Բաժիններ՝

«Մենք չէինք ուզում զվարճացնել և զվարճանք անցկացնելու միտում բնավ չունեինք». Ինգա և Անուշ Արշակյաններ

Օրեր առաջ «Նարեկացի Արվեստի միության» ցուցասրահում կայացած «Հայ երգի վառ գույները» խորագիրը կրող միջոցառամանը ներկա երեխաների աչքերը լի էին ինքնաճանաչման յուրօրինակ հմայքով, որի «մեղավորն» էր Ինգա և Անուշ Արշակյան քույրերի մատուցած երաժշտական դասընթացը:

Ինգա և Անուշ Արշակյաններին առաջին անգամ հանդիպելով ուսուցչի կարգավիճակում, հետևելով, թե ինչպես են նրանք տառ առ տառ, նոտա առ նոտա երեխաների համար բացահայտում կոմիտասյան երաժշտությունն ու հմայում ազգագրական երգարվեստով, հասկանալի էր դառնում, որ այդ երկու քույրերը շա՜տ ավելին են, քան մենք նրանց մինչ օրս ճանաչում էինք:

Եվ մինչ Արշակյանները զրուցում էին երեխաների հետ, մենք խոսեցինք «Նարեկացի Արվեստի միության» միջոցառումների համակարգող Լիլիթ Վարդումյանի հետ «Արվեստանոց» ծրագրի մասին, որի շրջանակում և կազմակերպվել էր երգչուհիների հանդիպումը երեխաների հետ:

inga-Anush (4) inga-Anush (1) inga-Anush (2) inga-Anush (3)

Կարդացեք նաև

««Արվեստանոց» ծրագիրը երեխաներին նվիրված մեր ուսուցողական նախագծերից մեկն է: «Արվեստանոցը» մեկնարկել է տարեսկզբին: Մենք կազմակերպել ենք արդեն 6 «Արվեստանոց», որոնց մասնակցել են տարբեր արվեստագետներ՝ ներկայացնելով արվեստի տարբեր ոլորտները՝ երաժշտություն, գրականություն, տիկնիկագործություն… Առաջինը մեկնարկել է Էմանուել Հովհաննիսյանը և ներկայացրել է «Դուդուկի կախարդական մեղեդին»: Մեզ հյուրընկալել է նաև Տիգրան Համասյանը և երեխաներին է ներկայացրել «Դաշնամուրի հայկական հնչյունները», մանկագիր Մարիետա Սահակյանը երեխաներին սովորեցրել է, թե ինչպես է ծնվում հեքիաթը, տիկնիկագործ Աղասի Մելքոնյանը երեխաներին ներկայացրել է, թե ինչպես են պատրաստվում տիկնիկներն ու կենդանություն առնում մարդկանց ձեռքերում:

Եղել ենք նաև Բյուրականում, որտեղ «Տոնացույց» ժողովրդական թատրոնը երեխաներին ներկայացրել է հենց երեխաների կողմից սիրված ամենահին ավանդական տոներից մեկը՝ «Վարդավառը»՝ ներկայացնելով ամբողջ ծիսակարգը:Եվ տևական դադարից հետո մենք վերսկսում ենք «Արվեստանոց» նախագիծն ու այս անգամ հյուրընկալել ենք Անուշ և Ինգա Արշակյաններին, ովքեր ներկայացնում են «Հայ երգի վառ գույները»: «Արվեստանոց» ծրագիրը միտված է զարգացնելու երեխաների էսթետիկական ճաշակը: Անմիջական, մեկ ձեռքի հեռավորությամբ շփումն արվեստագետի հետ լավագույն տարբերակն է, որպեսզի երեխաներն իրենց հետ տանեն այն գեղեցիկը, դրականը, լուսեղենը, որ տրվում է նրանց այստեղ»,- ասաց Լիլիթը:

inga-Anush (8) inga-Anush (7) inga-Anush (6) inga-Anush (10)

«Ձեզանից ամեն մեկը և բոլորդ միասին արարչագործության պսակներ եք:

Ես Ձեզ բոլորիդ մաղթում եմ, որ այսուհետ լինեք զվարթների պես ուրախ, մտքներդ և սրտներդ արթուն»,- երաժշտական դասի ավարտին, իր խոսքի վերջում երեխաներին մաղթեց Անուշ Արշակյանը:

Հանդիպման ավարտին մենք զրուցեցինք Արշակյան քույրերի հետ

 – Որքանո՞վ եք կարևորում նմանատիպ հանդիպումները:

Անուշ- Մատաղ սերնդի համար շատ կարևոր է հաղորդակից լինել մեր մշակութային գանձերին: Այս տարիքում է, որ իրական արժեքները կարելի է սերմանել երեխայի հոգում:

Ինգա– Ինձ համար մշակույթը ներաշխարհի ձևավորման կարևորագույն մասնիկներից մեկն է: Չափազանց կարևորում եմ նման հանդիպումները: Թե որքանո՞վ մենք կարողացանք հաղորդակից և հասանելի լինել և փոխանցել այն, ինչով մենք ենք ապրում, չգիտեմ… Հուսամ, որ ստացվեց:

inga-Anush (12) inga-Anush (13)

– Կոմիտասի երաժշտության մատուցման այս ձևաչափը որքանո՞վ է «մատչելի» և հասկանալի երեխաներին: Միգուցե մեր հայկական բարդո՛ւյթն էր պատճառը, սակայն երեխաները մեծամասամբ լռում էին և ավելի շատ լսողի դերում էին: Չե՞ք կարծում, որ նրանց համար իրապես բարդ էր այս ամենն ընկալելը:

Անուշ- Տարբեր լսարանի առջև եմ ելույթ ունեցել, այս լսարանը տարբերվում էր նրանով, որ երեխաները մտածում, ընկալում էին: Մենք չէինք ուզում զվարճացնել և զվարճանք անցկացնելու միտում բնավ չունեինք, այլապես կընտրեինք բոլորովին այլ երգացանկ: Այս հանդիպումը երեխաների համար սկիզբ է՝ հետագա մտավոր աշխատանքների, մտորումների: Այդ սերմը շատ կարևոր է երեխայի համար: Ես այս երեխաների տարիքում եմ սիրահարվել կոմիտասյան երաժշտությանը:

Ինգա- Նման մտահղացումները, միջոցառումները դրդում են երեխաներին հետաքրքրվել հոգևոր, ազգագրական մաքրամաքուր երաժշտությամբ: Հնարավոր է, որ այս երեխաները հետագայում ոչ մի կապ չունենան երաժշտության հետ, հնարավոր է՝ անգամ չապրեն Հայաստանում, բայց իրենց մշակույթի հետ շփվելով և իրենց մշակույթը ճանաչելով, այսուհետ, ուր էլ լինեն, կիմանան իրենց իրական տան տեղն ու նշանակությունը՝ մշակույթով:

– Երբ «Նարեկացի Արվեստի միության» կողմից առաջարկ ստացաք անցկացնելու այս միջոցառումը, ինչպիսի՞ն էր առաջին արձագանքը:

inga-Anush (11)

Ինգա– Միանգամից ասեմ, որ հիմնականում Անուշն է նախապատրաստել ամբողջ ծրագիրը: Շատ ոգևորված ասաց ինձ, որ նման նախագծին մասնակցելու առաջարկ ենք ստացել: Մեր ասպարեզում բեմից երգում ենք շատ տարբեր երգեր, բայց նման հոգևոր երաժշտություն, որով այսօր ճանաչեց մեզ հանդիսատեսը, գրեթե հնարավորություն չի լինում երգելու: Նման նախաձեռնությունը մեզ հնարավորություն ընձեռեց՝ փոխանցելու և ցույց տալու, թե որտեղից է գալիս մեր երաժշտությունը:

Հ.Գ. Ի դեպ, Ինգան շուտով իր սիրելի քրոջը՝ Անուշին, մորաքրոջ կարգավիճակ է շնորհելու: Այնպես որ, դաս-համերգին ոչ միայն՝ քույրերն էին, այլև՝ Ինգայի սրտի տակ գտնվող փոքրիկը:

 Լուսանկարները ՝«Նարեկացի Արվեստի միության»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս