«Շեֆի միջոցով են հրահանգներ իջեցվում»

«Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով խորհրդաժողովի ընթացքում հոկտեմբերի 23-ին այս մասին հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծում դատական համակարգին վերաբերող փոփոխություններին:

«Ինչպես պատմությունն է ցույց տալիս, բավարար չէ ունենալ միայն հիմնական ժողովրդավարական սկզբունքների երաշխիքները Սահմանադրության և օրենքների մեջ: Իրավունքի գերակայությունը, իրավունքի գերիշխանությունը կախված է անկախ դատական համակարգի գործունեությունից, իշխանությունների տարանջատումից և հակակշռումից, այն կախված է նաև ուժեղ ժողովրդավարական կառուցակարգերի գործունեությունից և գոյությունից, այդ թվում` ազատ ԶԼՄ-ների գործունեությունից: Ակնհայտորեն Սահմանադրությունը՝ որպես հիմնարար մոդել, ուղղակիորեն ներազդում է իրավական ողջ համակարգի վրա կոնկրետ երկրում, և այդպիսով Սահմանադրությունը շատ մեծ կարևորություն ունի երկրի զարգացման համար»,- ասաց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ քաջալերված է մեծաթիվ մարդկանց ներկայությամբ, տեսնում է մեծաթիվ երիտասարդների դահլիճում և միջանցքներում, ինչը, կարծում է՝ լավ նշան է, որ երիտասարդ սերունդը շատ է մտածում երկրի ապագայի մասին և ցանկանում է քննարկել ՀՀ-ի մոտակա տարիների տեսլականը:

«Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ձեր ինքնիշխան որոշումն է: Ինչպես ԱՄՆ-ի դեսպանն ասաց, ՀՀ ժողովուրդն է որոշելու` ինչպիսի սահմանադրական համակարգ է ցանկանում ունենալ: Մեր կողմից միակ հույսը, որ ես կարող եմ ունենալ, այն է, որ դեկտեմբերի 6-ի ձեր որոշումը կօգնի, որպեսզի երկիրն առաջ շարժվի բարեփոխումների ուղղությամբ և արդիականացման ուղղությամբ: Երբ ես հանդիպեցի ձեր նախագահին, նա ինձ ասաց, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն աջակցություն ցուցաբերի ձեր բարեփոխումների ջանքերին: Մենք այս քննարկումների գործընթացում բարյացակամ դիտորդ ենք, բայց մեր հիմնական նպատակն է՝ օգնել ձեզ բարեփոխումներում և օգնել, որպեսզի ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ շարժվի, բարեփոխումների, արդիականացման ուղղությամբ առաջ շարժվի: Բայց որոշումը դուք պետք է կայացնեք, ձերն է, և պետք է իրազեկված որոշում լինի, որոշումից առաջ պետք է խորհել: Սահմանադրական բարեփոխումները տրամաբանական են, եթե դրանց հիմքում երկրի ապագայի հստակ տեսլականն է:

Եթե Սահմանադրությունը կարճաժամկետ քաղաքական նպատակների է ծառայում, եթե քողարկված կարճաժամկետային օրակարգ կա այս փոփոխություններում, ապա այն արդյունքի չի հասնի, նույնիսկ, եթե ընդունվի»: Դեսպանն ասաց, որ Սահմանադրությունը, որը պարունակում է մարդու իրավունքների ամենասպառիչ և ամենաերկար ցանկը, 1936թ. Խորհրդային Միության Սահմանադրությունն էր. «Բայց, ինչպես գիտեք, այդ Սահմանադրությունն ընդունել էր ամենաբռնաճնշող ռեժիմներից մեկը` Եվրոպայի կամ ընդհանրապես մարդկության ժամանակակից պատմության տվյալներով: Ամենակարևորը ոչ միայն` խոսված, գրված բառերն են, այլ` թե ինչպես են դրանք կյանքի կոչվում: Մենք ուշի ուշով հետևում ենք հենց դրան: Շատ ուրախ ենք, որ դուք քննարկում եք Սահմանադրություն, բայց մենք էլ ավելի հետաքրքրված կլինենք ձեր այն քննարկմամբ, թե ինչպես է այս Սահմանադրությունը կյանքի կոչվելու»:

