«Թատրոնի ընթացիկ ծրագրերի մեջ հյուրախաղերն առաջնահերթ ուղղություններից են». Վարդան Գրիգորյան
Ցանկացած մշակութային օջախի, այդ թվում` նաև թատրոնների համար հյուրախաղերը կենսական նշանակություն ունեցող կարևոր բաղադրիչ են: Երևանյան պետական և ոչ պետական թատրոնների մեծ մասի համար, սակայն, այս բաղադրիչը գրեթե ամբողջովին հետին պլան է մղված: Պատճառները հիմնականում ֆինանսական, նյութական բնույթի են, արդյունքում, սակայն, բացն առկա է:
Փաստ է մնում այն, որ մարզային հանդիսատեսը հազվադեպ է հնարավորություն ունենում նայելու մայրաքաղաքային ներկայացումներ և տեսականորեն զրկված է հնարավորությունից՝ մասնակիցը դառնալու Երևանում ստեղծվող մշակութային կյանքին: Պետական կամերային երաժշտական թատրոնը, նկատի ունենալով մշակութային ընդգծված այս ջրբաժանը, 27-րդ թատերաշրջանի ծրագրերում ներառել էր մարզային հյուրախաղերի ծրագիրը: Թատրոնը բոլորովին վերջերս է վերադարձել մարզային հյուրախաղերից, որոնք ներառում էին Լոռու մարզի Ստեփանավան և Վանաձոր քաղաքները: Թատրոնի ղեկավարությունը որոշում էր կայացրել Թումանյանի ծննդավայրում՝ Լոռիում, ներկայացնել նորացված «Անուշը», որն իրենք՝ թատրոնի դերասանները, մեծ համարձակություն էին համարում:
168.am-ն այս մասին զրուցեց դերասան Մարատ Խաչատրյանի հետ, ով այս պահին զբաղված է թատրոնի խաղացանկային գրեթե բոլոր ներկայացումներում: ««Անուշ» ներկայացման մեջ ես խաղում եմ Մոսիի՝ Անուշի եղբոր դերը: Մոսին բարքերին զոհ գնացած հետաքրքիր, դրամատիկ, ընդգծված հոգեբանական և զգացմունքային կերպար է, ու, ավելին ասեմ՝ հենց Մոսիի կերպարով է բացվում ավանդական-դասական «Անուշ»-ից տարբերվող, այլ մոտեցում որդեգրած այս ներկայացման բանալին: Այստեղ Մոսին իր ձեռքին ունի մի հաստ ու երկար շղթա, և հենց այն տեսարանում, երբ ընկերն իրեն տապալում է գետնին, ինքը շղթան նետում է ձեռքից՝ խորհրդանշելով ավանդական կապանքներից ազատագրվելու իր ցանկությունը:
Ներկայացումը Երևանում շատ լավ էր ընդունվել, բայց մարզային թատրոնի հանդիսատեսի արձագանքը լրիվ այլ էր՝ մանավանդ, որ հենց Թումանյանի հող ու ջրի մեջ՝ Լոռիում էինք խաղում ներկայացումը: Ի ուրախություն մեզ, Ստեփանավանի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեզ: Ճիշտ է, որ ներկայացման սկզբում խիստ էին ու մի տեսակ սեփականատիրոջ տրամադրություններով, բայց վերջում նրանցից շատերը մոտեցան, շնորհավորեցին մեզ: Եղան ոմանք, որ ասացին նույնիսկ, թե ինձ մոտ լավագույնս զգացվում էի «իրենց» Մոսիի թասիբը: Ես շնորհակալ եմ ու շատ ուրախ»,- պատմեց նա:
Թատրոնի և կինոյի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով 17 տարեկանից այս թատրոնում է և, մասնավորապես, այս ներկայացման մեջ՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհու՝ Անուշի կերպարը, մեզ հետ զրույցում պատմեց, որ այս դերի համար առաջարկը շատ պատահական է արվել, երբ ժամանակին թատրոնի նախկին տնօրեն Դավիթ Հակոբյանի մոտ հերթական այցելության ընթացքում շատ պատահաբար հայտնաբերել է «Անուշի» բացված գիրքը: Անահիտը պատմում է, որ ռեժիսորն այդ ընթացքում պատրաստվում էր բեմադրել այս ներկայացումը, իսկ ինքն անգիր գիտեր պոեմը, որովհետև դեռ դպրոցական տարիներին Անուշ էր խաղացել.
«Սա կարծես ճակատագրական զուգադիպություն լիներ, ասաց՝ եթե քեզ դեր տամ՝ կխաղա՞ս, ասացի՝ ո՞նց չեմ խաղա, պարոն Հակոբյան, թեկուզ ուռենի կլինեմ այդ ներկայացման մեջ, միայն թե մասնակցեմ: Իմ զարմանքը շատ մեծ եղավ, երբ նա ասաց՝ Անուշը կլինես… Պատկերացնո՞ւմ եք, ես ընդամենը 17 տարեկան էի ու շատ լավ էի հասկանում, որ նման հնարավորություն կյանքի ընթացքում ոչ բոլորին է տրվում: Երբ դերի և կերպարի զարգացման աշխատանքները նոր էինք սկսել, Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ ինքն ուզում է ստանալ այնպիսի Անուշ, որ յուրաքանչյուր թատրոն եկած աղջիկ այդ կերպարի մեջ տեսնի ինքն իրեն, այլ ոչ կոնկրետ տեղանքով պայմանավորված՝ գեղջուկ մի աղջկա: Կերպարի շահեկան ներկայացման համար շատ քիչ դուրս ենք եկել գրական տարբերակի հերոսուհու կարծրատիպային ընկալումներից, ոչ մի դեպքում չանտեսելով, սակայն, Թումանյանին և հատկապես նրա խոսքը, որը պահպանել ենք նույնությամբ: Ներկայացման բոլոր տեսարանները ձևավորվել են նրա իսկ խոսքից»:
Դերասանուհին պատմեց նաև, որ սկզբնական շրջանում շատերը թերահավատորեն էին մոտենում իր ընտրությանը՝ այս դերի համար, գտնելով, որ երիտասարդ աղջիկը չէր կարող հավակնել այդպիսի դրամատիկ դերին. «Ես, իհարկե, համամիտ չէի, որովհետև Անուշն ինքը երիտասարդ աղջիկ էր, մենք գրեթե հասակակիցներ էինք, և այս հանգամանքն ինձ շահեկանորեն օգտակար է եղել միշտ: Ինձ նույնիսկ թվում է, որ 17 տարեկանում ես ավելի լավ էի զգում այդ դերը, քան հիմա»:
Անդրադառնալով հյուրախաղերի թեմային, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ասաց, որ պատասխանատվությունը շատ մեծ էր, որովհետև խաղում էին հենց վարպետի ծննդավայրում: «Չնայած, որ ես էլ ծնունդով լոռեցի եմ՝ ծնվել և մեծացել եմ Կիրովականում, բայց, միևնույն է՝ վախը կար, թե ինչպե՞ս մեզ կընդունի տեղի հանդիսատեսը: Այլ բան է՝ խաղալ մայրաքաղաքի հանդիսատեսի առաջ, ով պատրաստ է ընդունել որոշակի նորարար փոփոխություններ, և բոլորովին այլ բան ՝ պահպանողական ու լուրջ լոռեցի հանդիսատեսի առաջ, ով լավագույնս գիտի՝ ո՞վ է Թումանյանը, ու գուցե իրավացիորեն հենց իրենն է համարում Անուշին, Սարոյին ու Մոսիին: Նրանք ավանդական պատկերացումներ ունեն այդ ստեղծագործության նկատմամբ, և դա բոլորովին հասկանալի է: Ներկայացման սկզբում ես նկատեցի, որ հանդիսատեսը որոշակիորեն թերահավատ էր տրամադրված, բայց ընթացքում նա տաքացավ, մտավ ներկայացման մեջ, մեզ հետ միասին ապրեց ու վերապրեց այն բոլոր հույզերը, որ կային այդ պահին բեմում: Նման բուռն արձագանք վաղուց՝ պրեմիերայից այս կողմ, ես չէի զգացել: Ասացին՝ նման Անուշ մենք չէինք սպասում, բայց հիացած ենք: Ես կուզենայի, որ թատրոնները հաճախ շրջեին մարզերում, որովհետև մարզի հանդիսատեսը շատ ավելի լավն է, քան մենք կարող ենք պատկերացնել, հարգանքով, ինչ-որ տեղ՝ ավելի պատրաստված, ավելի կիրթ ու գրագետ մոտեցմամբ, թե ինչպես պետք է նայել ներկայացումը: Իրենք արժանի են, որ երևանյան թատերախմբերն ավելի մեծ ուշադրություն սևեռեն դեպի մարզերը»,- ասաց նա:
Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի հետ զրույցում մենք փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ունեն հյուրախաղերը թատրոնի համար, և առաջիկայում ի՞նչ հյուրախաղեր են նախատեսվում. «Ընդհանրապես թատրոնի ընթացիկ ծրագրերի մեջ հյուրախաղերն առաջնահերթ ուղղություններից են, որի շնորհիվ ոչ միայն՝ թատրոնն է հասանելի դառնում մարզի հանդիսատեսին ու ճանաչելի դառնում, այլ, որ ամենակարևորն է՝ մարզի հանդիսատեսը հնարավորություն է ունենում պրոֆեսիոնալ, բարձր ճաշակով ձևավորված ներկայացում դիտել: Բայց պետք է ընդգծել, որ մարզի հանդիսատեսը շատ ավելի պահանջկոտ է, թատերասեր, հաճույքով է գալիս թատրոն: Քանի որ եղանակային պայմանները փոխվել են, և մարզերում շատ դահլիճներ ջեռուցման խնդիր ունեն, ու ճանապարհներն էլ անանցանելի են դառնում, ապա մեր թատրոնն ավարտում է 2015-ի մարզային հյուրախաղերը և արդեն ծրագրում է 2016-ի խաղերը: Նախատեսում ենք մոտ 5 մարզային հյուրախաղ, բացի այդ, պատրաստում ենք ամանորյա ներկայացում, որը, հնարավոր է՝ խաղանք նաև Երևանին մոտ համայնքների երեխաների համար:
Տեղեկացնենք, որ Կամերային երաժշտական թատրոնը 2015-ի գործունեության ընթացքում իրականացրել է թվով 4 հյուրախաղ՝ Արցախում (Ստեփանակերտ), Գեղարքունիքի (Լճաշեն, Հրազդան), Լոռու (Ստեփանավան, Վանաձոր) մարզերում: Մարզային վերջին հյուրախաղերի ընթացքում թատրոնը Ստեփանավանում և Վանաձորում հանդիսատեսին է ներկայացրել «Անուշ» և «Երեք խոզուկների նոր արկածները» թատերական ներկայացումները, որոնք անցել են մարզային լեփ-լեցուն դահլիճներում՝ ջերմ և հյուրընկալ մթնոլորտում: