Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն
Անցած շաբաթ տեղի ունեցած մի քանի իրադարձություններ ստվերեցին մեկ այլ իրադարձություն, որը, սակայն, էական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում: Խոսքը ԲՀԿ արդեն կամ արդեն առայժմ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում կատարված հարկային ստուգումների ու դրանց արդյունքում արձանագրված բացահայտումների մասին է: Իսկ բացահայտումն այն էր, որ ոչինչ էլ չէր հայտնաբերվել այդ ստուգումների արդյունքում: Համենայնդեպս, դա արձանագրեց իշխանությունը, որի համար Ծառուկյանը մի քանի ամիս դարձել էր «համակարգային թշնամի»:
Բայց հիմա Ծառուկյանն այլևս իշխանության բարեկամն է, ով ոչ միայն «միլիարդավոր հարկեր չի թաքցնում» (ինչպես ասում էին իշխանության որոշ ներկայացուցիչներ), այլև շարունակում է բարեգործությունները: Իսկ իշխանության բարեկամները, հատկապես՝ բարեգործություն անող բարեկամները, դա չեն անում հենց այնպես, մարդասիրությունից դրդված, այլ անում են շատ որոշակի նպատակներով, որը Հայաստանում հանգում է քաղաքականությանը: Մի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանի կողքին լուսանկարվելով սկսված Գագիկ Ծառուկյանի ռեաբիլիտացիան շարունակվեց հարկային «մաքրազերծմամբ»: Ի՞նչն է հաջորդելու դրան:
Ամենայն հավանականությամբ, հաջորդելու է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերադարձը նախ՝ խորհրդարան՝ բառի ուղիղ, ֆիզիկական իմաստով, ապա՝ բացառված չէ նրա վերադարձը «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Գուցե ոչ թե՝ նախագահի, այլ՝ սովորական կուսակցականի կարգավիճակով: Ոչ թե շարքային անդամի, իհարկե, այլ՝ պատվավոր: Պատահական չէ, որ հենց Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումների ավարտի մասին տեղեկությունների հրապարակմանը հաջորդող օրերին տեղեկություններ հրապարակվեցին, որ ԲՀԿ են վերադառնում փետրվարյան իրադարձություններից հետո կուսակցությունից հեռացած գործարար պատգամավորները: Հասկանալի է, որ նրանք այդ քայլին չէին դիմի՝ առանց իշխանության իմացության-հանձնարարության:
Ո՞րն է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու՝ իշխանության նպատակը. դժվար է միանշանակ ասել: Բայց, որ այդ գործընթացը ներկայումս տեղի է ունենում, ակնհայտ է: Նպատակներից մեկը, իհարկե, կարող է լինել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղն այդուհանդերձ ԲՀԿ-ին տալու սցենարը: Բացառված չէ նաև, որ Ծառուկյանը վերադարձվում է քաղաքականություն՝ Արա Աբրահամյանին հակակշռելու համար, եթե, իհարկե, իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ վերջինս քաղաքականություն մտնելու որոշում է կայացրել ոչ թե՝ Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի իշխանության համաձայնությամբ/հանձնարարությամբ: Անկախ նպատակներից, այս պահին կարելի է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանն իշխանության անմիջական ջանքերով ռեաբիլիտացվում է: Իսկ թե երբ ու ինչ դրսևորմամբ տեղի կունենա նրա «վերադարձի» պաշտոնական ազդարարումը, արդեն տեխնիկայի հարց է: