Հայաստանի վրա մերձավորարևելյան զարգացումների ազդեցությունը կախված է ՌԴ-Արևմուտք գլոբալ համաձայնությունից. Ալեքսանդր Իսկանդարյան

«Փարիզում տեղի ունեցածը նոր երևույթ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ահաբեկչական զարգացումներին և դրա դեմ պայքարին:

Նա նշեց, որ Փարիզում տեղի ունեցածն առաջին ահաբեկչական գործողությունը չէ արևմտյան աշխարհի կենտրոնում, Փարիզում կազմակերպված ահաբեկչական գործողությունն առաջին ակտը չէ իսլամական ծայրահեղականության կողմից կազմակերպված, այն, որ Սիրիայի և Իրաքի ֆենոմենը կա այս ամենում, միանշանակ է, սա առաջին իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը չէ, հիշեք թալիբական Աֆղանստանը, և այլն: Նրա խոսքով` այս ամենը լրատվական փուչիկի հետևանք է, որն այսօր էլ ավելի է ուռել և ուռճացվել, ներկայացվում է՝ որպես նոր երևույթ, այնինչ նոր բան այս ամենում չկա, սա տեղի է ունենում արդեն մի քանի տարի ամենաքիչը:

«Աշխարհը խուճապի մեջ է, քանի որ ոչ այնքան սովորական բան է տեղի ունեցել: Նույնը տեղի ունեցավ նաև սեպտեմբերի 11-ից հետո, այնտեղ մահացան ավելի շատ մարդիկ: Աշխարհում կան երկրներ, որտեղ Փարիզում տեղի ունեցածը գրանցվում է ամեն օր: Աշխարհում կան երկրներ, որոնցում ահաբեկչական գործողությունները, գուցե ոչ այս մասշտաբներով, համարվում են ամենօրյա կյանքի մի բաղադրիչը: Սա դուրս է գալիս Եվրոպա, բնականաբար, դա ընկալվում է շատ լուրջ, բայց այն, ինչ տեղի է ունենում, կապ ունի ոչ միայն փարիզյան ակտի հետ, չեմ կարծում, որ փարիզյան ակտը կփոխի տեղի ունեցողի ուղղությունը: Ահաբեկչությունը թույլերի զենքն է, մարդիկ կազմակերպում են ահաբեկչական գործողություններ այն ժամանակ, երբ նրանք չեն կարող հարվածել օդից, տանկերով և այլն, ազդել կարող են ահաբեկչության միջոցով: Ահաբեկչությունը պատերազմի մաս է, և այդ պատերազմը շարունակվում է արդեն բավականին երկար ժամանակ, սկիզբն ուրախությամբ անվանում էին Արաբական գարուն: Ակնհայտ էր, որ դա Մերձավոր Արևելքի ապակայունացում էր, պառակտում, այն Մերձավոր Արևելքի, որը կար մինչ դա, այն Մերձավոր Արևելքի, որը կառուցվեց երկու համաշխարհային պատերազմների միջև դադարի ժամանակաշրջանում: Պետք է նայել Մերձավոր Արևելքի քարտեզին, կտեսնեք այդ քարտեզի արհեստականությունը, այդ քարտեզն ասես քառակուսիներով լինի, ուղիղ գծերով է նկարված, այդ սահմանները նկարվել էին 1916թ. նրա համար, որպեսզի բաժանեն Մերձավոր Արևելքը Առաջին համաշխարհային պատերազմից հետո, այդպես էլ եղավ, տարածաշրջանը կիսվեց մի շարք երկրների միջև, այդ թվում՝ Ֆրանսիայի, քանի որ լուրջ մասը հասավ ֆրանսիացիներին, դրանք գաղութներ էին, ապա ստացան անկախություն և դարձան կտրուկ բռնապետություններ, միայն այդ պայմաններում էին այդ երկրները ներկայիս սահմաններով պահպանվում: Քանի դեռ կային այդ բռնապետությունները, այդ սահմանները պահպանվում էին:

Երբ քաղաքականության մեջ ոտք դրեց Դեմոսը, այդ կտրուկ կառույցները սկսեցին տապալվել, Մերձավոր Արևելքը սկսեց պառակտվել, անհետացավ Լիբիան քարտեզից, Իրաքը, նրանք կան այսօր, բայց քաղաքական քարտեզում   գոյություն չունեն: Բարդ է դրությունը Սիրիայում, միայն Եգիպտոսը պահպանվեց, քանի որ Եգիպտոսը ոչ թե 100 տարեկան էր, այլ 200»,- բացատրեց Իսկանդարյանը՝ շարունակելով, որ, երբ սկսվեց այս գործընթացը, այլ ինքնություն հայտնվեց մարդկանց մոտ, մասնավորապես` սուննի:

Նրա մեկնաբանմամբ, Մերձավոր Արևելքում արմատականությունը հիմնականում սուննի է, և այդ մարդիկ սկսեցին պատերազմել, սկսեցին ձևավորել տարածքային համայնքներ: «Նրանց ընդունված է անվանել ահաբեկչական կազմակերպություններ, ԻՊ-ն ահաբեկչական կազմակերպություն է, բայց ի՞նչ ահաբեկչական կազմակերպություն, որին հարում են միլիոնավոր մարդիկ: Այդ կազմակերպությունը պատերազմում է և պատերազմում է այն միջոցներով, որոնց տիրապետում է: Փարիզն այդ պատերազմի մեկ դրսևորում է, վախենամ սխալվել, բայց լինելու են այլ ահաբեկչություններ ևս»,- ասաց Իսկանդարյանը:

Վերջինս նշեց, որ հետևելով արևմտյան ինտելեկտուալներին, մամուլին՝ հասկանում է, որ Արևմուտքը դասեր չի քաղել, ավելին, չի հասկացել արևմտյան աշխարհում տեղի ունեցող ահաբեկչությունների պատճառը: Այնինչ, ըստ Իսկանդարյանի, Փարիզում, Նյու Յորքում գրանցվող ահաբեկչությունն ունի զուտ արևմտյան ծագում, և պատահական չէ, որ ահաբեկիչները ևս ծնվել, ապրել ու կրթություն են ստացել Արևմուտքում: «Ամենավատն այն է, որ ես այս ուղղությամբ նույնիսկ դիսկուրս չեմ տեսնում, թե ինչու է Բելգիայում, Ֆրանսիայում, Անգլիայում ծնված ու մեծացածը նման քայլի դիմում, որոնք են սրա խորը պատճառները: Չկա այս դիսկուրսը»,- ասաց Իսկանդարյանը: Բանախոսը նաև ընդգծեց, որ այս մարդկանց համար Մոհամեդ մարգարեի հասցեին հնչող ծաղրը խորը վիրավորանք է, որը պետք է ընկալել:

Անդրադառնալով Հարավային Կովկասում իսլամիստական ծայրահեղության սպառնալիքին` ասաց, որ հայաստանյան հանրային կարծիքը, լրագրությունը հակված են աշխարհի խուճապային ընկալմանը: Բանախոսը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում դրսում, ընկալվում է՝ որպես վտանգ, որպես մի բան, որը կհանգեցնի Հայաստանին անպայմանորեն ինչ-որ վատ բանի: «Իհարկե, այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում ազդելու են Հայաստանի վրա, բայց ոչ ուղիղ կերպով, հարցն այն է, որ Իսլամական պետությունն ունի մի առանձնահատկություն, նա չի կարող գործընթացներ իրականացնել ոչ սուննիաբնակ բնակավայրերում և երկրներում: Այդ սուննիաբնակ տարածքների և մեր միջև բավականին կայացած, հզոր երկու   երկիր կա՝ Թուրքիա և Իրան, որոնք ուղիղ ազդեցություններ թույլ չեն տա:

Եթե խոսենք Հարավային Կովկասի մասին, ապա այս ամենն ուղիղ ազդեցություն է ունենալու Ադրբեջանի վրա, քանի որ այս երկիրն իսլամական պետություն է, Ադրբեջանում կան հազարավոր մարդիկ, որոնք պատերազմում են Սիրիայում և վերադառնում են Ադրբեջան, մզկիթներում արդեն բախումներ են եղել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը կախված է լինելու այն հարաբերություններից, որոնք լինելու են Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այդ հարաբերությունները կախված են այն բանից, թե ինչպես է զարգանալու իրավիճակը Սիրիայում և Մերձավոր Արևելքում: Իսկ թե կլինի՞ կոալիցիա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կախված է ոչ միայն սիրիական զարգացումների շուրջ նրանց վերաբերմունքից, այլ շատ ավելի լայն սպեկտրից: Իսկ դա ծայրաստիճան կարևոր է Հայաստանի համար, և այդ իմաստով սա կարող է մեր վրա անդրադառնալ: Հայաստանն ինքնուրույն խաղացող չէ»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս