
Երբ բացականչում են՝ «Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի»` ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգեւորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը: Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսեւորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի` հենց սա՛ է:
Խնդիրները որպես պետություն եւ որպես անհատ քեզնից դուրս տեսնելու եւ դրսից փրկիչներ սպասելու հետ մեկտեղ մենք նաեւ ինչ-որ անիմաստ, կասեի նույնիսկ` անմեղսունակ պատրանքների մեջ ենք, թե կան ինչ-որ «լավ» ազգեր կամ պետություններ, որոնք «հայանպաստ» քաղաքականություն են վարում (կամ պիտի վարեն), եւ կան «վատերը», որոնց ուշքն ու միտքը մեզ վնասելն է: Իրականում համաշխարհային քաղաքականության մեջ չկա «լավը» եւ «վատը», չկա հավատարմություն եւ դավաճանություն, չկա «նվիրվելն» ու «ծախելը»:
Պետությունների գործողությունները նման «բարոյական» գնահատականներից դուրս են: Նրանք գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած հանգամանքները, այդ թվում` այլ ազգերին եւ պետություններին, հնարավորության դեպքում օգտագործում են` իրենց շահերն առաջ տանելու համար: Եթե մենք ուզում ենք մեկի կողմից «օգտագործված» լինենք եւ հույս ունենք, որ որպես «շնորհակալություն» այդ մեկը մեզ «լավություն» կանի, ապա, մեղմ ասած, միամիտ ենք: Առավել եւս` չպիտի խնդիր ունենանք որեւէ մի պետությանը բացատրելու իր շահերը` պատկերացրեք, այդ պետությունների ղեկավարները դրանք շատ լավ գիտեն առանց մեզ: Թվում էր, թե 2015 թվականին Զորի Բալայանի մտածողությունը պետք է դիտվի որպես իր դարը վաղուց արդեն ապրած ռուդիեմենտ: Բայց արի եւ տես…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: