10 տարի առաջ, 10 տարի հետո

Ճիշտ են ասում, որ պատմությունը կրկնվում է։ Ընդ որում, Հայաստանի պարագայում այն կրկնվում է ոչ թե` 100 կամ 1000 տարին մեկ, այլ ավելի արագ` 10 տարին մեկ։ Փորձեք ետ գնալ 10 տարով և վերհիշել` ինչ էր կատարվում ՀՀ ներքաղաքական դաշտում 2005 թվականի նոյեմբերին։ Ճիշտ է` ընթանում էին քննարկումներ Սահմանադրության փոփոխությունների շուրջ։ Ու չնայած այն ժամանակ ինտերնետն այնքան տարածված չէր, որքան այժմ, այդուհանդերձ որոշ հետաքրքիր դրվագներ կարելի է գտնել։
2005 թվականի նոյեմբերյան իմ հիշողությունները, ինչպես ասում են, առաջին ձեռքից են։ Որպես լրագրող` մասնակցում էի «այո» և «ոչ» քարոզողների հանդիպումներին։

Սակայն ամենաշատն ինձ մոտ տպավորվել է նոյեմբերի 20-ը։ Այդ օրը ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը հանդիպում էր Բրյուսովի անվան Օտար լեզուների համալսարանի ուսանողների հետ։ Պարոն Ռուստամյանն այն ժամանակ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, ՀՅԴ-ն էլ «այո» էր քարոզում։
Դասախոսներից մեկը հարց ուղղեց Արմեն Ռուստամյանին. «Օրեր առաջ Գ. Սահակյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը կողմ քվեարկի փոփոխություններին, ապա մեր բյուջեն 1 միլիարդից կաճի 1,5 միլիարդ, ինչի՞ հաշվին»։

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն այն ժամանակ ԱԺ նախագահ չէր։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց այդ հարցին։ Չասաց` չեմ լսել նման հայտարարություն, չասաց` պարոն Սահակյանին հարցրեք կամ տնտեսագետներին։ Ոչ, նա շատ մեծ եռանդով սկսեց հիմնավորել Գալուստ Սահակյանի հանճարեղ կանխատեսումը։
Պարոն Ռուստամյանը բյուջեի հնարավոր աճը բացատրեց սահմանադրական փոփոխությունների այն կետով, որով թույլատրվում էին որոշ տեսակի մենաշնորհները։ Հիշեցնենք, որ, եթե մինչև 2005 թվականը Սահմանադրությունն արգելում էր մենաշնորհները, 2005 թվականի փոփոխություններով թույլատրվեցին մենաշնորհի որոշ տեսակներ` հետևյալ ձևակերպմամբ` «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»։ Արմեն Ռուստամյանը հենց այս դրույթի հետ հույս կապելով` ասում էր` կան ոլորտներ, որոնք իրոք մենաշնորհային են, և դա տնտեսապես ավելի արդյունավետ է, դրանք ձևավորվել են բնական ձևով։ Սակայն որոշ մենաշնորհներ «… իշխանական լծակների կիրառմամբ, արտոնությունների միջոցով են ձևավորվում։ Թույլ չի տրվում, որ մյուսներն աճեն, և միայն մեկն է կարողանում իր ապրանքը վաճառել։

Այս դեպքերում նա գործում է ստվերային դաշտում, խուսափում է հարկերից` վնաս պատճառելով բյուջեին։ Եվ էստեղ, եթե ստվերայնության մասը կրճատվի, բյուջեն, ես վստահ եմ, կարող է կրկնապատկվել»։

Այս խոսքերը բառացի են մեջբերված, քանի որ 2005 թվականի նոյեմբերի 21-ին այդ մասին հոդված էի գրել «168 Ժամ» թերթում` «Ինչպես կրկնապատկել բյուջեն» վերնագրով։ Այս կանխատեսմանն անդրադարձել էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. ըստ նրա, իշխանությունները դրանով ընդունում էին, որ մեր տնտեսությունում ստվերային տնտեսության ծավալները կազմում են մոտ 50%։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Սահմանադրական փոփոխությունները, ինչպես հայտնի է, ընդունվեցին։ Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների` 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցեց 1 միլիոն 514 հազար 307 քաղաքացի։ Սահմանադրական փոփոխություններին կողմ էին քվեարկել 1 միլիոն 411 հազար 711 ՀՀ քաղաքացի, «ոչ»` 82 հազար քաղաքացի։ Ընդդիմությունը բոյկոտել էր հանրաքվեն, սակայն պաշտոնական տվյալներով` ժողովուրդը չէր բոյկոտել։
Բյուջեի հե՞տ ինչ եղավ։ Աճեց։ Անգամ ավելի շատ, քան կանխատեսել էր Գալուստ Սահակյանն ու հիմնավորել Արմեն Ռուստամյանը։ Այսպես, դոլարի փոխարժեքը 2005 թվականի վերջին 450 դոլար էր։ 2005 թվականի հունվար-դեկտեմբերին պետբյուջեի փաստացի ծախսերը 417.9 մլրդ դրամ էին, որը համարժեք էր 928.6 միլիոն դոլարի (մինչ օրս էլ անհասկանալի մնաց, թե Գալուստ Սահակյանն այն ժամանակ որտեղից էր վերցրել, որ պետական բյուջեն 1 միլիարդ դոլար է)։ 2006 թվականին պետբյուջեի փաստացի ծախսերը կազմեցին 1 մլրդ 330,6 միլիոն դոլար, իսկ 2007 թվականին` ավելի քան 1,9 մլրդ դոլար։

Բայց այս տպավորիչ աճն ամենևին էլ Սահմանադրության փոփոխությունների արդյունքը չէր։ Այն նախևառաջ` պայմանավորված էր դրամի արժևորմամբ։ Բանն այն է, որ 2006-ին դոլարի փոխարժեքը հասավ 359 դրամի, իսկ 2007-ին` 304 դրամի։ Այսինքն, եթե անգամ ՀՀ պետական բյուջեն զրոյական աճ ունենար, փոխարժեքի շնորհիվ` այն դոլարային արտահայտությամբ 1,5 անգամ աճելու էր։

Հետաքրքիր է` երբ Գ Սահակյանը Հայաստանի պետական բյուջեի կանխատեսումները դոլարով էր անում, դա միտումնավո՞ր էր, թե՞ ոչ։
Դրամն արժևորվում էր, արտահանողները բողոքում էին, սակայն բանի տեղ դնող չկար։

Դրսից եկող փողը գնալով ավելանում էր` ավելացնելով էլիտար շենքերի քանակը։ Թվում էր` ամեն ինչ այնքան էլ վատ չէ, մինչև 2009 թվականի տնտեսական փլուզումը չբացեց մեր աչքերն ու ցույց տվեց, որ տնտեսությունն իրականում հիվանդ է։
Լավ, ենթադրենք` 2005 թվականի Սահմանադրությունը հնարավորություն ու ժամանակ չունեցավ դրսևորվել տնտեսության մեջ։ Նրա հիմնական դրույթները սկսեցին գործել միայն 2007 թվականից, 2008-ին սկսվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որի ցավոտ հարվածը զգացինք նաև մենք ու մինչև հիմա ուշքի չենք գալիս։

Բայց ամեն դեպքում` փոփոխված Սահմանադրությունը պետք է որոշակի դրական տեղաշարժ ապահովեր վերջին տարիների ընթացքում։ Չէ՞ որ այն նվազեցնում էր նախագահի լիազորությունները, բարձրացնում ԱԺ-ի դերը, մեզ ավելի մոտեցնում ժողովրդավարությանն ու օրենքի իշխանությանը, ինչը չէր կարող դրական ազդեցություն չունենալ նաև տնտեսության վրա։ Մի խոսքով` դատելով 2005 թվականի այս օրերին հնչող ելույթներից` այն ժամանակվա հանրաքվեից հետո պետք է մեծ փոփոխություններ լինեին դեպի լավը։

Իսկ ինչ եղավ իրականում… Անցավ 10 տարի։ Այս տասը տարիների ընթացքում այդ նույն մարդիկ մեզ համոզում էին, որ ամեն ինչ հենց այդպես էլ գնում է` տնտեսությունն աճում է, ժողովրդավարությունը` ամրապնդվում, օրենքը` գործում, կոռուպցիան` նվազում, և այլն։

Ու մեկ էլ հանկարծ պարզվում է` ամեն ինչ վատ է, ու կարող է ավելի վատ լինել, եթե դեկտեմբերի 6-ին «այո» չասենք սահմանադրական փոփոխություններին։

Ամենաուշագրավն այն է, որ այս մասին հայտարարում են նույն ուժերն ու նույն մարդիկ, ովքեր 10 տարի առաջ կոչ էին անում «այո» ասել փոփոխություններին ու վերջին տարիներին միշտ տեսնում էին միայն լավը։ Այժմ նրանք սկսել են տեսնել վատագույնը ու համոզում են, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառն այսօր գործող Սահմանադրությունն է։ Այնպես են համոզում, որ զարմանում ես` ինչպե՞ս Հայաստանը վերջնականապես չի կործանվել այս զարհուրելի փաստաթղթի պատճառով։

Իրականում սա ցույց է տալիս Սահմանադրության ու դրա փոփոխությունների իրական արժեքը Հայաստանում։ Ու չի բացառվում, որ 10 տարի անց այսօր «այո» քարոզողները պախարակեն այս նույն փաստաթուղթը։ Ու երբ քաղաքացին բողոքի, թե իր իրավունքները ոտնահարվում են, դատարաններն էլ չեն գործում` երկրի բարձրագույն պաշտոնյան նրան անտարբեր պատասխանի` հնարավոր է։ Ու ասի` Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի։
Կապրենք` կտեսնենք։

Տեսանյութեր

Լրահոս