Բաժիններ՝

«Թուրքիայում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ կարող է կրկնվել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքը»

Նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Թուրքիայի՝ ինչպես ներքաղաքական պրոցեսների , այնպես էլ՝ արտաքին քաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության առումով: Ինչպիսի՞ արդյունքներ կգրանցվեն այդ ընտրություններում: Արդյո՞ք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է ապահովել անհրաժեշտ մեծամասնություն ու հնարավորություն ստանալ՝ կազմելու միակուսակցական կառավարություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս և այլ հարցերի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը. «Ակնհայտ է, որ թե՛ նախընտրական շրջանը, թե՛ բուն ընտրությունները անցնելու են բավականին լարված, պայթյունավտանգ իրավիճակում, և չի բացառվում, որ այդ լարվածությունը կշարունակվի նաև հետընտրական իրավիճակում: Նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունները «Արդարություն և զարգացում» կուսակցության(ԱԶԿ) և, հատկապես, հենց էրդողանի համար կենաց և մահու պայքարի խնդիր է: Հաշվի առնելով նախկին փորձառությունը (հունիսի 7-ի ընտրությունները)` էդողանն այս անգամ ամեն գնով փորձելու է ապահովել իր համար այդքան անհրաժեշտ մեծամասնություն, այսինքն՝ 276 մանդատ , որպեսզի հնարավորություն ունենա կազմելու միակուսակցական կառավարություն»:

Թուրքագետն ընդգծեց, որ ի տարբերություն հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների, այս ընտրություններն անց են կացվելու իշխանությունների տոտալ վերահսկողության ներքո. «Չեմ բացառում կեղծումները, բայց հիմնականում կլինի տոտալ վերահսկողություն, ընդդիմադիր մամուլի դեմ գործողություններ, տարբեր շրջաններում անվտանգության մեծագույն ուժերի կենտրոնացում, ինչը ստեղծում է լարվածության մթնոլորտ, որը ճնշող ազդեցություն է ունենում ընտրազանգվածի կողմնորոշման վրա»:

Լ. Հովսեփյանը կարևորեց այն, թե այս ընտրություններում ինչ մոտեցում կցուցաբերի այն ընտրազանգվածը, որը հունիսի 7-ին պատժեց Էրդողանին. «Հունիսի 7-ից էականորեն իրավիճակ է փոխվել Թուրքիայում. ներքին քաղաքականություն, տնտեսական խնդիրներ, քրդական զինյալ պայքար, երկրի անկայությունը, նաև՝ արտաքին քաղաքական դաշտում խնդիրները: Երկրում կայունության պահպանման խնդիրը կարող է ազդել ընտրողների կողմնորոշման վրա, որովհտեև այն ընտրողները, ովքեր պատժեցին Էրդողանին և նրա ձայների հաշվին մյուս ուժերը՝ հատկապես «Ազգայնական շարժում» կուսակցությունը և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կարողացան քվեներ ապահովել, հիմա հնարավոր է որոշակի մոտեցում փոխվի: Այս առումով ամենակարևորն այն է , թե արդյո՞ք ԱԶԿ-ն կարողացել է իր մեսիջնեը տալ այդ ընտրազանգվածին: ԱԶԿ-ում կարողացան վերլուծել, քննարկել իրենց բացթողումները և պատահական չէ, որ հունիսի 7-ից նաև քրդական զինյալ պայքարի համատեքստում ԱԶԿ-ն փորձեց խաղարկել հենց ազգայնական գործոնը և իրեն դրսևորել առավել ազգայնական, քան «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Ի տարբերություն հունիսի 7-ի ընտրություններին նախորդած քարոզարշավին, կարծես, Դավութօղլուն որոշակիորեն վերաիմաստավորել է իր մոտեցումները և այս ընտրություններին ավելի ճկուն ու ազգայնական դիրքերից է հանդես գալիս, ինչը նշանակում է, որ կարող են իրենց կորցրած ձայները հետ բերել: Նման պարագայում կորցնողը կարող է լինել հենց «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը հունիսի 7-ի ընտրություններում առավել շահող կուսակցությունն էր»:

Լևոն Հովսեփյանը կարևորեց փոքր քվեների խնդիրը, որովհետև ըստ նրա՝ տարբեր նահանգներում հենց փոքր քվեների օգնությամբ են կուսակցությունները կարողացել մանդատներ ապահովել: Նա նշեց՝ Թուրքիայում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ կարող է կրկնվել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքը: Բայց թուրքագետի կարծիքով՝ վերը նշված գործընթացները կարող են փոխել այդ պատկերը. «Չի բացառվում, որ նշածս գործոնների կիրառման պայմաններում այս անգամ էրդողանը հաջողացնի իր համար այդքան ցանկալի մեծամասնությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս