Թբիլիսիում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը

Այսօր Թբիլիսիում հանդիսավորությամբ վերաբացվեց վերականգնված Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարը (Բերդի Մեծ եկեղեցին)։ Եկեղեցու վերաօծման և վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորները, բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևորականներ Հայաստանից և Վրաստանից, ինչպես նաև, բազմաթիվ հյուրեր և թեմի հավատացյալները։

Սբ. Գևորգ եկեղեցու վերաբացման և վերաօծման հանդիսավոր արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։ Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի ամենահին եկեղեցիներից է` Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ 13-րդ դարին թվագրված պատմամշակութային կոթողի վերականգնման նախագիծը մեկնարկել է 2012թ. և տևել երեք տարի։

Surb Gevorg-Vrastan (10)

Եկեղեցու վերաբացմանն ընդառաջ` օրերս Թբիլիսիում հանդիպեցինք Սուրբ Գևորգ տաճարի վերակառուցման ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանին, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց եկեղեցու նախնական տեսքը, խոսեց տարիներով հիմնավոր վերանորոգման չենթարկված կոթողի խնդիրներից.

«Եկեղեցին իսկապես անմխիթար վիճակում էր, պատերին հսկայական մեծ ճեղքեր էին գոյացել։ Քանի որ կառույցը թեքության վրա է և եկեղեցու հենց տակը` ընդերքում, հոսող ստորգետնյա բնական տաք ջրեր կան, որոնք ողողում էին տաճարի հիմքը և մեծ վտանգ ներկայացնում կառույցի համար, դրանք ժամանակի ընթացքում ամբողջովին քայքայել էին կառույցի հիմքն ու պատերի աղյուսե շարվածքը։ Հետևաբար` մենք վերականգնողական աշխատանքների ընթացքում առաջին հերթին` մեծ ուշադրություն դարձրեցինք հենց եկեղեցու հիմքի ամրացմանը` փոխարինելով հինը նոր, ջրամեկուսիչ հիմքով»։ Մեզ հետ զրույցում Արթուր Ամիրխանյանը պատմեց նաև, որ կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է կառույցի արտաքին ծեփապատումն ու վերականգնվել եկեղեցու սկզբնական` աղյուսապատ տեսքը։

Surb Gevorg-Vrastan (11)

Surb Gevorg-Vrastan (2) Surb Gevorg-Vrastan (3) Surb Gevorg1-Vrastan

Թբիլիսիում հանդիպեցինք և զրուցեցինք նաև եկեղեցու վերականգնող ճարտարապետ, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեի հետ, ով տաճարի նմանօրինակ մեծածավալ վերականգնման նախագիծը բնորոշեց, առաջին հերթին` բարերարների և դոնոր կազմակերպությունների ցուցաբերած հայրենասիրության դրսևորում. «Ի վերջո, պատմական այս կարևորագույն հուշարձանի վերականգնման համար սկսած հսկայածավալ աշխատանքների նախաձեռնումն ու անթերի իրականացումը հովանավոր ընկերությունների ու նրանց ներկայացուցիչների մեծ հայրենասիրության արդյունքն էր, որը, իմ կարծիքով, կարևոր և ողջունելի մոտեցում է»։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում ճարտարապետ Օթար Չակվետաձեն ներկայացրեց վերականգնման աշխատանքների ընթացքը` այն բաժանելով 3 փուլերի. «Առաջին փուլը մեկնարկեցինք ամբողջովին խարխլված հիմքի լիակատար վերականգնման, ամրացման և ջրահեռացման աշխատանքների իրականացմամբ, որին հաջորդեց կառույցի արտաքին ամրացման, ճաքերի վերացման, գմբեթի ծածկի վերականգնման ու անհասկանալի կերպով ծեփապատված եկեղեցին նախնական ճարտարապետական տեսքին վերադարձնելու փուլը։

Surb Gevorg-Vrastan (6)

Բուն կառույցի վերականգնման երրորդ փուլը եզրափակվել է տաճարի ներսում կատարված վերանորոգման ու վերականգնման աշխատանքներով։ Պետք է հատուկ ընդգծել այն կարևոր հանգամանքը, որ այս կոթողն առանձնանում է իր ներսում եղած մեծարժեք որմնանկարների հարուստ ժառանգությամբ, որ պատկանում են նշանավոր հայ նկարիչների վրնձին։ Որմնանկարների վերականգնման հիանալի աշխատանքն ամբողջովին իրականացվել է հայ մասնագետների կողմից»,- ասաց վերականգնող ճարտարապետ Օթար Չակվետաձեն։

Սբ. Գևորգ տաճարի վերակառուցման կարևորագույն ձեռքբերումներից է համարվում եկեղեցու ներսում` որմնանկարների և իկոնոստասի վերականգնման աշխատանքները։ Տաճարի մուտքի և խորանի կողային պատերը, կամարային որմնախորշերը և սյուներն ամբողջովին զարդարված են Հովնաթանյանների, Գևորգ Բաշինջաղյանի և անհայտ վարպետների գեղանկարչության նմուշներով։ Եկեղեցու որմնանկարներն ուշագրավ են նրանով, որ կան հայտնաբերված շերտեր, որոնք թվագրվում են 17-րդ, 19-րդ դարի սկզբներին, և մինչև անգամ հայտնաբերված շերտեր, որոնք, ըստ մասնագիտական եզրահանգման` գալիս են դեռևս 15-րդ դարից։ Հուշարձանն ուշագրավ է հենց նրանով, որ տարբեր դարերում արված այս որմնանկարները նայվում են` որպես մեկ ընդհանրություն` կոթողին հաղորդելով գաղափարախոսական և հոգևոր մեծ արժեք։ Եկեղեցու որմնանկարներն ու իկոնոստասը վերականգնվել են Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից` Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինի խորհրդատվական աջակցությամբ։

Surb Gevorg-Vrastan (5) Surb Gevorg-Vrastan (4)

Վերականգնված որմնանկարների թեմայով զրուցեցինք նաև Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Արժանիկ Հովհաննիսյանի հետ. «Սբ. Գևորգ եկեղեցում որմնանկարների ուսումնասիրության աշխատանքները սկսել ենք դեռևս 2012 թ.։ Երկարատև ու մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ ներկի ծածկույթների տակ գոյություն ունեն որմնանկարների բավական մեծ շերտեր։ Որմնանկարների շերտերն ազատագրելուց հետո մենք ստացանք կոմպոզիցիոն լուրջ կառուցվածք, որը համապատասխանում էր եկեղեցական իկոնոգրաֆի կանոններին։ Որմնանկարների վերականգնման բարդությունը կայանում էր նրանում, որ կային ռեստավրացիոն շերտեր, որոնք ժամանակին կատարվել էին խիստ ապաշնորհ կերպով, հավանաբար, այսպես ասած` «մալյարների» ձեռքով։ Դա կոչվում է` վերանկարել։

Surb Gevorg-Vrastan (7) Surb Gevorg-Vrastan (8)

Այն շերտերը, որոնք խանգարում էին բնօրինակ որմնանկարի կարդացմանը, խորհրդի որոշմամբ ուղղակի հեռացրեցինք։ Շատ զարմանալի ու, միաժամանակ` նաև շատ ողջունելի է, որ այսօր Սբ. Գևորգ եկեղեցու բացված արժեքավոր որմնանկարների տակ կա ևս որմնանկարների շերտ կամ գուցե շերտեր։ Այսինքն` գաղտնիք դեռևս գոյություն ունի»։
Մատենադարանի Արվեստի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը, ով Սբ. Գևորգ եկեղեցու վերակառուցման գործում ներգրավված էր` որպես խորհրդատու և տեխնիկական վերահսկիչ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ կառույցի վերականգնման ողջ ընթացքում խորհրդակցական շփումների և կապի մեջ է եղել որմնանկարների վերականգնող խմբի և այդ խմբի ղեկավարի հետ.

«Սբ. Գևորգ եկեղեցին բացառիկ հուշարձան է։ Իրավմամբ, մենք որմնանկարազարդ շատ եկեղեցիներ ունենք, բայց ամբողջովին այդպիսին այսօր գործող եկեղեցիների մեջ, կարելի է ասել, չկա, եթե չհաշվենք Աղթալայի եկեղեցին։ Ի պատիվ վերականգնող խմբի և Արժանիկ Հովհաննիսյանի կատարած աշխատանքի, պետք է փաստել, որ Սբ. Գևորգ եկեղեցու մակերեսով որմնանկարներն ամբողջովին բացված և ներկայացված են»։

Surb Gevorg-Vrastan (1)

Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման և վերաօծման առիթով Թբիլիսի կատարած այցելության ընթացքում մենք հնարավորություն ունեցանք հանդիպելու նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ եկեղեցու վերականգնումը Վիրահայոց թեմում բացառիկ նշանակության իրադարձություն է.

«Սա ոգևորող և խթանիչ դեր է ունենալու վիրահայոց հոգևոր և մշակութային կյանքի համար։ Մենք ունենում ենք, չէ՞, երազանքներ, բայց երբ այդ երազանքներից որևէ մեկն իրականացման մեջ գերազանցվում է, դա լրիվ ուրիշ զգացողություն է։ Այսպես է արդեն իսկ վերականգնված Սբ. Գևորգ եկեղեցու այսօրվա ձեռքբերումը, որն ինձ համար պատմական իրադարձություն է, և ես հիմա անչափ հուզված եմ խոսում այդ մասին»։

Վիրահայոց թեմի առաջնորդն առանձնահատուկ հպարտությամբ էր պատմում այն մասին, որ թեմի տասնյակ հավատացյալներ արդեն 3 տարի շարունակ հետաձգում են իրենց մկրտություններն ու պսակները` սպասելով եկեղեցու վերաբացմանը, հատուկ այստեղ իրենց հոգևոր արարողությունները կատարելու համար.

«Գիտե՞ք` հավատացյալների ի՜նչ հերթ է գոյացել։ Բոլորն անհամբեր սպասում են եկեղեցու վերաբացմանը։ Հիմա մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպե՞ս ենք հասցնելու այդքան հավատացյալների սպասարկել, ու ինձ համար սա երևի ամենահաճելի «մտահոգությունն» է, որ ունեցել եմ Վիրահայոց թեմում այսքան տարիների ծառայությանս ընթացքում։

Չզարմանաք, եթե ասեմ, որ Հայաստանից էլ մարդիկ կան, ովքեր անհամբեր սպասում են եկեղեցու գործելուն։ Զորօրինակ, արդեն նոյեմբերի 1-ին ունենք նշանակված պսակ, որն ինքս եմ օրհնելու։

Մեզ համար սա բացառիկ իրադարձություն կլինի, որովհետև պսակադրվել ցանկացող զույգը եկեղեցու ռեստավրացիոն խմբի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանի որդին` Դավիթն է և նույն խմբի անդամ Աշխենը, ովքեր հավանեցին իրար ու սիրահարվեցին հենց Սբ. Գևորգի վերակառուցման տարիների ընթացքում։ Սա շատ հուզիչ պատմություն է, որովհետև այս երեխաները սիրահարվեցին եկեղեցու վերականգնման ամենածանր օրերին` տախտակամածների վրա, ձմեռվա ցրտերին։ Մի խոսքով, ես ուզում եմ այս ամենի համար իմ ու եկեղեցու անունից խորին երախտագիտությունս հայտնել այն բոլոր բարերարներին ու դոնոր կազմակերպություններին, ովքեր սիրով և նվիրվածությամբ հանձն առան այս աստվածահաճո և արժանապատիվ աշխատանքը»,- իր խոսքը եզրափակեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։

Հիշեցնենք, որ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի (Բերդի Մեծ եկեղեցին) վերականգնման նախագիծը մեկնարկել է 2012թ. և տևել 3 տարի` դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի (համահիմնադիր գործարար և բարերար Ռուբեն Վարդանյան) կարևորագույն ծրագրերից մեկը։ 13-րդ դարին թվագրված պատմամշակութային կոթողը վերականգնվել է բարերարների նվիրատվություններով։ Հիմնական բարերարներն են` Սերգեյ Սարկիսովը, Ռուսուդան Մախաշվիլին, Դանիիլ Խաչատուրովը, ռուսաստանցի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, ինչպես նաև` Ալբերտ Ավդոլյանը։ Ալբերտ Ավդոլյանը մեկենաս է, ծնվել է 1970թ., Կրասնոդարի մարզում, 2006 թ. ավարտել է Իրկուտսկի Պետական համալսարանը, իրավաբան է։ Ամուսնացած է, ունի 4 զավակ, զբաղվում է ակտիվ բարեգործական գործունեությամբ։

Տեղեկացնենք, որ 2015 թ. Վիրահայոց թեմի համար նշանավորվեց Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման և «Տաճարային համալիր» նախագծի առաջին փուլի ավարտով։

Surb Gevorg ekexeci-Vrastan

Առաջիկայում նախատեսվում է տաճարային համալիրի պատմական տեսքի վերականգնման մեկնարկը, որը ենթադրում է եկեղեցուն կից մշակութային-լուսավորչական կենտրոնի, կիրակնօրյա դպրոցի, հնագիտական գտածոների թանգարանի ստեղծումը։ Եկեղեցու վերականգնման ծրագրի շրջանակներում (IDeA) հիմնադրամի կողմից հրատարակվել է Սբ. Գևորգ եկեղեցու որմնանկարների շքեղ ֆոտոալբոմը։

Սբ. Գևորգ տաճարը (կամ Բերդի Մեծ եկեղեցին) Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից է, որ կառուցվել է 13-րդ դարում և եղել հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային, լուսավորչական կենտրոններից մեկը։ Եկեղեցին բազմիցս տուժել է տարբեր արշավանքներից, հրդեհվել է ու բազմիցս վերակառուցվել։ Սբ. Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված ինչպես` հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի, այնպես նաև` գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լոռիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի և Բորիս Շելկովնիկովի աճյունները։

Լուսանկարները` ԱՌՆՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս