Բաժիններ՝

«Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի քաղաքականությունը չի վերանայվի»․ ֆրանսահայ լրագրողը Փարիզից մեկնաբանում է ժամեր առաջ տեղի ունեցածը

«Կարևոր է հասկանալ, որ Իսլամն ու արմատականությունը տարբեր բաներ են»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Փարիզում բնակվող և աշխատող Միջազգային ֆրանսիական ռադիոյի լրագրող, միջազգայնագետ Ելենա Գաբրիելյանն, անդրադառնալով ժամեր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, որոնք շուրջ 160 մարդու կյանք են խլել։

Հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ Փարիզում և որտե՞ղ պետք է փնտրել դրա պատճառները, Ելենա Գաբրիելյանը պատասխանեց, որ, դատելով ահաբեկչությունից հետո շրջանառության մեջ դրված «Իսլամական պետության» և Բաշար ալ ԱՍադի հայտարարություններից, փարիզյան ահաբեկչությունների պատասխանատուն «Իսլամական պետությունն» է, որն արդեն ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Այդ մասին, Ելենայի փոխանցմամբ, ասվում է պաշտոնական տեղեկագրում, որից նա մի փոքրիկ հատված մեջբերեց․ «Մեր ութ եղբայրները հագան մահապարտների գոտիները և ամենայն պատասխանատվությամբ ընտրեցին Փարիզի կենտրոնում այն վայրերը, որոնք հարձակման ենթարկեցին»։ «Մենք կարդացինք նաև Բաշար ալ Ասադի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան իր քաղաքականությամբ իր ներդրումն է ունենում ահաբեկչության զարգացման գործին։ Ակնհայտ է, որ խոսքն այն գործողության մասին է, որը Ֆրանսիան իրականացնում է «Իսլամական պետության» դեմ Սիրիայում։

Հիշեցնեմ,, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ ԻՊ ահաբեկչական բանակը պատերազմական գործողություն իրականացրեց և կոչ արեց միասնության, ասելով, որ Ֆրանսիան անողոք է լինելու։ Այսպիսի հայտարարությւուններ տարածվեցին, որոնք բացահայտում են տեղի ունեցածի պատճառները, թեև դեռ վաղ է հստակ գնահատականների համար»,- նման կարծիք հայտնեց ֆրանսահայ լրագրողը։

Վերջինս ասաց, որ կարևոր է հասկանալ տեղի ունեցածի պատճառները և հասկանալ, թե ովքեր են կազմակերպիչները։ Ըստ նրա, այս ամենը իսլամի մասին չէ, այլ արմատականության, իսլամիզմի, որոնք տարբեր բաներ են։ «Ֆրանսիայում դա շատ լավ են հասկանում։ Ֆրանսիայում նույնիսկ ընդունված է ասել, որ պետք չէ շփոթել Իսլամական պետությունը Իսլամի հետ։ «Չառլի Էբդո» խմբագրատան դեմ ահաբեկչական գործողությունից հետո հանրապետական քայլերթին շատ մուսուլմաններ մասնակցեցին, կոչերով, որ իրենք իրենց ֆրանսիացի են համարում և հայտնում իրենց համերաշխությունը տեղի ունեցածին։ Այսինքն՝ իսլամն այլ բան է, իսկ իսլամիզմն ի դեմս «Իսլամական պետության»՝ այլ»,- ասաց Ելենա Գաբրիելյանը։

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս Ֆրանսիան և Արևմուտքը պետք է փորձի վերացնել տեղի ունեցածի պատճառները, կանխելով հետագա հնարավոր ահաբեկչությունները, նա արձագանքեց՝ ասելով, թե ակնհայտ է՝ Ֆրանսիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ընթանում է այն նույն ուղենիշով, ինչ ողջ Արևմուտքի դեպքում է՝ արմատապես տարբեր ռուսական քաղաքականությունից։ «Բայց ամենագլխավորը, որ հնչեց և դա ուղերձն էր Ֆրանսուա Օլադնի կողմից, այն էր, որ չենք վախենալու։ Բայց պետք է հասկանալ նաև, որ պետության քաղաքականությունը ձևավորվում է սեփական դիվանագիտական շահերի հիման վրա, բայց երբ դա հանգեցնում է նման ողբերգական հետևանքների, ապա պետք է սկսել հաշվի առնել որոշակի ռիսկեր, անվտանգության որոշակի միջոցներ ձեռնարկել երկրի ներսում։ Այս պահին թերևս դժվարանում եմ ասել՝ Ֆրանսիան կուժեղացնի՞ իր քաղաքականությունն «Իսլամական պետության» դեմ, թե՞ ոչ։ Սակայն իրատեսական է կարծել, որ Ֆրանսիան իր պայքարը կուժեղացնի այդ կազմակերպությա դեմ։ Այսօր կանխատեսելը բարդ է, քանի որ եղել են կտրուկ հայտարարություններ Ֆրանսիայի նախագահի կողմից, բայց նրա խոսքից ենթադրվում է, որ Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի քաղաքականությունը արմատապես չի վերանայվելու»,- մեկնաբանեց Ելենա Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ 2015թ․ հունվարի 7-ին ևս ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որի թիրախում <<Շառլի Էբդո>> երգիծական շաբաթաթեթրի խմբագրությունն էր։ Գործողության հետևանքով մահացել էին խմբագրատան 10 աշխատակից և 2 ոստիկան, մի շարք քաղաքացիներ։ Խոսքի ազատության նկատմամբ այդ այդ ողբերգական ոտնձգությունը հանգեցրեց հուզական շոկի, որը պատուհասեց Ֆրանսիան՝ անցնելով նրա սահմաններից դուրս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս