«Ռուսական արկածախնդրությանը մասնակցել համաձայնողներին ահաբեկչության պոտենցիալ թիրախ դառնալու հեռանկար է սպառնում». Արմեն Գրիգորյան
«Ադրբեջանի հետ մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանը չի օգտագործի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը սիրիական գործողություններում օգտագործելու շուրջ խոսակցություններին:
Հիշեցնենք, որ Մոսկվայում տված մամլո ասուլիսի ընթացքում այս հավանականությունը չէր բացառել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, թեև նրա խոսնակը հերքել էր, թե Սահակյանը չի բացառել: Սակայն այս հնարավորության մասին իրենց հոդվածներում խոսում են նաև ռուսաստանցի վերլուծաբանները:
Արմեն Գրիգորյանի կարծիքով, նման հնարավորության մասին հայտարարելն անգամ խիստ անպատասխանատու քայլ էր: Նրա որակմամբ` ռուսներին հաճոյանալու մոլուցքով տառապողների սովորական գործելաոճն է. հաշվի չառնել ո՛չ Հայաստանի, ո՛չ ԼՂՀ-ի շահերը, ո՛չ էլ անվտանգության ռիսկերը: «Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությունը վերջինիս դարձրել է ահաբեկչության պոտենցիալ թիրախ. նույնը սպառնում է ռուսական արկածախնդրությանը մասնակցել համաձայնողներին»,- նշեց վերլուծաբանը` շարունակելով, որ այս համատեքստում Հայաստանում ռուսական լրացուցիչ ուժերի, մասնավորապես՝ օդուժի տեղակայման հնարավորությունը ևս մտահոգություն է առաջացնում, քանի որ անվտանգության ռիսկերը կավելանան նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքից որոշակի գործողություններ իրականացնելու դեպքում: Վերոնշյալը, ըստ Գրիգորյանի, պետք է նաև հաշվի առնվի` ՀՕՊ կովկասյան միասնական համակարգի խնդրին անդրադառնալիս:
«Ռուսական այս հերթական նախագծի վտանգավորության աստիճանը գնահատելիս՝ պետք է նաև այլ կարևոր հանգամանք հաշվի առնել: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի պարզաբանման՝ ՀՕՊ համակարգի ստեղծումը կհանգեցնի նրան, որ բացի 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերից և ավիացիայից, որոշ գործողությունների մեջ կարող են ներգրավվել նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը: Սակայն դա անհնար կլինի՝ առանց Վրաստանի օդային տարածքն օգտագործելու: Այսինքն, սա ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու, այլ ավելի շատ Վրաստանի նկատմամբ ճնշման լրացուցիչ պատրվակ ստեղծելու համար է արվում` ինչը հղի է տարածաշրջանում լարվածության աճով»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: