Թուրքիայում կալանավորվել են ԴԱԻՇ-ին Թուրքիայի կողմից զենք մատակարարելու մասին հայտնած լրագրողները. ԶԼՄ-ներ
2 լրագրողներ, ովքեր հայտնել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք մատակարարելու մասին, կալանավորվել են լրտեսության մեղադրանքով, հայտնում է Hurriyet-ը:
Սիրիայում մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու մասին նյութը մայիսին հրապարակվել էր ընդդիմադիր Cumhuriyet պարբերականում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակումից անմիջապես հետո դիմել էր դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել թերթի ու գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ: Նախօրեին, բացի Դյունդարից, կալանավորվել է նաև Անկարայում թերթի բաժնի վարիչ Էրդեմ Գյուլը:
«Մենք մեղադրվում ենք լրտեսության մեջ: Նախագահն ասել է, որ դա պետական դավաճանություն է»,- ասել է Դյունդարը՝ մինչ դատարանի առաջ ելույթ ունենալը:
Դեպքը, որի մասին հայտնել էին լրագրողները, տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014թ. հունվարին, երբ զինծառայողները խուզարկել էին թուրք-սիրական սահման ուղևորվող Թուրքիայի ազգային հետախուզությանը պատկանող բեռնատարները:
Թուրքական իշխանությունների տվյալով՝ բեռնատարները տեղափոխել են «լոգիստիկական ու մարդասիրական օգնություն» սիրիացի թուրքմեններին, սակայն ԶԼՄ-ները հայտնել էին մեքենաներում գտնվող զենքի մասին, որը նախատեսված էր ԴԱԻՇ-ի համար: