Թոքաբորբի վարակը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Միավորումը ձգտում է պետական գործիչների, առողջապահության ոլորտի մասնագետների ուշադրությունն ուղղել թոքաբորբի խնդիրներին: Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում առողջապահական կազմակերպությունները կանխարգելիչ միջոցառումներ, իրազեկման աշխատանքներ են իրականացնում:

Անդրադառնալով կանխարգելմանը` նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200.000-ն ավարտվում է մահվան ելքով: ԱՀԿ փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը:

Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ: Վարակների այս տեսակին բնորոշ է առողջ մանրէակրության զարգացումը բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ:

Վարակը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Հարկ է նշել, որ ԱՀԿ-ն յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչև 5 տարեկան 100 000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` Հայաստանում մինչև 5 տարեկան 200.000 երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:

Հանրապետությունում ներդրված` հնգավալենտ (2009թ.) և պնևմակոկային (2014թ.) պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), թոքաբորբերը, պնևմակոկային պատվաստումների շնորհիվ նվազել են ինվազիվ պնևմակոկային հիվանդությունները՝ սեպտիցեմիա, օստեիտ, հոդաբորբեր, միջին ծանրության պնևմակոկային հիվանդությունները՝ սինուսիտներ, միջին ականջի բորբոքումներ, բրոնխիտներ։

Տեսանյութեր

Լրահոս