«Մենք ամեն օր դիմադարձում ենք հակառակորդի նորա­նոր ոտնձ­գություններին». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ (Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, 14.11.2015թ.)

«Մեծարգո պարոն նախագահ, Վեհափառ Տեր, մուսալեռցիների հարգարժան ժառանգներ, սիրելի հյուրեր, Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներ, հարգելի ներկաներ.

Ամբողջ 2015 թվականի ընթացքում ոգեկոչելով Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, միաժամա­նակ ցավով, բայց հպարտությամբ ենք հիշել մեր հայտնի ու անա­նուն այն հերոսներին, ովքեր Հայոց մեծ եղեռնի դժնդակ տարինե­րին իրենց բացառիկ կամքի ու հերոսական կռվի շնորհիվ կարողա­ցան կազմակերպել արևմտահայության ինքնապաշտպանությունը և փրկել հազարավոր կյանքեր:

Եվ այսօր, պետական մակարդակով և հայրենաբնակ ու սփյո­ւ­ռ­­­քի հայության մասնակցությամբ կարևորելով Մուսա լեռան փեշե­րին գտնվող հինգ հայկական գյուղերի շուրջ հինգ հազար բնակ­չու­թյան հերոսական ինքնապաշտպանության հարյուրերորդ տարե­դար­ձը և խոնարհվելով մոտ հարյուր տասնհինգ քառակուսի կիլո­մե­տր ընդ­գր­կող լեռնային տարածքում ավելի քան քառասուն օր տևած այդ ան­նախադեպ կռվի տասնութ զոհերի, ինչպես նաև ինք­նա­պաշտ­պա­նության ղեկավարներ Տիգրան Անդրեասյանի, Մով­սես Տեր­-Գալուստյանի, Սերոբ Ճերեպետճյանի, Տիգրան Գաթաճյանի, հար­­վա­ծային խմբերի հրամանատարներ Եսայի Յաղուբյանի, Պետրոս Տմլաքյանի, Պետրոս Տուտագլյանի և մյուսների պայծառ հիշատակի առջև, մենք արժանին ենք մատուցում նաև Վան-Վասպուրականի, Շապին-Գարահիսարի, Սասունի, Տարոնի, Զեյթունի, Արևմտյան Հա­­յաս­տանի մյուս գավառների ինքնապաշտպանության բոլոր այն մարտիկներին, ում պարտական ենք քսաներորդ դարի առաջին ցե­ղա­ս­պանությունից արևմտահայության բեկորների փրկության համար:

Եվ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հան­րա­պետության ռազմածովային ուժերի 3-րդ նավախմբի «Կիշե­ն», «Դեզեքս» ու «Ժաննա դը Արկ» ռազմանավերի նավաստիներին, նա­վախմբի հրամանատար, ծովակալ Դարտիժ դը Ֆուրնեին, ռազմա­նա­վերի հրամանատարներ Բրուսսոյին ու Վերգոսին, ովքեր Անտիո­քի ալեկոծ ծովածոցում վտանգելով իրենց կյանքը, ըստ ամենայնի աջակցեցին Օսմանյան կայսրության ավելի քան տասը հազարա­նոց կանոնավոր զորքերի ու զինված ոճրագործների դեմ ոտքի ելած մուսալեռցիներին:

Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը համաժողովրդական բնույթ ուներ. կռվում էին ոչ միայն մարտիկները, այլև կանայք, երեխաներն ու ծերունիները: Այն մի յուրօրինակ Սարդա­րա­պատ էր, որի դասերը մենք միշտ հիշում ու վերաիմաստավորում ենք և խոնարհվում հայ ժողովրդի ազատության ու անկա­խու­թյա­ն համար զոհված բոլոր մարտիկների պայծառ հիշատակի առջև:

Եվ այդ անօրինակ մաքառման բոլոր մասնակիցների հիշա­տա­կին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրում ամեն տարի տո­նե­լով ազատության ու անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն դրվագներից մեկը, մենք նաև արժանին ենք մա­տուցում այն ավելի քան վեց հարյուր մուսալեռցի մարտիկներին, ում նախաձեռնությամբ էլ ընդամենը մեկ տարի անց Եգիպտոսում գտնվող Պորտ-Սայիդ բնակավայրի վրանային ավանում «Ժորե­գի­բեր» ռազմանավի հրամանատար Բենուա դը Ազիի օգնությամբ ստե­­ղ­ծ­վեց Հայկական լեգեոնը, որը մեծ մասնակցություն ունեցավ Օսմանյան տիրապետությունից Սիրիայի, Լիբանանի ու Կիլիկիայի ազա­տագրմանը: Ամեն տարի, կազմակերպելով համաժողովր­դա­կա­ն տոնախմբություն, մենք ոչ միայն շարունակում ենք անգամ Հայո­ց ցեղասպանությունից հետո պատմական հայրենիքին վերատիրա­նա­լով մինչև 1939 թվականը Մուսա լեռ բարձրանալով իր հաղ­թանակի հերթական տարեդարձը նշող մուսալեռցիների ստեղծած ա­վ­ա­­ն­դույթը, այլև մեր երախտագիտությունն ենք հայտնում Եգի­պտոսի, Լիբանանի ու Սիրիայի ժողովրդին՝ արևմտահայությանը նեցուկ կանգնելու համար:

Մուսա լեռան հերոսամարտն ապացուցեց, որ համաժողովր­դա­­կան պայքարն ու ներքին ինքնակազմակերպվածությունն են հաղ­թանակի հասնելու ամենակարևոր գրավականները:

Հայության հետագա սերունդները, Վերածննդի գաղափարաբանությամբ կերտելով նոր Հայաստան, յուրացրին այդ դասերը, ժա­ռանգեցին հերոս մուսալեռցիների մարտական ոգին ու անկորում կամքը: Եվ 1988 թվականին բոցավառեցին պատմական արդարու­թյան հաղթանակի հանդեպ իրենց հոգիներում անթեղված հավատն ու սկսեցին Արցախյան շարժումը, որը վերածվելով նորօրյա ազա­տա­մարտի` հայ ժողովրդի համար հաղթանակով եզրափակեց ցե­ղաս­պանությամբ սկսված քսաներորդ դարը:

Իսկ հակառակորդը, ցավոք, պատմությունից դասեր չքաղեց: Ժամանակակից զենքերով զինված մարդասպան ոհմակներն այսօր էլ, ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Մերձավոր Արևելքում փորձում են մոտենալ հայի ազատ ու արժանապատիվ կյանքի տիրույթներին, կրոնական ծայրահեղ ու ձևախեղված ըմբռնում­ների դրոշի ներքո փորձում վերաձևել աշխարհի քար­տե­զը և նոր պատերազմ սանձազերծելու իրենց ձգտումը քողարկում են պետա­կան քաղաքականության մակարդակի բարձրացված հա­կա­հայկա­կան քարոզչությամբ ու նավթադոլարներով սնվող դիվա­նա­գիտու­թյամբ: Այժմ մենք ամեն օր դիմադարձում ենք հակառակորդի նորա­նոր ոտնձ­գություններին, բայց հայրենիքի սահմաններն անա­ռիկ պա­հելու համար, դժբախտաբար, կորցնում դիրքապահ զինվոր­նե­րի, ովքեր իրենց կյանքերի գնով մեզ խաղաղություն են պարգևում:

Հայոց հողում ամեն օր ծնվում են նոր հերոսներ, որոնց իրա­գոր­ծած հերոսություններով մենք հպար­տանում ենք և նորովի վերապրում ու վերաիմաստավորում մուսալեռցիների հավաքական սխրանքը: Թշնա­մու բոլոր նկրտումները հօդս են ցնդում` հանդիպելով իրենց հայրերի ու ավագ եղբայրների պայքարով 1992 թվականից ի վեր նվաճված բնագծերում աներեր կանգնած Հայկական բանակի զին­վոր­նե­րի իրականացրած զսպող գործողություններին:

Եվ այսօր այս հուշա­կոթողի առջև գլուխ ենք խոնարհում ոչ մի­այն Մուսա լեռան հերոսա­մարտում զոհված մարտիկների, այլև մեր բոլոր նորօրյա հերոսնե­րի հիշատակի, ինչպես նաև մուսալեռցիներին օգ­նու­թյան հասած ֆրան­սիացի նավաստիների խիզախության ու անձ­նվիրության առ­ջև: Միաժամանակ ողջունում ու շնորհակա­լու­թյուն ենք հայտնում մեր դաշնակից ու բարեկամ Ֆրանսիայի Հան­րա­պե­տու­թյանը` հրավերն ընդունելու և զինվորական պատվիրակության կազմով այս համա­ժողովրդական տոնակատարությանը մասնակցե­լու համար:

Հայոց պատմության հոլովույթում հերոսական, բայց տարե­րա­յին ինքնապաշտպանությունների ժամանակն այլևս ավարտվել է, և հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետու­թյան իշխանությունների ու Հայկական բանակի միասնության շնորհիվ մենք այսօր գրում ենք հայոց նորօրյա պատմությունը, որը բնութագրվում է Հայաս­տա­նի ու Արցախի սահմանների աննահանջ պաշտպանությամբ, հարա­վ­­կովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպան­մամբ և աշ­խա­րհի բազմաթիվ թեժ կետերում խաղաղարար գործունեության իրա­կանացմամբ:

Այսօր մենք ունենք ազատ, անկախ ու պաշտ­պան­ված Հայաս­տան և Արցախ, կերտում ենք վերածնված հայ ժողովրդի ապագան և տեր ենք կանգնում մեր արդար իրավունքներին»:

Տեսանյութեր

Լրահոս