Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքը հայտնի է
Իշխանությունը կեղծելու է Սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Այս միտքը շարունակ կրկնում է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ընդդիմությունը՝ որպես ապացույց բերելով տասնյակ փաստարկներ: Իշխանության ներկայացուցիչները հակադարձում են՝ կրկին որպես ապացույց բերելով նույնքան փաստարկներ:
Հասարակությունը լսում է այս բանավեճը, լսում է մեխանիկորեն՝ առանց կողմերից որևէ մեկին հավատալու, այսինքն՝ լսելով ոչինչ էլ իրականում չի լսում: Իսկ պատճառն այն է, որ անկախ նրանից, թե որքան արդար, որքան ազատ ու որքան թափանցիկ կլինի սահմանադրական հանրաքվեն, այն միևնույնն է՝ մարդկանց ընկալման մեջ ի սկզբանե կեղծված է: Ոչ միայն ու գուցե ոչ այնքան այն պատճառով, որ գործող իշխանության հետ ասոցացվող որևէ սուբստանցիա չի կարող լինել առանց կեղծիքի, այլ որովհետև մեր կյանքն է ընհանուր առմամբ հիմնված տոտալ կեղծիքի վրա:
Կեղծում են բոլորը, առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները, կեղծում են ընդդիմմադիրները՝ համոզելով, թե շնչում են ազգի հոգսերը ժամ առաջ լուծված տեսնելու հրամայականով, կեղծում են ուսուցիչներն ու բժիշկները, կեղծում են արհեստավորներն ու արվեստագետները, մի խոսքով՝ բոլորը: Կեղծում են, որովհետև մեր կյանքը կառուցված է տոտալ կեղծքի վրա: Կեղծիքը Հայաստանում ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն: Բացառություն է ազնվությունը, որի ցանկացած դրսևորում խեղդվում է հենց օրորոցում, որովհետև ցանկացած ազնիվ քայլ կարող է ստվերել կեղծիքի արմատացած միջավայրը, որի ամենալավ բնորոշումը տվել է Սերժ Սարգսյանը՝ գաղջ մթնոլորտ: Հայաստանն իսկապես ապրում է գաղջ մթնոլորտում ու պատճառն այն է, որ բոլորը, այդ թվում՝ հասարակությունը, քաղաքացիները կեղծիքը գերադասում են ազնվությունից ու ճշմարտությունից:
Ճշմարտությունը երբեմն ցավոտ է, ավելի հաճախ՝ ոչ հաճելի: Ճշմարտությունը պահանջում է աշխատանք, ջանք, նպատակադրում, իսկ կեղծիքով ապրելը հնարավորություն է տալիս իմիտացնել ամեն ինչ՝ սկսած անձնական կյանքից, մինչև հասարակական-քաղաքական հարաբերություններ: Պետք է ազնիվ լինել ու խոստովանել, որ մենք՝ որպես հանրույթ, ապրում ենք ոչ թե պարտադրված, այլ մեր իսկ կողմից ընտրված կեղծիքի մթոնոլրոտում ու խաղի կանոններով: Իսկ այդ մթնոլորտում որևէ միջոցառում, այդ թվում ընտրություններն ու հանրաքվեները, չեն կարող լինել ոչ կեղծ, եթե անգամ քվեարկության ընթացքը, ձայների հաշվարկն ու վերահաշվարկը կատարվեն ամենաժողովրդավարական մեթոդներով: Կեղծիքը, կրկնում ենք, խորքում է, բովանդակության մեջ:
Իսկ երբ բովանդակությունը կեղծ է, ձևը՝ անգամ ամենակատարյալ դրսևորման մեջ, չի կարող լինել չկեղծված: Ձևը չի կարող փոխարինել բովանդակությանը: Հանրաքվեի ներկայացվող սահմանադրության նախագիծը ձևի ու ամենևին ոչ բովանդակության փաստաթուղթ է, որովհետև այն ներկայացնողներն էլ, դրա դեմ պայքարողներն էլ դա անում են ըստ անհրաժեշտության՝ տուրք տալով ձևին ու չունենալով բովանդակություն: Այնպես որ, անկախ նրանից՝ ինչպես կընթանա դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, դրա արդյունքը լինելու է կեղծ՝ ինչպես ընդունման, այնպես էլ անգամ տապալման դեպքում: Ովքեր համաձայն չեն, թող ասեն՝ «այո», ովքեր համաձայն են, թող ասեն՝ «ոչ»: Դրանից ևս ոչինչ չի փոխվելու: