 
                        Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռում եղել է 5 հայ և 1 ռուս
 
                                    Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել են 12 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները՝ 5 հայ և 1 ռուս: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցչին:
Նախնական տեղեկություններով՝ ավիաաղետի հետևանքով մահացել է մոտ 40 մարդ:
Ջուբայի օդանավակայանի ղեկավարի խոսքով՝ հաջողվել է փրկվել 3 ուղևորի:
Բացի այդ՝ ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է ֆերմայի վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հիշեցնենք, որ «ԱՆ-12» ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով:
Այս տեղեկությունը LifeNews-ին հայտնել են Golden Wings ավիաընկերությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիաաղետը տեղի է ունեցել օդանավակայանի հարևանությամբ: Օդանավն ընկել էր օդ բարձրանալուց քիչ անց: Ինքնաթիռի բեկորները ընկած են Սպիտակ Նեղոս գետի ափին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Interfax-ի աղբյուրը չէր բացառել, որ կործանված «ԱՆ-12»-ը կարող էր պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        