Ինչու է թարմացվել ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու թեման
Նախօրեին ռուսական կենտրոնամետ «Կոմերսանտ» թերթը ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Երևան կատարած աշխատանքային այցի իրական նպատակների վերաբերյալ իր վերլուծությունը` հիմնված, ինչպես պարբերականն է պնդել, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա։ «Բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով, խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայումս քննարկվում է, հետևյալն է` հայերն Ադրբեջանին են վերադարձնում ԼՂ-ի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է` ևս մեկը։
Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, սակայն, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով։ Դրա երաշխիք կարող էր լինել միջազգային խաղաղարարների (ՄԱԿ, ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաև Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը»,- գրում է «Կոմերսանտը»։ «168 Ժամի» ռուսական աղբյուրների փոխանցմամբ` հոդվածը հեղինակած վերլուծաբաններ Պավել Տարասենկոն և Օլգա Կուզնեցովան շատ հեղինակավոր և լուրջ դիվանագիտական ռեսուրսների տիրապետող մասնագետներ են, ովքեր երբեք նման տեղեկություններն առանց հիմքերի չեն դնում շրջանառության մեջ, առավել ևս, հիմք չեն դարձնում իրենց հոդվածների համար։ Ի դեպ, այս մասին վարվող բանակցությունների մասին են գուժում նաև հայաստանյան լրատվամիջոցները, իսկ ռուսական և ադրբեջանական փորձագիտական հանրությունն այս տարբերակները քննարկում է շատ ավելի վաղուց։ Ժամանակ առ ժամանակ պարզապես այս մասին խոսակցություններն ավելի առարկայանում և փորձագիտական հանրության տեսանկունից իրատեսականություն են ձեռք բերում։
Ռուս հայտնի իշխանամետ, ադրբեջանամետ վերլուծաբան Սերգեյ Մարկովն արդեն մեկ տարի է, ինչ պնդում է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում փոխզիջման հասնելու հնարավորություն կա։ Ըստ նրա` ավելի քան մեկ տարի փակ ձևաչափով բանակցություններ են վարվում, ավելին` բանակցողների սեղանին «պատմական փոխզիջման» համար անհրաժեշտ պայմաններ են դրված։ «Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ապաշրջափակման մասին է` օկուպացված ադրբեջանական յոթ շրջանների վերադարձի դիմաց»,- կրկնում է Մարկովը վերջին մեկ տարվա ընթացքում։
Այս մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել, սակայն հաստատական հերքումներ ևս չեն հնչել, թեև ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մի քանի անգամ հայտարարվել է, որ տարածքների հետ կապված գործարքներ հնարավոր չեն։ Այդուհանդերձ, հայ փորձագետներից շատերի պնդմամբ, Հայաստանը չի կարողանա մերժել ռուսական առաջարկը, գուցեև պարտադրանքը, եթե այն լինի նշված սցենարի շրջանակներում։
Մեզ հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը նշեց, որ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որևէ կարգավորում լինի, ապա, բնականաբար, այդ կարգավորումը պետք է ներառի տարածքների փոխանակություն, այլապես այլ բնույթի կարգավորում չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը չի պատկերացնում կարգավորման այլ սցենար։ Այսինքն, ըստ նրա, եթե հայկական կողմը պնդում է, որ տարածքների վերադարձ չի լինելու, դա նշանակում է` կարգավորում չի լինելու, ինչը պատկերացնում են ռուսական դիվանագիտական շրջանակները ևս։ «Հարցն այն է` արդյոք ներկայում ՌԴ-ն Հայաստանին կստիպի՞ գնալ նման կարգավորման։ Դեռ բավականաչափ տեղեկատվություն չունենք այս հարցին պատասխանելու համար։ Կարծում եմ` ՌԴ-ն տիրապետում է բավականաչափ լծակների ՀՀ-ում` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա ազդելու, որպեսզի կարողանա նման հարց պարտադրել ՀՀ-ին։ Հարցն այն է` ինչո՞ւ հիմա։
Ըստ իս` Ադրբեջան-ՌԴ շփումների բոլոր այլ խնդիրները սպառված են, և ՌԴ-ից Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղը։ Սա մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը տեղեկատվական արտահոսքերն են, որոնք նպաստում են առաջին տարբերակով հակամարտության կարգավորմանը, այսինքն` աստիճանաբար հասարակությանը մոտեցնում են այն մտքին, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուն, և, այո, հենց Ռուսաստանի ձեռքով կլինի տարածքների վերադարձը։
Այնպես որ, երկու դեպքում էլ խնդրի լուծման այս սցենարի հարցը պարզ է, միայն հարց է, թե երբ դա նրանք կանեն»,- նման կարծիք հայտնեց Ենոքյանը` շարունակելով, որ ադրբեջանցի պաշտոնյաների` ԵՏՄ անդամակցության հնարավորության մասին հայտարարությունները կարելի է տեղավորել այս համատեքստում, թեև հասկանալի չէ նույնիսկ, թե ՌԴ-ին ինչու է պետք Ադրբեջանը միացնել ԵՏՄ-ին։ Սակայն, վերլուծաբանի համոզմամբ, պարզ է, որ Ադրբեջանը դրա դիմաց որոշակի գին կպահանջի, և գինը, ամենայն հավանականությամբ, կլինի Ղարաբաղը։
Ա. Ենոքյանը կարծում է, որ Հայաստանն այս սցենարը չընդունելու շատ լծակներ չունի, որովհետև ՀՀ-ում չկան քաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք թույլ կտան շեղում ռուսամետ կողմնորոշումից և ՌԴ-ի պարտադրանքից։ «Լծակներից թվում է ռազմականը, որը, չեմ կարծում, որ ՌԴ-ի նման ճնշման դեպքում կարող է երկարատև լինել»,- նկատեց Ենոքյանը։ Վերջինս դժվարանում է ասել, ե՞րբ ռուսական կողմը կյանքի կկոչի այս սցենարները, որովհետև դրանք գոյություն ունեին նաև քսան տարի առաջ, բայց չեն իրականացվել։ Ենոքյանի համոզմամբ` ներկայում պետք է ավելի մանրամասն հաշվել բոլոր քաղաքական ռիսկերը, քաղաքական զարգացումները, որոնք ընթանում են տարածաշրջանում, այդ թվում` Սիրիայում և Ուկրաինայում։
Հարցին, թե ունենալով առճակատման մի քանի օջախներ Արևմուտքի հետ, ՌԴ-ն Հայաստանին նման կարգավորում պարտադրելով՝ ռիսկի չի՞ դիմի, Ենոքյանը պատասխանեց, որ դա ամենևին էլ ռիսկային քայլ չի լինի Ռուսաստանի համար։ «ՌԴ-ն բացարձակ ոչինչ չի կորցնում, բացի Հայաստանի լոյալությունից, որը ևս չի կորցնում, որովհետև ՀՀ-ում չկա Ռուսաստանին ոչ նվիրված քաղաքական ուժ, և կարծես չի էլ նախատեսվում նման ուժի ձևավորում առաջիկայում։ Ինչո՞ւ պետք է լինի Արևմուտքի հետ առճակատում, եթե Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտություն է լուծում այս սցենարի միջոցով»,- նման մտահոգություն հայտնեց Աղասի Ենոքյանը։
Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչու են բոլորը հետաքրքրված այդ հոդվածով, որի հեղինակները, թեև հարգանքի են արժանի, սակայն, ԼՂ հակամարտության հարցում մասնագետներ չեն։
«Նրանք պարզապես միջազգայնագետներ են։ Իսկապես, նրանք ունեն տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը, ըստ ամենայնի, տրվել է Արտգործնախարարությունից, որն այսօրվա դրությամբ ակտուալ չէ։ Չեմ կարծում, որ այդ` բավականին հին առաջարկը լուրջ կերպով ինչ-որ մեկի կողմից դիտարկվում է այսօր։ Գուցե սա տեղեկատվական արտահոսք է, եթե դա նույնիսկ արտահոսք է և գիտակցված է, ապա չեմ կարծում, ամեն դեպքում, որ արժե լրջորեն դա քննարկել։ Սա միջազգային թեմա է դարձել, այդ պատճառով հեղինակներն անդրադարձել են թեմային և ստացել այս տեղեկատվությունը»,- նշեց Վադիմ Դուբնովը` շարունակելով, որ տարածքների վերադարձի թեման քննարկվում է այն ժամանակից ի վեր, երբ դեռ բանակցային սեղանին չէին Մադրիդյան սկզբունքները, ապա՝ թարմացված Մադրիդյան սկզբունքները, և այլն։
Դուբնովի խոսքով` սա շատ հին թեմա է, այն իրեն նույնիսկ հիշեցնում է «Կուպոլայի պլանը», որը ժամանակ առ ժամանակ իր երրորդ, չորրորդ կյանքն է ստանում։ «Իրենց կենսունակությամբ այս երկուսը հավասարազոր են։ Չեմ կարծում, որ ՀՀ-ն լրջորեն կդիտարկի այս սցենարը։ Այն ոչ մի կերպ ձեռնտու չէ ՀՀ-ին և նույնիսկ` Ադրբեջանին, ուստի, ըստ իս, ՌԴ-ի կողմից սա գործելու իմիտացիա է պարզապես, որն իրականում միայն PR նպատակներից ելնելով է նման արտահոսքեր դնում շրջանառության մեջ»,- ընդգծեց ռուս փորձագետը։
Հարցին, թե ի՞նչ հնարավորություններ, լծակներ ունի Հայաստանը ՌԴ-ի այս առաջարկը չընդունելու համար, Դուբնովը պատասխանեց, որ առաջարկն արդեն վաղուց է արվել, այն քննարկվում է արդեն տասնյակ տարիներ։ «Ոչինչ չի փոխվել այս առումով, իսկ Հայաստանն իր «դեմ» կարծիքն այս մասին արտահայտել է բավականին վաղուց։ Լծակների մասին պետք չէ խոսել, որովհետև լրջորեն նման առաջարկ ոչ մեկը չի անի առաջիկայում կրկին»,- ասաց նա` շարունակելով, որ, ինչպես Լավրովն ասաց Երևանում, Ռուսաստանը չի գործելու առանձին` իր ՄԽ գործընկերներից անջատ, քանի որ համերաշխ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ Մինսկի խումբը նման առաջարկ չի անի։ Ավելին` Վադիմ Դուբնովը չի գտնում, թե Սերգեյ Լավրովի երևանյան այցի կենտրոնում եղել է Ղարաբաղյան հակամարտության թեման։ Նրա խոսքով` քննարկելու շատ հարցեր կան, ինչպես սիրիական ճգնաժամը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական գազի` Վրաստան տարանցման հարցը, և այլն։ «Կան շատ հարցեր` ընթացիկ, տեղական, շատ ավելի ակտուալ, քան Ղարաբաղն է։ Իրականում չեմ հասկանում` ի՞նչ այլ սցենարներ կարող էին քննարկվել ԼՂ-ի շուրջ Լավրով-Նալբանդյան բանակցությունների ընթացքում։ Իմ համոզմամբ` այսօր ՌԴ-ն Ղարաբաղում աշխատում է Մինսկի խմբում»,- ընդգծեց Դուբնովը։
Անդրադառնալով տեսակետներին, թե Ադրբեջանը ցանկանում է միանալ ԵՏՄ-ին, քանի որ ՌԴ-ի հետ համաձայնություն կա Ղարաբաղի շուրջ` ասաց, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի ԵՏՄ-ին անդամակցեին Ադրբեջանը, Բելգիան, Ավստրալիան, ով` հնարավոր է։ Նրա խոսքով` հնարավորության դեպքում ցանկացած տեղում կարելի է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց հետաքրքրվածությունը կհայտնեն` միանալ ԵՏՄ-ին։ «Ադրբեջանում կա էլիտայի մի հատված, որին հետաքրքրում է ԵՏՄ թեման, բայց նրանք դոմինանտ չեն, և նրանց կարծիքը դոմինանտ չէ նման ծրագրեր կառուցելու հարցում»,- ասաց Դուբնովը։