Եթե գներն անկում չապրեին
Ինչպես հայտնի է, տարվա սկզբից ի վեր Հայաստանի արտաքին առևտրի վերաբերյալ ճշգրիտ թվերը հասանելի չէին։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված` արտաքին առևտրի ցուցանիշները թերի էին և ճշգրտման ենթակա։ Ամեն դեպքում, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այդպես էր հայտարարում։ Իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը ներկայացնում էր արտաքին առևտրի մանրամասն ցուցանիշները, այս տարի դեռ ոչ մի ցուցանիշ չէր հրապարակել։
Երեկ վերջապես սառույցը շարժվեց. Մաքսային ծառայությունը հրապարակեց երկար սպասված ցուցանիշները։ Ցավոք սրտի, ներկայացված տվյալները դեռևս ամբողջական չեն։ Նախ` ներկայացված են ոչ թե հունվար-սեպտեմբերի ցուցանիշները, այլ` միայն առաջին կիսամյակի։ Եվ երկրորդ` ՀՀ արտաքին առևտուրը ապրանք-երկիր կտրվածքով դեռևս հասանելի չէ։ Այսինքն` մաքսային տվյալների հիման վրա դեռևս հնարավոր չէ մանրամասն վերլուծություն անել, թե ո՞ր երկրի դեպքում առանձին ապրանքատեսակների գծով ի՞նչ փոփոխություններ ունենք։ Կարծում ենք` առաջիկայում այդ տվյալները նույնպես կհրապարակվեն։ Մինչ այդ, եղածի հիման վրա փորձենք որոշ եզրակացություններ անել։
Եվ այսպես, ըստ Մաքսային ծառայության տվյալների` 2015 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանված ապրանք-ծառայությունների մաքսային արժեքը կազմել է 672.3 մլն դոլար։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում, ըստ նույն աղբյուրի, այդ ցուցանիշը կազմել է 704.8 մլն դոլար։ Այսինքն` մաքսային տվյալների համաձայն` ՀՀ արտահանումը` այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 32.5 մլն դոլարով կամ 4.8%-ով։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները նույն ժամանակահատվածի համար փոքր-ինչ տարբերվում են։ ԱՎԾ-ն գրանցել էր 703.47 միլիոն դոլարի արտահանում` 2014թ. 694.37-ի դիմաց։ Ըստ ԱՎԾ-ի անկման տեմպը 1.3% էր` 3 անգամ ցածր, քան մեր ստացած ցուցանիշը։
Սակայն ավելի էական է մեկ այլ բան։ Այս թվերը վերաբերում են անվանական աճին կամ նվազմանը։ Ավելի պարզ ասած` սրանք արտացոլում են, թե արտահանման դիմաց որքան գումար է եկել և ինչ փոփոխություններ է կրել այդ գումարը։ Մինչդեռ արտաքին առևտրի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար հարկավոր է նկատի ունենալ իրական աճը (նվազումը)` հաշվի առնելով գների փոփոխությունը։ Տնտեսագիտությունից հեռու ընթերցողի համար ասվածն ավելի հասկանալի դարձնելու համար ենթադրենք` ՀՀ-ից արտահանվում է միայն 1 ապրանք` լոլիկ։ 2014թ. արտահանվել է 1000կգ լոլիկ` կգ-ն 1 դոլարով, որի դիմաց ստացվել է 1000 դոլար։ 2015թ. արտահանվում է 900 կգ լոլիկ, սակայն կիլոգրամը` 1.5 դոլարով։ Ստացվում է 1350 դոլար։ Ըստ այդմ, արտահանման աճը կազմում է 35%, սակայն դա անվանական աճն է։ Իրական աճը հաշվելու համար պետք է հաշվի առնենք գների փոփոխությունը։ Ու եթե այս տարվա 900 կգ-ն վաճառվեր նախորդ տարվա գներով, ապա կունենայինք 900 դոլար։ Այսինքն` 35% անվանական աճի փոխարեն` ունենք լոլիկի 10% իրական անկում։
Իսկ ի՞նչ պատկեր է ՀՀ արտահանման իրական թվերի դեպքում։ Իհարկե, թե՛ Ազգային վիճակագրական ծառայությունը, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, ԿԲ-ն ու մյուս կառույցները սեփական մեթոդոլոգիայով հաշվարկում են արտահանման ու ներմուծման իրական փոփոխությունը, մենք կփորձենք ինքնուրույն ու շատ պարզ եղանակով հաշվել` որքան կլիներ արտահանումը, եթե գները չփոխվեին։ Միանգամից ասենք` շատ ավելի մեծ ցուցանիշ կունենայինք։ Որովհետև ՀՀ-ից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող 36 անուն ապրանքներից 24-ի դեպքում ունենք մաքսային արժեքի նվազում։ Այսինքն` մեր արտահանման 70%-ի դեպքում տեղի է ունեցել գնանկում, ինչը, բնականաբար, ցանկալի երևույթ չէ։ Ամենավառ օրինակը պղինձն է (հանքաքար և խտահանք)։ 2014 թվականի առաջին կիսամյակում, ըստ մաքսային տվյալների, Հայաստանից արտահանվել է շուրջ 91 հազար տոննա պղինձ, այս տարվա առաջին կիսամյակում` 143 հազար տոննա։ Այսինքն` 57,1%-ով ավելի շատ։ Սակայն դրա դիմաց ստացված գումարն ավելացել է ոչ թե նույն չափով, այլ ավելի քիչ` 35.8%-ով (նախորդ տարվա 116.5 միլիոն դոլարի փոխարեն` այս տարի ստացվել է 158.3 միլիոն դոլար)։ Պատճառը պղնձի գնի անկումն է։
Նույն մաքսային տվյալներից երևում է, որ արտահանված մեկ տոննայի մաքսային արժեքը նվազել է 13.6%-ով։ Չզտած պղնձի մաքսային արժեքը նվազել է 11.6%-ով, արտահանումից ստացված գումարը` 14%-ով։ Երկաթի դեպքում տարբերությունն ավելի մեծ է։
Երկաթի համահալվածքի 1 տոննայի մաքսային արժեքը նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է 17.3 դոլար, այս տարի` 12 դոլար (30%-ով ցածր)։ Ընդ որում, ի տարբերություն պղնձի` երկաթի արտահանումը նվազել է նաև բնեղեն արտահայտությամբ` 4936.6 տոննայից հասնելով 4798.2 տոննայի։ Արդյունքում` երկաթահամահալվածքի արտահանումից այս տարվա առաջին կիսամյակում ստացվել է 35.7 մլն դոլար` նախորդ տարվա 55.7 միլիոնի դիմաց (անվանական անկումը` 36%)։ Մոլիբդենի մաքսային արժեքը նվազել է 24.4%-ով, ցինկինը` 5,5%-ով, թանկարժեք մետաղների հանքաքարինը` 18.3%-ով։ Գնի աճ ունենք միայն ոսկու գծով։ Այսպես, 2014 թվականի առաջին կիսամյակում ոսկու 1 գրամի մաքսային արժեքը եղել է 21.98 դոլար, այս տարի` 34.91 դոլար։ Ու չնայած ոսկու արտահանումը բնեղեն արտահայտությամբ նվազել է (1572 կգ-ից հասնելով 1504.8 կգ-ի), գումարային արտահայտությամբ ոսկու դիմաց ստացել ենք ավելի քան 49 մլն դոլար, որը 42%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։
Բացի մետաղներից, նվազել են նաև ալկոհոլային խմիչքների (հիմնականում` կոնյակի) մաքսային արժեքը, պանիրի և կաթնաշոռի, ձկնեղենի, հագուստի, դեղամիջոցների և այլ ապրանքատեսակների գները։
Ինչպես նշեցինք, մենք փորձել ենք ինքնուրույն հաշվել` որքան կլիներ մեր արտահանումը, եթե այս տարվա ծավալներն իրացվեին նախորդ տարվա գներով։ Արդյունքը մեզ իրոք զարմացրեց։ Եթե շուրջ 700 անուն ապրանք-ծառայություններն արտահանվեին նախորդ տարվա գներով, ապա արտահանումը միայն առաջին կիսամյակում կկազմեր 1 մլրդ 22.7 մլն դոլար (հիշեցնենք, որ ըստ մաքսային տվյալների` այդ թիվը 672.3 միլիոն դոլար է)։
Այսինքն, առաջին կիսամյակի համեմատ` մենք կունենայինք ոչ թե արտահանման անկում, այլ աճ` 317 միլիոն դոլարի կամ 47.3%-ի չափով։ Նորից կրկնենք, որ սա ճշգրիտ մասնագիտական վերլուծություն չէ, այլ պարզ գնահատական, որը կարող եք նաև ինքնուրույն ստանալ, եթե գլուխ եք հանում excel ծրագրի ամենապարզ հնարավորություններից։ Իհարկե, եթե-ներով առաջնորդվելը սխալ է, սակայն թույլ է տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել տնտեսական իրավիճակի մասին։