«Որովհետև հայ են». Փընար Սելեք
Օրեր առաջ ազգությամբ թուրք գրող Փընար Սելեքը ներկայացրեց իր հեղինակած «Որովհետև հայ են» գրքի հայերեն թարգմանված տարբերակը: Ֆրանսիայի «Մանուկ և Աղավնի Փամուկջյան հիմնադրամի» նախագահ Մանուկ-Մանուել Փամուկջյանի հովանավորությամբ լույս տեսած գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվեց նախ` ասուլիսի ժամանակ, իսկ մեկ օր՝ անց Խնկո-Ապոր անվան գրադարանում կայացավ գրքի շնորհանդեսը: Այսուհետ «Որովհետև հայ են» գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներում: Թուրք մտավորական, ֆեմինիստ Փընար Սելեքը, արդեն չորս ու կես տարի է` բնակվում է Ֆրանսիայում և շարունակում է ակտիվ գործունեությունը` հանուն արդարության: Խնկո-Ապոր գրադարանում կայացած հանդիպման ընթացքում Փ. Սելեքը պատմեց, թե ինչո՞ւ է առհասարակ նա գրել այս գիրքը, և ինչո՞ւ է այն կոչվում՝ «Որովհետև հայ են»:
«Գիրքը գրելուց անմիջապես հետո այն թարգմանվել է գերմաներեն և իտալերեն լեզուներով: Գիրքն առաջին անգամ է թարգմանվում հայերեն, և ես հիմա նայելով իմ գրքին, բնականաբար, ոչինչ չեմ հասկանում: Դա ևս շատ հետաքրքիր զգացողություն է, որն անհնար է բառերով նկարագրել: Այս գիրքն իմ փոքրիկ վկայությունն է Թուրքիայում իմ ապրածի, իմ փորձառության: Եվ այդ ամենից ելնելով՝ փորձել եմ ներկայացնել Թուրքիայում տիրող ողջ քաղաքական և սոցիալական իրավիճակը: Եվ այն փաստը, որ ես հայ չեմ, սակայն խոսում եմ միևնույն հարցի մասին, օգնում է, որպեսզի կարողանանք հարցն ավելի միջազգայնացնել»,– ասում է Փ.Սելեքը:
Ինչո՞ւ եմ գրել այս գիրքը…
«Այս գիրքը գրելու համար միայն մեկ պատճառով չեմ առաջնորդվել: Երբեմն մարդու հոգում բազմաթիվ պատճառներ կուտակվում, միանում են իրար և մի օր հրաբխի պես դուրս ժայթքում: Եթե տեսել եք Ռոբերտ Գեդիկյանի «Մի խենթի պատմություն» ֆիլմը, ասեմ, որ շատ եմ սիրում այն: Առավել շատ սիրում եմ ֆիլմի վերնագիրը: «Մի խենթի պատմություն» ֆիլմում լիովին արտահայտված են իմ զգացողությունները, իմ ապրումները: Այս տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, և ես այս գրքով փորձել եմ մի քայլ առաջ գնալ՝ դեպի արդարությունը: Հասկանում եմ, որ այս գիրքը շատ փոքր վկայություն է իմ կողմից, բայց ցանկանում էի այս գրքով մաս կազմել արդարության համար մղվող հայերի պայքարին:
Իմ ներդրումն ունենալ այդ պայքարի մեջ: Ժխտողականությունը Թուրքիայում աստիճանաբար ինստիտուցիոնալ բնույթ է ստացել: Ես այն մարդկանցից եմ, ովքեր փորձում են, թեկուզ յուրովի, բայց կոտրել Թուրքիայում տիրող «լռության կոալիցիան»: Առավել հուզական և սենտիմենտալ բնույթի պատճառներ ևս կան այս գիրքը գրելու համար: Ես շատ ընկերներ եմ կորցրել՝ մի մասը մահացած են, մի մասը սպանված: Նրանք իրենց հետ տարել են իրենց ողջ լռությունը՝ առնչվող արդարության հետ: Երբ մտերիմ մարդկանց եք կորցնում, այդ կորուստը հաղթահարելու համար փորձում եք ինչ-որ լուծումներ գտնել: Եվ որպես լուծում՝ ես գտա իմ ճանապարհը: Եվ քանի որ ես կրում եմ նրանց իմ հոգում, ես կարող եմ լինել իրենց խոսքը, ասել այն, ինչ նրանք կուզեին ասել, հաղորդել մյուսներին: Բացի այդ, կա ևս մի պատճառ. ես շարունակում եմ սպառնալիքներ ստանալ և գիտեմ, որ կյանքը երկար չէ: Այդ իսկ պատճառով ուզում էի արագ գրել, թղթին հանձնել իմ ասելիքը»:
Ինչո՞ւ եմ գիրքը կոչել՝ «Որովհետև հայ են»…
«Գրքում կարմիր գծի պես անցնում է այդ միտքը, արտահայտությունը՝ «որովհետև հայ են»: Մանուկ հասակից ի վեր շարունակ լսել եմ այդ միտքը՝ «որովհետև հայ են»: Եվ դա նախադասության երկրորդ հատվածն էր: Նախադասության առաջին հատվածն ամեն անգամ տարբեր էր լինում: «Այսինչ բանը, որովհետև հայ են, այնինչ բանը, որովհետև հայ են…»: Թուրքիայում անգամ եղանակի վատթարացման պատճառն են հայերը համարվում: Դա վաղուց արդեն ազգային մտածելակերպ է: Օրինակ, երբ ես փոքր էի, մորս դեղատուն էին այցելում նաև հայ կանայք, որոնց մայրս դիմում էր՝ մադամ, ոչ թե հանում, ինչպես կդիմեր թուրք կանանց: Եվ երբ հարցնում էի, թե ինչո՞ւ է նրանց դիմում՝ մադամ, ասում էր. «Որովհետև հայ են»:
Դպրոցում ցուցանակ ունեինք, որի վրա գրված էր. «Երանի նրան, ով թուրք է կոչվում»: Ես փոքր էի, և առաջին միտքը, որ եկավ այդ ցուցանակը կարդալով՝ այն է, որ հայ տիկինը երջանիկ չէ: Հետո առավել հաճախ էի լսում այդ արտահայտությունը: Նման բազմաթիվ օրինակներ կային ամենուր: Երբ ես բանտում էի, ամեն շաբաթ նամակ էի ստանում, որը երբեք չէր մակագրվում: Այդ մասին առավել մանրամասն խոսում եմ գրքիս մեջ: Երբ երկուսուկես տարի հետո դուրս եկա բանտից, գտա այդ մարդուն, մենք ընկերացանք: Պարզվեց, որ նա եկեղեցում էր ապրում: Քեռի Նշանն 80 տարեկան էր:
Այդ ժամանակաընթացքում ես լրատվամիջոցներում հայտնի էի դարձել, որովհետև հավաքներ, ցույցեր էի կազմակերպում, թերթերն անընդհատ գրում էին իմ մասին: Եվ, երբ մի անգամ հանդիպեցի քեռի Նշանին, արդեն՝ ոչ եկեղեցում, ուրախացա և առաջարկեցի սուրճ խմել, զրուցել մոտակա սրճարանում: Նա ասաց, որ լավ չի լինի, եթե մեզ միասին տեսնեն, որովհետև կասեն, թե նա է ինձ ղեկավարում: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ պետք է նման բան ասեն, նա պատասխանեց. «Որովհետև հայ եմ»: Երբ սկսեցի հասկանալ, թե ի՞նչ է նշանակում՝ լինել հայ Թուրքիայում, դա ինձ օգնեց նաև հարցականի տակ դնել իմ կարծրատիպերն ու կանխակալ կարծիքները, որոնք ես մինչ այդ ունեի: Այդ ժամանակ է, որ քո սեփական ինքնությունը քանդում և նորից ես վերակառուցում»: