Ամերիկյան վերլուծաբան. Պուտինը հաշվի չէր առել, որ պատերազմն անկանխատեսելի է

Ռուսաստանը Թուրքիայի վրա ազդելու լուրջ լծակներ ունի՝ ոչնչացված օդանավի պատասխանը տալու դիմաց, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը պատմել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը.

«Թուրքիան իր բնական գազի 65-70 տոկոսը ստանում է Ռուսաստանից, սա մի լծակ է, որը կարող է կիրառվել անմիջապես»:

Դրանից բացի, Բլանքի խոսքով, գոյություն ունի Թուրքիայի տարածքով Եվրոպա ռուսական բնական գազ տեղափոխելու նախագիծը, որը կարող է վերանայվել, իսկ Թուրքիայի զինվորականները կարող են խնդիրներ ունենալ Սիրիայի տարածքում եւ սեւծովյան տարածաշրջանում.

«Չեմ կարծում, որ այս միջադեպը փոխի խաղի կանոնները, սակայն սա ռուս-թուրքական հարաբերությունների շարունակական վատթարացման եւս մի նշան է»:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանի կամ Հարավային Կովկասի այլ երկրների համար այս միջադեպը ուղղակի բացասական հետեւանքներ չի ունենա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջադեպը բացասական հետեւանքներ կթողնի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր կողմից կոչ է արել կողմերին խուսափել իրավիճակի սրումից.

«Կարծում եմ, այժմ մեզ համար շատ կարեւոր է համոզված լինել, որ երկուսն էլ, թե՛ ռուսները եւ թե՛ թուրքերը միմյանց հետ կապ են պահպանում, որպեսզի բացահայտեն, թե հստակ ինչ է տեղի ունեցել եւ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի բացառեն իրավիճակի սրումը»:

Օբամայի խոսքով, նման իրավիճակներից խուսափելու համար Ռուսաստանին անհրաժեշտ կլիներ միանալ լայն հակաահաբեկչական դաշինքին եւ աջակցել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը քաղաքական ճանապարհով: Իրավիճակի սրումից խուսափելու կոչ են հղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, տեղի ունեցածը պաշտոնական Մոսկվայի սխալ հաշվարկի արդյունքի հետեւանքն է, քանի որ Վլադիմիր Պուտինը հաշվի չէր առել, որ պատերազմն ունի սեփական օրենքները. այն անկանխատեսելի է:

Տեսանյութեր

Լրահոս