Բնական դեղամիջոց՝ հարբուխի դեմ
Ձմռանը հարբուխն ու մրսածությունը սովորական երևույթներ են: Եթե զգում եք, որ ուր որ է հիվանդանալու եք, ապա արագ պատրաստեք այդ համեղ և օգտակար թեյը: Ի դեպ, այս թեյը կարող եք խմել նաև առողջ ժամանակ. այն կլավացնի ձեր իմունային համակարգը: Թեյի բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչները՝ կոճապղպեղը, դարչինը, մեղրն ու հապալասը, հզոր մթերքներ են, որոնք ոչ միայն օգնում են ազատվել հարբուխից և մրսածությունից, այլև՝ պաշտպանում են իմունային համակարգն օրգանիզմ ներթափանցած վիրուսներից և տոքսիններից:
Կոճապղպեղ- Այս հրաշք բանջարեղենը պարունակում է գինգերոլ կոչվող տարր, որը հզոր բուժիչ հատկանիշներ ունի: Այն օգտագործվում է կոկորդի ցավը հանգստացնելու համար:
Մեղր- Մեղրը բնական հակաբակտերիալ միջոց է, որը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Pediatrics ամսագրում տպագրված հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ մեղրը երեխաների կոկորդի ցավը բուժող լավագույն միջոցն է:
Դարչին- Այս համեմունքը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Ունի հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկանիշներ: Դարչինը նաև հսկայական քանակությամբ մանգան, երկաթ, մանրաթելեր և կալցիում է պարունակում:
Հապալաս- Այս հատապտուղը լավացնում է իմունային համակարգը: Այն պարունակում է այնպիսի ֆիտոքիմիկատ, ինչպիսին է անտոցիանինը: Հապալասը նաև վիտամին C-ի աղբյուր է, որն արդյունավետ կերպով պայքարում է մրսածության դեմ:
Կիտրոն– Կիտրոնի մասին բազմիցս խոսել ենք: Այն համարվում է իմունային համակարգը լավացնող, ինչպես նաև ինֆեկցիաների ներթափանցումը կանխարգելող լավագույն միջոցը:
Բաղադրություն
- Կես բաժակ հապալաս
- 3 բարակ կտոր թարմ կոճապղպեղ
- 3ճ/գ կիտրոնի հյութ
- 2ճ/գ մեղր
- Կես թ/գ աղացած դարչին
- Մեկ քառորդ աղացած մեխակ
Կեղևազատեք կոճապղպեղը և մեկ բաժակ ջրով եռացրեք: Ավելացրեք հապալասը: 20 րոպե եփեք: Լցրեք բաժակի մեջ, խառնուրդի վրա ավելացրեք եռացրած ջուր: Լցրեք կիտրոնի հյութն ու դարչինը, լավ խառնեք: Օրական մի քանի անգամ խմեք թեյը:
Քանի որ մեղրը չի կարելի ավելացնել տաք ըմպելիքին, կարող եք այն պարզապես ուտել թեյը խմելու ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը