ասել է Դավութօղլուն:
«Մեզ համար կարևոր հարցերից մեկը Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելն է»,- հայտարարել է Դավութօղուն:
Հիշեցնենք, որ TANAP-ը նախատեսում է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները: TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականին:
Հավելենք, որ Թուրքիայի վարչապետն Ադրբեջան կայցելի այսօր: Դավութօղլուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Թուրքիայի վարչապետի այցն Ադրբեջան կավարտվի դեկտեմբերի 4-ին: