«Մենյու Գրուպ» ընկերությունն ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել 720. 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը
«Մենյու Գրուպ» ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում գործող menu.am և menu.ge ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերի սեփականատերը, իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ 720 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Մենյու Գրուպ» ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը:
Ներդրումային փուլի կազմակերպիչը «Գրանատուս Վենչուրս» ընկերությունն է, որը հանդիսանում է առաջին և դեռևս միակ հայկական վենչուրային հիմնադրամը: Ներդրմանը մասնակցել են «Գրանատուս Վենչուրսը» և այլ ներդրողներ: Խոսելով օնլայն գնումների շուկայի զարգացման տեմպերի և մրցակից ընկերությունների մասին, հանդիպման բանախոս, «Մենյու Գրուպ» ընկերության տնօրեն Վահան Քերոբյանն ասաց. «Մեր աշխատանքային գործունեության մեջ մեր միակ ու շատ մեծ մրցակիցը հենց մենք ենք: Ամենօրյա մեր աշխատանքային գործունեության արդյունքում մենք ձգտում ենք գերազանցել ինքներս մեզ և տեղում օր օրի լավացնել մեր ծառայությունների որակն ու շրջանառությունը: Այս իմաստով մենք այստեղ՝ Հայաստանում, ճիշտն ասած, մրցակիցներ չունենք, իսկ Վրաստանում կա՝ դա մի ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի 72 երկրներում, բայց մենք հաջողությամբ գործակցում ենք իրենց հետ»:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Վահան Քերոբյանն ասաց, որ իրենց ընկերությունը գրանցում է նկատելի առաջընթացի տեմպեր. «Առաջին հերթին՝ նպատակ ունենք Հայաստանում և Վրաստանում խիստ աշխուժացնել մեր զարգացման տեմպերը: Առաջիկայում մենք նպատակ ունենք նաև երկու այլ երկրներ՝ Բելառուսն ու Պարսկաստանը ևս ներառել մեր ծրագրերի մեջ, և մինչև մարտ ամիս արդեն կունենանք նոր երկիր»:
«Մենյու Գրուպ» ընկերության տնօրեն Վահան Քերոբյանն ընդգծեց, որ իրենց ծավալած գործունեության արդյունքում արդեն Հայաստանում և Վրաստանում ստեղծվել են զգալի թվով աշխատատեղեր. «Հայաստանում մենք ստեղծել ենք 100-ից ավելի աշխատատեղեր, իսկ Վրաստանում այդ թիվը գերազանցում է 50-ը: Հավելյալ շրջանառության հաշվարկներով պետք է ընդգծել նաև, որ մեր գործունեության արդյունքում մենք աշխատատեղեր ենք ստեղծել նաև մեր գործընկերների մոտ: Դրանք Հայաստանում գործող տարբեր ռեստորանններն ու ռեստորանային համալիրներն են, որտեղ արդեն ունենք 200-ից ավելի աշխատատեղ»:
Տեղեկացնենք, որ menu.am-ն իր գործունեությունը սկսել է 2012թ.-ից և այժմ միավորում է ավելի քան 300 ռեստորան Երևանում, իսկ menu.ge-ը՝ ավելի քան 150 ռեստորան Թբիլիսիում՝ հանդիսանալով Հայաստանի և Վրաստանի սննդի պատվիրման ամենամեծ օնլայն հարթակները. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել այն մարդկանց, ովքեր հետաքրքրություններ ունեն էլեկտրոնային կոմերցիայի մեջ՝ ներդրումներ անել այս ոլորտում, և բոլորովին պարտադիր չէ, որ այդ ներդրումները լինեն հենց մեր ընկերության շրջանակներում: Դա կարող է լինել օնլայն սուպերմարկետ կամ օնլայն կահույքի սրահ, և այլն: Ցավոք, պետք է ասեմ, որ էլեկտրոնային կոմերցիայի մեջ մենք դեռևս արժանի կոլեգաներ չունենք: Ներդնելով ամեն տեսակի ջանք ու եռանդ, մենք այսօր արդեն կարող ենք փաստել, որ հայ սպառողն օֆ-լայն գնումների համակարգից անցում է կատարում օնլայն հարթակ, և, ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր պատվերների կեսից ավելին այժմ իրականացվում է հենց օն-լայն տարբերակով»,- եզրափակեց իր խոսքն ասուլիսի բանախոս, «Մենյու Գրուպ» ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը: