Բաժիններ՝

«Արարատբանկը» հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին

«Արարատբանկը» հերթական անգամ պարտատոմս է թողարկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով «Արարատբանկ»-ի արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին:

«Մենք շարունակում ենք խորանալ այս շուկայում և նոր առաջարկներով հանդես գալ»,- ասաց Դ. Հարությունյանը՝ հայտնելով, որ  հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը, այս անգամ ևս առաջարկում են դոլարային պարտատոմսեր: Նշենք, որ 2015 թվականին բանկի կողմից թողարկված  պարտատոմսերով կատարվել են շուրջ 118 գործարք՝ 704 միլիոն դրամ ծավալով:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ թողարկվել է 80 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով: Նա նշեց նաև, որ պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

«Քանի որ շուկայում մեծ պահանաջարկ կա, մեկ շաբաթը բավարար է այդ պարտատոմսերը վաճառելու համար, սակայն նախկինում մի քանի շաբաթ էինք նախատեսում դրա համար»,- նկատեց Դ. Հարությունյանը:

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ պարտատոմսերը թողարկվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային  բորսայում և գնանշվելու են market-maker-ների  միջոցով: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ:

«2011 թվականից սկսած մենք անընդհատ կայուն աճ ենք ունեցել, որը խոսում է մի քանի բանի մասին. առաջին, որ ներդրողների մոտ այս գործիքը դարձել է առավել հայտնի, երկրորդ՝ այն աշխատանքը, որ իրականացվում է քաղաքացիների հետ, ի վերջո, տալիս է իր դրական արդունքները»,- նշեց բանկի գործադիր տնօրենի տեղակալը:

Հարցին՝ արտերկրում ինչ-որ նախագծեր ունե՞ք, որոնց լինելու մասին տարվա սկզբում խոսում էիք, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Նախագծեր ունենք, մեզ մոտ պատրաստի վիճակում է, բայց շատ բան կախված է թե՛ մեր երկրի տնտեսությունից, թե՛ դրսում ֆինանսական շուկաների պատրաստվածությունից: Ներդրողները միշտ ցանկանում են տեսնել բարձր եկամտաբերություն, կայունություն, ակտիվ առևտուր և բարձր իրացվելիություն: Այսօվա դրությամբ, երբ նայում ենք դրսի շուկաներին, տեսնում ենք, որ պայմանների առումով դա այնքան էլ գրավիչ չէ, բայց ընդհանուր առմամբ՝ դա մեր օրակարգում է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս