«Էրդողանն ավելի է կոշտացնելու քաղաքականությունը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում». Արա Պապյան
Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ էին հայ փարձագիտական հանրության համար: «Շատերս սխալվեցինք, քանի որ կարծում էինք` Էրդողանին ու նրա կուսակցությանը չի հաջողվի հավաքել անհրաժեշտ ձայներ, բայց նրան հաջողվեց, քանի որ ստեղծել էր վախի մթնոլորտ երկրում, և ժողովրդին կարծես թե համոզել, որ ինքն ու իր կուսակցությունը երկիրը կտանեն կայունության»,- այսօրվա ասուլիսին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Ըստ նրա՝ էրդողանի համար սա հաջողություն էր, բայց Թուրքիայի համար, տարիների կտրվածքի առումով, կարող է վատ լինել, որովհետև արձագանքը և՛ ներսում, և՛ դրսում (հատկապես՝ Եվրոպայում) այն է, որ Էրդողանը ձգտում է՝ փոխելով Սահմանադրությունը, ստեղծել նոր խալիֆայություն և ստանձնել խալիֆի դերը, այսինքն՝ ստեղծել միահեծան իշխանություն:
Արա Պապյանի կարծիքով՝ Էրդողանն ավելի է կոշտացնելու քաղաքականությունը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում. «Էրդողանին հաջողվեց լուծել իր կուսակցության խնդիրը, բայց կհաջողվի՞ պետության ներսում կայունություն բերել, դա արդեն լուրջ խնդիր է: Հայաստանի նկատմամբ ևս նրա քաղաքականությունը կկոշտանա: Թուրքիան շատ ավելի է հակված բռնության, քան մենք էինք կարծում, և այնտեղ արյուն թափելն այլ ազդեցություն ունի, քան Եվրոպայում: Կլարվեն Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, քանի որ Թուրքիան ավելի ու ավելի ինքնուրույն դերակատարություն կստանձնի, ինչը տարիներ ի վեր բարկացնում է հատկապես՝ ԱՄՆ-ին, իսկ Էրդողանը՝ իրեն վստահ զգալով, դա կշարունակի: Թե ինչի՞ կարող է հանգեցնել այս լարվածությունը, դժվար է ասել, բայց այսօր Ամերիկան Թուրքիայի նկատմամբ իրականացնում է կրկնակի զսպման քաղաքականություն և թույլ չի տա, որ Թուրքիան չափից ավելի ինքնուրույն դառնա: Այդտեղ կարող են մեր շահերը համընկնել»: