«Խորհրդարանական կառավարումը ՀՀ-ին հնարավորություններ կտա, բայց…». Նիկոս Լիգերոս
Հարցազրույց հույն վերլուծաբան, Լիոնի համալսարանի գիտաշխատող Նիկոս Լիգերոսի հետ
– Մեկ ամսից ՀՀ քաղաքացիները պետք է մասնակցեն երկրի կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանականի փոխելու հանրաքվեի, ինչը դարձել է իշխանական «Այո» և ընդդիմության «Ոչ» ճամբարի բախումների առարկա։ Հաշվի առնելով Հունաստանի խորհրդարանական կառավարման համակարգի փորձը, ինչպե՞ս կգնահատեք այս համակարգի արդյունավետությունը` կայուն ժողովրդավարություն կառուցելու տեսանկյունից։
– Իմ կարծիքով` մարդիկ են ստեղծում համակարգերը, և ոչ` հակառակը։ Հունաստանում մենք ապրում ենք խորհրդարանական կառավարման ներքո և դիտարկում ենք այն` որպես ժողովրդավարական, քանի որ մարդիկ ունեն ավելի մեծ իշխանություն։ Սակայն համակարգի արդյունավետությունն իրականում կախված է կուսակցություններից, նրանց վստահելիությունից և միմյանց հետ համագործակցությունից։ Այս համակարգով մենք կարող ենք մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված քայլեր իրականացնել, և ոչ հրամայական կերպով, պարզապես կա նորարար գաղափարներ արտահայտելու ազատություն, մյուս կողմից` դու պետք է շատ զգույշ լինես քո որոշումներում, եթե ցանկանում ես ունենալ ազգային մակարդակի ռազմավարություն։
– Կրկին հաշվի առնելով Ձեր երկրի փորձը, կարո՞ղ եք պնդել, որ կառավարման որակը կախված է կառավարման համակարգի տեսակից։ Ի՞նչ դրական փոփոխություններ է բերել այս համակարգը Ձեր երկրին։
– Միանշանակորեն, այո, կարող եմ նման պնդում անել, կառավարման որակը կախված է բացառապես կառավարման համակարգից, հետևաբար` համակարգի ընտրությունը պետք է տեղին լինի։ Նախկինում մենք ունեցել ենք միապետություն, և ես այժմ չեմ կարծում, որ Ձեր երկրում կառուցվածքային փոփոխություն իրականացնելու հեշտ եղանակ կա։ Համակարգը բազում հնարավորություններ է տվել, դրանցից Հունաստանում հաջողվել է օգտվել։ Բայց դա գուցե կիրարկելի չլինի այլ երկրներում, ամեն համակարգ տարբեր կերպ է գործում տարբեր երկրներում։
– Հայաստանյան իշխանությունները, հատկապես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, պնդում են, որ այս համակարգն ավելի ժողովրդավարական է, ապահովում է կայուն ժողովրդավարություն, իրավունքի, օրենքի գերակայություն, և այլն։ Այնինչ ընդդիմությունը պնդում է, որ նախագահը նախաձեռնել է բարեփոխումներն իր իշխանությունը պահպանելու նպատակով։ Ի՞նչ եք կարծում այս պնդումների մասին։
– Երկու կարծիքներում էլ կարելի է գտնել ճշմարտության հատիկ։ Այս համակարգով, այո, դու կարող ես ունենալ կայուն ժողովրդավարություն, սակայն այդ կայունությունը գալիս է իշխանություններից։ Այսինքն` եթե իշխանությունը որոշում է մնալ, ապա կայունությունը լավ է, բայց դու պետք է փոխես իշխանությանը։
– Փոքր երկրում, որի կառավարման համակարգում կան նաև արմատացած արատավոր երևույթներ, ինչպիսին օլիգարխիկ, մենաշնորհային, կոռուպցիոն երևույթները, ո՞րն է ժողովրդավարական կառավարմանը հասնելու բանալին։ Ի՞նչը կարող է լուծում լինել, քանի որ, ըստ էության, համակարգի տեսակն այնքան էլ կարևոր չէ, երբ կան արմատացած նման երևույթներ։
– Բանալին ազատությունն է։ Դուռը` ժողովրդավարությունը։ Վայրը` ռազմավարությունը։ Իրականում, որպես դինամիկ համակարգ` ժողովրդավարությունը չափազանց արդյունավետ է, քանի որ այն կարող է ամրացնել և վերացնել այն բացասական էլեմենտները, որոնք մատնանշեցիք։
– Կան նաև կարծիքներ, որ այս փոփոխություններն այդ բացասական երևույթների վրա դրականորեն կանդրադառնան։ Դա՞ նկատի ունեիք։
– Այսպես կասեմ, որ նոր Սահմանադրությունն ավելի ժողովրդավարական հեռանկար է ուրվագծում երկրների համար, այսինքն` դա հնարավորություն կտա ազատություն, ինքնիշխանություն զարգացնել, բայց երկրի իշխանություններին անհրաժեշտ կլինի ռազմավարություն` պահպանելու համար արդյունքները, քանի որ հնարավորությունը դեռ իրողություն չէ։ Նոր Սահմանադրությունը կտա մի շարք հնարավորություններ, բայց հաջորդ իրականությունը կերտելու հարցը կախված է իշխանություններից։