«100 LIVES» նախաձեռնությունն ու Near East Foundation-ը հայտարարում են 7 մլն դոլար կազմող համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին
Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարվել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բարեգործական կրթաթոշակային այս ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Մերձավոր Արևելքում բնակվող 100 ուսանողների:
Մերձավոր Արևելքի արաբական երկրների ռիսկային գոտիներում բնակվող թվով հարյուր երիտասարդների համար նոր ութամյա կրթաթոշակային ծրագիր է հաստատվել: «100 LIVES» նախաձեռնությունն այդ նոր ծրագրի մասին հայտարարել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին մարդասիրական օգնության ոլորտում գործող միջազգային խոշորագույն կազմակերպությունների ղեկավարներն ու հայ համայնքի ներկայացուցիչները:
Ծրագիրը մշակվել է «100 LIVES»-ի և Near East Foundation-ի համատեղ ջանքերով՝ որպես աշխարհասփյուռ հայության երախտագիտության հավաստիք Մերձավոր Արևելքի ժողովրդին, որը մեկ դար առաջ ապաստան ու սնունդ տրամադրեց Եղեռնից փրկված հայ փախստականներին:
Կազմելով մոտ 7 մլն դոլար՝ «100 LIVES» նախաձեռնության և Near East Foundation-ի համատեղ այս կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն կընձեռի հակամարտությունների գոտիներում հայտնված, տեղահանման ենթարկված և չքավորության մեջ գոյություն պահպանող երեխաներին ուսումնառել UWC Դիլիջան քոլեջում՝ համատեղ ուսուցման միջազգային գիշերօթիկ դպրոցում, որտեղ այսօր սովորում են երիտասարդներ ավելի քան 60 երկրներից, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում գործող UWC ցանցի այլ քոլեջներում: Ծրագրի կառավարումը կիրականացվի «Scholae Mundi» հիմնադրամի միջոցով, որի նպատակն է երիտասարդներին ընձեռել իրենց գիտելիքը, հմտություններն ու աշխարհայացքը զարգացնելու հնարավորություններ՝ հետագայում դրանք ի շահ համայն մարդկության բարօրության և հասարակության մեջ գլոբալ դրական փոփոխությունների իրագործումը խթանելու նպատակով օգտագործելու հեռանկարով:
«100 LIVES» նախաձեռնությունը մեկնարկել է այս տարի՝ որպես երախտագիտության հավաստիք մեկ հարյուրամյակ առաջ աշխարհի կողմից լքված հայերին օգնության ձեռք մեկնածներին, ինչը նրանց ժառանգներին թույլ տվեց գոյատևել և բարգավաճել: Նոր կրթաթոշակը մեկն է այն բազմաթիվ եղանակներից, որոնց միջոցով «100 LIVES»-ը ձգտում է շարունակել իր ոգուն համահունչ ջանքերն՝ ուղղված հանուն երախտագիտության ժառանգությունը ժամանակի մեջ կենդանի պահպանելը ճգնող անհատներին և կազմակերպություններին աջակցելուն:
«Մենք հպարտանում ենք նրանով, որ ի վիճակի ենք օգնել ծանր պայմաններում և ապագայի նկատմամբ անորոշության մեջ հայտնված ծնողներին` ավելի լավ ապագա կերտել իրենց զավակների համար, ինչպես մեզ համար դա արել են մեր հայրերն ու պապերը: Մեծ հպարտությամբ ենք հայտնում Near East Foundation-ի հետ մեր գործընկերության մեկնարկի մասին և լի ենք առաջին կրթաթոշակակիրների հետ ծանոթանալու ակնկալիքներով»,- ասում է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին Near East Foundation-ի հարյուրամյակին նվիրված բազմամարդ հանդիսության ժամանակ հայտարարեց «100 LIVES» նախաձեռնության մյուս համահիմնադիր Նուբար Աֆեյանի դուստրը՝ Արմինե Աֆեյանը:
«Հուսով ենք, որ այդ երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով՝ մենք ընձեռում ենք նրանց հաջողակ ապագա կերտելու հնարավորություն, ինչին նրանք, անշուշտ, արժանի են: Արդեն հարյուր տարի է, ինչ Near East Foundation-ը նվիրումով իրականացնում է այդ բացառիկ աշխատանքը», ասաց նա:
Near East Foundation-ը կրթաթոշակային այս ծրագրին կմասնակցի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կրթական համակարգի, հանրային կառույցների կազմակերպման և տնտեսական զարգացմանն ուղղված իր ավելի ընդարձակ առաքելության շրջանակներում: Հիմնադրված լինելով 1915 թ.-ին որպես «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտե», որն ապա ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ պետական կարգավիճակ ստացավ «Near East Relief» անվան ներքո՝ Near East Foundation -ը վճռորոշ դեր է խաղացել վերջին 100 տարվա ընթացքում աշխարհի տարբեր մասերում ծանր կացության մեջ հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնելու գործում:
Near East Foundation-ը հպարտությամբ է բոլորում իր գործունեության հարյուր տարին՝ թվով հարյուր տեղահանված և կարիքի մեջ հայտնված երեխաներին ընձեռելով միջազգային կարգի կրթություն ստանալու հնարավորություն: Մենք մեծ ոգևորությամբ ենք միանում «100 LIVES» նախաձեռնությանը՝ տաղանդաշատ երիտասարդներին և ապագա առաջնորդներին օգնելով զարգանալ և հաջողությունների հասնել իրենց կյանքում»,- ասում է հիմնադրամի նախագահ Չարլզ Բենջամինը:
Առաջին կրթաթոշակակիրները UWC համակարգի դպրոցներում ուսման կանցնեն 2016 թ.-ին:
«100 LIVES» նախաձեռնության մասին
«100 LIVES»-ը նոր գլոբալ նախաձեռնություն է, որը սկիզբ է առնում Հայոց ցեղասպանության իրադարձություններից, երբ հարյուր հազարավոր հայեր փրկություն ստացան առանձին անհատների և կազմակերպությունների ինքնուրաց և հերոսական միջամտության շնորհիվ: Այսօր՝ մեկ հարյուրամյակ անց, «100 LIVES»-ը ձգտում է իր երախտագիտությունը հայտնել այդ անհատներին ու կազմակերպություններին՝ ներկայացնելով վերապրածների փրկության և կյանքի պատմությունները և դրանով իսկ փառաբանելով մարդկային հոգու հզորությունը: Այդ իսկ նպատակով «100 LIVES»-ի կողմից սահմանվել է «Ավրորա» համաշխարհային նոր մրցանակը, որը շնորհվելու է մարդկանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով՝ այլոց գոյատևելու և բարգավաճելու հնարավորություն են ընձեռում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://100lives.com հասցեում գործող կայքէջը:
Near East Foundation-ի մասին
Near East Foundation-ը աջակցում է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կայուն, բարգավաճող և բաց հասարակությունների կերտման ջանքերին: Near East Foundation-ը փախստականների հետ աշխատել է դեռևս 1915թ-ին ի պատասխան Հայոց ցեղասպանության իրադարձություններին իր հիմնադրման պահից և հումանիտար օգնության ու զարգացման ծրագրեր է իրականացրել մոտ 50 երկրներում: Վերջին 100 տարվա ընթացքում Near East Foundation-ի գործունեությունն ուղղված է եղել խոցելի կամ ծանր կացության մեջ հայտնված խմբերին իրենց սեփական հասարակություններում և տնտեսական միջավայրերում լիարժեք ներգրավվելու ու բարգավաճելու համար անհրաժեշտ հմտություններ և միջոցներ մատուցելուն: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.neareast.org հասցեում գործող կայքէջը: