Արցախ է ներկրվելու թթենու քսան հազար տնկի

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կայքը հայտնում է , որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սիրիայից Արցախ է ներկրվելու թթենու քսան հազար տնկի։ Դրանք գյուղնախարարությունը տրամադրելու է հատուկ կարգի համաձայն։

Ինչպես պարզաբանել է գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը, հանրապետության բոլոր շրջվարչակազմերն արդեն ծանուցումներ են ստացել, եւ նրանք պետք է համապատասխան հայտեր ներկայացնեն գյուղնախարարությանը, ինչից հետո էլ համապատասխան քանակության թթենու տնկիներ են տրամադրվելու։

ԼՂՀ կառավարության որոշման համաձայն, նախարարությունը վերահսկելու է, որպեսզի մարդիկ պատշաճ կերպով խնամք տանեն տրամադրված տնկիների նկատմամբ։ «Սա բավականին հեռանկարային ծրագիր է, եւ այն բարեհաջող կյանքի կոչելու պարագայում մեր թթայգիները կավելանան եւս 180-200 հա-ով»,- ասել է գյուղատնտեսության փոխնախարարը։

Ըստ Կարեն Աղաջանյանի՝ պահանջարկ լինելու դեպքում ծրագիրը շարունակություն կունենա։

Նա նաեւ նշել է, որ նախարարության առջեւ թթայգիները թարմացնելու, դրանք նոր տնկիներով համալրելու, նոր տնկարկներ հիմնելու խնդիր է դրված։ Սիրայից ներկրված տնկիները տրամադրվելու են 2016-ի փետրվարից սկսած:

Տեսանյութեր

Լրահոս