«Արծվիկ ջան, կներես, դո՞ւ ես գալու իշխանության». Արամ Գ. Սարգսյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Իսկապես խնդիր կա, սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները բավարար չեն, ու դա բոլորիս խնդիրն է, ոչ միայն նախաձեռնող ուժի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իրենք իրենց հնարավորության սահմաններում փորձում են լուսաբանել սահմանադրական բարեփոխումների դրույթները. «Բայց թե բավարար չէ, ապա դրանում բոլորս ենք մեղավոր, ոչ միայն նախաձեռնողը»:

Անդրադառնալով նոր Սահմանադրության ընդդիմախոսների այն հայտարարություններին, որ իրենք միայն կարող են դեմ լինել նրա համար, որ գործող նախագահն ու իշխող ուժն է նախաձեռնում այս բարեփոխումները, ու վստահություն չկա նրանց ու նրանց նախաձեռնության նկատմամբ՝ ՀՅԴ պատգամավորը նկատեց, որ գործող Սահմանադրության շրջանակներում ոչ ոք իրավունք չունի նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները՝ բացի նախագահից:

Ա. Մինասյանը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունները քաղաքական ընդդիմությանը մեծ դերակատարում են տալիս, որի շնորհիվ՝ ունենալու ենք ոչ միայն՝ պատասխանատու իշխանություն, այլև՝ պատասխանատու ընդդիմություն:

«Սա իրականում մեր հասարակության, փոքր ուժերի, որոնք ուզում են իշխանափոխություն անեն, հաջողությունը պետք է համարել: Առանց դեմ քվեարկելու էլ իշխանությունը գիտի, որ հասարակության ճնշող մեծամասնությունը չի ընդունում իրենց քաղաքականությունը, որովհետև հասրակությունը ինքն է աղքատացման մեջ, օտարված, ինքն է արտագաղթում, ու այդ բոլորի պատճառները թաքնված են պետության անարդյունավետ կառավարման մեջ: Նրանք, ովքեր ասում ենք իշխանություններին՝ դուք փոխվեք, փոփոխման իրական մեխանիզմը սա է, երկրորդը՝ Մարտի 1-ն է: Հիմա, մենք ուզո՞ւմ ենք նոր մարտի 1-եր, թե՞ ուզում ենք խաղաղ, հանգիստ պայմաններով, սահմանադրական կարգով իշխանափոխություն»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավորը:

Ասուլիսի մեկ այլ բանախոս էլ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն էլ նշեց, որ իրենք փորձ ունեն ու գիտեն, որ այս իշխանությունները չունեն «շատ իդեալիստական մոտեցումներ, որ ամբողջը փոխեն ու օլիգարխներից հրաժարվեն, այս թալանից հրաժարվեն, և այլն». «Իրենք պետք է մնան այս քաղաքական դաշտում նաև սրա միջոցով, դրա համար մենք ասում ենք՝ բավական է, մենք այլ տարբերակ ունենք, ու դա Մարտի 1-ը չէ: Եկեք մարդկանց չահաբեկենք, սա քաղաքական պայքար է, ու քաղաքական պայքարն ունի իր ձևերը, ու եթե մենք դրանից հրաժարվում ենք ու ասում ենք՝ միայն Սահմանադրությամբ կարող են անել, մենք տեսել ենք, որ երկու օր հետո այդ Սահմանադրության մասին մոռանալու են, որովհետև ոչ մի անգամ սահմանադրական նորմերով չեն կառավարել այս երկիրը»:

Ա. Սարգսյանի խոսքով՝ այս նոր Սահմանադրության նախագծում հստակ գրված է, որ պետությունն ընդամենը խթանում է, ոչ թե երաշխավորում. «Եթե մենք գնում ենք նորացված մի գաղափարախոսության, պետք է հստակ ամրագրված լինի, թե պետությունն ինչ պարտավորություն է իր վրա վերցնում, ինքը չի կարող լինել ընդամենը խթանողը»:

Ա. Մինասյանն էլ պարզաբանեց, որ ի տարբերություն գործող Սահմանադրության, այս նախագիծն առաջարկում է, որ կառավարությունը Սահմանադրության 156 հոդվածով նախատեսված զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ. «Սա հիմք է, որ կառավարությանը և յուրաքանչյուր առանձին վերցրած նախարարի անվստահություն հայտնեն: Ընդ որում, այս առաջարկությունը կարող է անել ոչ թե մեծամասնությունը, այլ հենց փոքրամասնությունը»:

«Արծվիկ ջան, կներես, դո՞ւ ես գալու իշխանության,- ընդհատելով ՀՅԴ պատգամավորին՝ ասաց Ա. Սարգսյանը,- սա անձերի և գաղափարների հետ է կապված, դու համոզված սենց բաներ ես ասում, հլը մի հատ Հանրապետական կուսակցության օլիգարխներից մեկին ասա, որ այս ամենն ինքն ասի, կասի՞»:

Ի պատասխան՝ Ա. Մինասյանն ասաց, որ օլիգարխների դեմ հակամենաշնորհային պայքարն ուղիղ ամրագրված է հանրաքվեի դրված Սահմանադրության մեջ, և անկախ նրանից, թե իշխանության մեջ ով կլինի՝ պարտավոր է իրագործել. «Այսօր օլիգարխը չի գալիս, չէ՞, Ազգային ժողով: Նոր Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանն է պարտավոր այդ պատգամավորին մանդատից զրկել, ոչ թե քաղաքական մեծամասնությունը, ինչպես այսօր: Թող ձեզ չթվա, որ իշխանությունը վերից վար ուզում է, որ այս սահմանադրական փոփոխություններն անցնեն: Մի մասը չեն ուզում սա անցնի, որովհետև իրենց այսօրվա վիճակը ձեռք է տալիս»:

 

Տեսանյութեր

Լրահոս