«Ես չգիտեմ` դուք ի՞նչ եք, որ ամեն անգամ գնում ու մասնակցում եք էդ կրկեսին, բայց ես մայմուն չեմ…»
Մինչ Սահմանադրության հանրաքվեն հաշված օրեր են մնացել, Հայաստանի ներքաղաքական դաշտում զարգացումները նոր ընթացք են ստանում։ Ազատության հրապարակում Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա նստացույց է անում, որի ֆոնին հանրահավաքի առաջնորդները զբաղված են ոչ միայն վարդերի պսակներ թողնելով իշխանական և կառավարական այս կամ այն կառույցի մատույցներում, այլև հանդես գալով անսպասելի հայտարարություններով։
Այսպես, օրինակ, բոլորովին վերջերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթական հանրային ելույթներից մեկում հայտարարել էր այն մասին, որ ինքը նախատեսվող սահմանադրական հանրաքվեի օրը կլինի հրապարակի վրա, իսկ ընտրատեղամաս այցելության դեպքում պատրաստվում է այնտեղ պատռել ծրարը, որովհետև գտնում է, որ դա Հայաստանի Հանրապետությանը հարիր փաստաթուղթ չէ։ Այս, ընթացիկ հանրահավաքի, ինչպես նաև առաջիկա Սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի մասին 168.am-ը զրուցեց թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ։
– Ինչպե՞ս եք վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին և հանրաքվեին։
– Ես ո՛չ հին Սահմանադրությունից եմ խաբար, ո՛չ նորից, բայց մի բան կա, որի հետ համաձայն չեմ` եթե հին Սահմանադրության բոլոր կետերը կատարված, իրեն սպառած լինեին, դեռ մի տեղ կասեի` հա էլի՜, մաշվել ա մեր հին Սահմանադրությունը, մեզ նորն է պետք, բայց նորս որն ա՞գ սա մեյմունություն է, ուրիշ ոչինչ։ Հիմա շատերը ասում են` էս նոր Սահմանադրությունը նրա համար է, որ Սերժ Սարգսյանը պահի իր իշխանությունը, ասում են` իբր նոր Սահմանադրությունն ավելի մարդակենտրոն է, իսկ ի՞նչ է` հինը մարդախուսափողակա՞ն էր։ Մի խոսքով` ես ընտրության չեմ գնալու, որովհետև իմ կյանքում երբեք ոչ մի ընտրության չեմ գնացել։
– Ինչպե՞ս… Երբե՞ք, ոչ մի անգամ` ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական ընտրությունների, ո՛չ սահմանադրական հանրաքվեների չեք գնացել։
– Ոչ, երբեք, միայն մեկ անգամ մորս եմ ուղեկցել, որովհետև ինքը շատ խնդրեց, որ ես իրեն տանեմ։ Ինքն էր ուզում քվեարկեր, որովհետև չափազանց ազնիվ կին էր ու կարծում էր, թե իր ընտրությունով ինչ-որ բան էր փոխելու։ Ես էլ վերցրեցի իմ քվեաթերթիկն ու առանց որևէ նշում անելու` գցեցի քվեատուփի մեջ։ Սա է եղել իմ առաջին ու վերջին անգամ ընտրությունների գնալը։
– Բայց ինչո՞ւ։
– Ես հո մեյմուն չե՞մ։ Մի անգամ առիթ եղավ, մեկին ասեցի` ես չգիտեմ` դուք ի՞նչ եք, որ ամեն անգամ գնում ու մասնակցում եք էդ կրկեսին, բայց ես մայմուն չեմ, որովհետև ես գիտեմ, որ ամեն ինչ նախապես որոշված է։
– Վստահություն չունե՞ք։
– … և ոչ միայն ես վստահություն չունեմ իշխանությունների հանդեպ։
– Իշխանավորներն էլ քաղաքացիներից են բողոքում, որ չեն հավատում իրենց։
– Դե՛, թող այնպես անեն, որ ժողովուրդն իրենց հավատա, իսկ ինչպե՞ս հավատա, երբ տրանսպորտի համար նախատեսված 100 դրամն ուզում էին դարձնել 150, երբ կուտակայիններից անհասկանալի պահումներ էին ուզում անել, երբ հոսանքի գինը բարձրացրեցին, երբ ամբողջ աշխարհում բենզինի գները նվազում են, իսկ մեզ մոտ, հերիք չէ, չեն նվազում, նույնիսկ բարձրացվում են… ո՞նց հավատանք իրենց, հարց եմ տալիս։
– Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» շարժման կողմից նախաձեռնված հանրահավաքի մասին ի՞նչ եք մտածում։
– Էս ընդդիմություն կոչվածները ինձ վստահություն չեն ներշնչում, որովհետև ես գիտեմ` հիմա էլ դրանք են ուզում նստեն մի քիչ փող աշխատեն, ու ի՞նչ… Գիտե՞ս, ես մի քիչ փիս մարդ եմ, ու էն էլ ասեմ, որ երբեք հանրահավաքների չեմ մասնակցել, դեռ 88-ից չէի մասնակցում։ Ես չեմ սիրում ամբոխ։ Որտեղ շատ մարդ կա, ես այնտեղ չկամ։ Ռուսը մի հատ խոսք ունի` «стадное чувство», ես ինչի՞ պետք է գնամ դրա հետևից։ Ես իմ տեսակետն ունեմ ու պայքարի իմ ձևերը։ Հիմա սա կարդացողները կասեն` մտավորականներն իրենց հեռու են պահում… Ես իմ գործի մեջ եմ բողոքս արտահայտում` իմ բեմադրած ներկայացումներում։
Դա է իմ գործը։ Երբ ես բեմադրում եմ «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումը, ես դրանով ծաղրում եմ բոլոր աթոռապաշտներին, և այլն։ Մի անգամ, երբ ես դեռ «Ընկեր Փանջունին» էի նկարում, իմ ընկեր Արման Մանարյանն ինձ համոզեց, տարավ Ազատության հրապարակ, էն թունդ միտինգների ժամանակն էր։
Կանգնած նայում եմ` արյուն լցված աչքեր, կատաղած մարդիկ, որ գոռում էին` Ղարաբաղը մե՛րն է, Ղարաբաղը մե՛րն է…: Ես կողքից կանգնած նայում էի` մեկ էլ սրանք լռեցին, և գոռացի` Զանգեզուրը չե՛նք տա…
Սրանք շուռ եկան, նայեցին ինձ, ասին` ի՞նչ ասիր, արա՛, ու հեն ա-հեն ա` արդեն հարձակվելու էին վրաս, Արմանն ասաց` կատակ է անում, սրանք էլ թե` թող գնա իրա տանը կատակ անիգ Էս խեղճ Արմանն ասաց` արի գնանք էստեղից, դու շառ ես… Ասածս ո՞րն է` ամենալուրջ բանի մեջ էլ հումոր կա, որը հենց կորցնում ես` դառնում ես վայրենի։ Այ. հիմա էն ԻՊ-ը որ կա, դրանք անհումոր մարդկանց խմբավորում են, դրա համար էլ այդ կարգի վայրենի են` խեղդում են, մորթում մարդկանց, ոչնչացնում քաղաքակրթություններ, և այլն։
– Իհարկե, հասկանում եմ, և դա Ձեր դիտարկումն է, Ձեր տեսակետը, որը, իհարկե, նաև շատ հետաքրքիր է, բայց չէ՞ որ հենց այդ տարիներին ու այդ հանրահավաքների արդյունքում էր, որ մենք ձեռք բերեցինք մեզ համար շատ կարևոր Անկախությունը։
– Ի՞նչը…
– Անկախությունը…
– Նորից ասա` ի՞նչը…
– Դե լավ` դե յուրե Անկախությունը։
– Բալիկ ջան, մենք երբեք անկախ չենք եղել, ու ոչ թե` որովհետև մենք ենք մեղավոր, որ չենք ունեցել, այլ` որովհետև մենք շատ փոքր ենք, որ անկախություն ունենան։ Գիտե՞ս էն անեկդոտը, որ տաքսու վարորդն ասում է` անկախ Հայաստանի կախված քաղաքացի, նե՛րս անցի։ Ես միշտ իրատես եմ, ոչ լավատես եմ, ոչ վատատես եմ ու հասկանում եմ, որ մենք չորս կողմից թշնամիներով շրջապատված երկիր ենք։
Միայն Հարավում` Պարսկաստանի կողմից ինչ-որ տեսակի աջակցություն ունենք։ Էն վերևի դեկորատիվ ազգից էլ ես սպասելիքներ չունեմ, ինձ համար վրացիք էլ պոտենցիալ թշնամիներ են։ Հիմա մտածում եմ` էս գեոպոլիկ աշխարհագրական դիրքով մենք արդյոք կարո՞ղ էինք ավելին ունենալ կամ անել, կամ` էս երկրի ղեկավարությունն արդյո՞ք կարող էր անել ավելին, քան անում է, և հատկապես հենց հիմա, երբ մենք կանգնած ենք, իմ կարծիքով, երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, իսկ Հայաստանն այս առումով խիստ վտանգավոր իրավիճակում է հայտնվել։
Էն, որ առավոտից իրիկուն հրճվանքով ու հպարտությամբ ասում են, թե` ռուսը բերում ա զորքը լցնի մեր սահմանին, որ մեզ պաշտպանի… Իսկ էդ ո՞ւմ կարճ խելքով է անցնում, որ իր զորքով ռուսը պատրաստվում է մեզ պաշտպանի… Նա, իհարկե, իրեն է պաշտպանում, իսկ Հայաստանն իր համար ընդամենը բուֆերային գոտի է։
Հիմա Աստված չանի, ու ռուս-թուրքական պատերազմ սկսվի` Հայաստանի հերն են անիծելու թուրքերը։ Մի հատ հարված Ատոմակայանին, ու վերջ` մենք ջնջվում ենք քարտեզի վրայից։ Հիմի էս նեղ մաջալին դրել Սահմանադրություն են քննարկում, եսիմ ինչ մեյմունություններ են անում։ Այ մարդ, էս պետության ամբողջ ուշադրությունը հիմա պետք է բևեռել երկրի անվտանգության վրա, ի՞նչ Սահմանադրություն։ Էդ նույնն է, որ ես տունս վերանորոգեմ, բայց առանց կտուր կապելու, պլինտուսների գույնի մասին մտածեմ։ Ա՛յ, պլինտուսի մակարդակի բաներ են անում։
– Րաֆֆի Հովհաննիսյանը իր հերթական ելույթներից մեկում վերջերս բառացի հայտարարել էր հետևյալը. «Ինձ կտեսնեք կա՛մ հրապարակի վրա, կա՛մ հենց ընտրատեղամասում` ճղելով ծրարը, որովհետև չեմ համարում, որ սա Հայաստանի Հանրապետությանը հարիր փաստաթուղթ է…»։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է նա նման հայտարարություններով հանդես գալիս։
– Է, թող պատռի, ո՞ւմ է վախացնում, հետո՞ ինչ։ Մի հատ փիս թատրոնի տեսակ կա, է՞` ինքնագործունեության թատրոնը, ա՛յ էդ է ինձ հիշեցնում այդ հայտարարությունը, ուրիշ ոչինչ։ Նորից եմ կրկնում` մեր երկիրը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած հիմա` պաշտպանության խնդիր ունենք լուծելու, սոցիալական խնդիրների բեռի տակ էս ժողովուրդը չգիտի` էլ ինչ անի… Եվ վերջինը, որ ուզում եմ ասել, հանճարեղ Կոնֆուցիոսի խոսքերն են. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, և անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»։ Սրանով ամեն ինչ ասված է։