Ինչն է ամենավատը
ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում նշված է, որ օմբուդսմենը պետք է ունենա քաղաքական զսպվածություն, սակայն այդ տերմինը դուր չի գալիս իրեն՝ նշելով, որ ինքն առաջարկել է այն փոխարինել «քաղաքական չեզոքություն» տերմինով: «Օմբուդսմենը քաղաքական գործիչ չէ և չպետք է ունենա քաղաքական դիրքորոշումներ: Այսինքն` դիրքորոշումներ պետք է ունենա, բայց պետք է լինի հավասարակշռված այդ դիրքորոշումներում, չպետք է լինի կողմնակալ»,- ասաց նա: Միևնույն ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ այդ տերմինը չի խանգարելու իրեն կամ իրենից հետո նշանակվողին անել այնպես կամ ավելի լավ, ինչպես աշխատել են առաջին երեք օմբուդսմենները: ««Զսպվածություն» բառը ես մեկնաբանում եմ՝ որպես չեզոքություն: Սահմանադրության մեջ գրված չէ, թե այդ բառն իրականում ինչ է նշանակում՝ դա նշանակում է ճնշվա՞ծ լինել, կաշկանդվա՞ծ լինել: Հասկանում եմ` զսպված` նշանակում է՝ պահպանել հենց փարիզյան սկզբունքները, որով առաջնորդվում են բոլոր օմբուդսմենները, այսինքն՝ լինել չեզոք: Այդ իմաստով կարևոր է լինելու, թե ինչ օրենքներ են ընդունվելու Սահմանադրության փոփոխություններից հետո, եթե դրանք ընդունվեն ժողովրդի կողմից, և այնտեղ արդեն կարող են նոր մեկնաբանություններ լինել այս նույն` «զսպվածություն» բառին:

Բայց ես մտահոգություն չունեմ այդ բառի վերաբերյալ այս պահին միայն մեկ պատճառով՝ չեմ տեսնում դրա իրականացումը, կիրառումը: Իսկ ասենք, եթե որևէ մեկն ընդունի, որ զսպված չէ օմբուդսմենը, ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ սանկցիաներ կարող են կիրառվել: Եվ քանի որ չկա նման պրակտիկա, նման փորձ, ես կարծում եմ` սա այն դեկլարատիվ դրույթներից է, որը պարզապես իմ իրավալեզվական ճաշակին համահունչ չէ, և հետևաբար՝ այդ բառը, այդ արտահայտությունն ինձ այս պահին չի անհանգստացնում: Ես կարծում եմ, որ ես պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը, որքան էլ դա դուր չգա առանձին գործիչների կամ լրատվամիջոցների առանձին ներկայացուցիչների, քանի որ շատ անգամ եմ մեղադրվել՝ կամ հանրության ականջի համար, կամ հանրության մի մասի ականջի համար կտրուկ հայտարարություններ չանելու համար, կամ անելու համար այնպիսինը, որը չի բավականացրել, ասենք, իշխանության ներկայացուցիչների առանձին կտորների:

Այդ դժգոհությունն անվերջ է: Ես կարծում եմ՝ այդ դժգոհությունը կշարունակվի ցանկացած օմբուդսմենի աշխատանքում, իսկ զսպվածությունը մենք կմեկնաբանենք՝ որպես չեզոքություն, հետևաբար՝ որևէ կերպ չենք փոխի մեր գործելաոճը»: Նրա խոսքով՝ նախագծում ակնհայտորեն կան դրական զարգացումներ. այն, որ անձն իրավունք կունենա պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ հասցված վնասի հատուցումը, միանշանակ դրական զարգացում է:

Ըստ նրա` մեկ այլ դրական զարգացում է, որ մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները: Կ. Անդրեասյանի խոսքով՝ իր համար ամենակարևորը դատարանների նախագահների վերընտրվելու սահմանափակումն է. «7-րդ գլխում ինձ համար ամենադրականը դատարանների նախագահների կողմից մյուս դատավորների նկատմամբ իրականացվող որոշակի ճնշումների, ազդեցությունների հնարավոր վերացումն է, որովհետև, երբ հավերժ կա դատարանի նախագահ, այսինքն՝ դատարանում կա ղեկավար, հոգեբանորեն դատավորները տեսնում են նրա մեջ իրենց շեֆին և կարողանում են շարունակաբար ճնշվել նրա կողմից, և այդ ռոտացիոն սկզբունքը, որը կարող է նախատեսված լինել, մեծ հույս է ներշնչում, որ իմ պատկերացրած թերությունները դատական համակարգում աստիճանաբար կարող են շտկվել»:

Կ. Անդրեասյանն ասաց, որ ամենավատ բանը, որը տեսնում է նախագծում, այն է, որ օմբուդսմենն այսուհետ զրկված է Սահմանադրության 3-րդ գլխով խնդիրները ՍԴ ներկայացնել: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ցավում է, որ այդ մասին միայն ինքն է բարձրաձայնել, բայց չի ցանկանում դրանից մեծ ողբերգություն դարձնել, քանի որ կան այլ սուբյեկտներ, որոնք կկարողանան այդ դրույթները վիճարկել Սահմանադրական դատարանում:

Ըստ նրա՝ բացասական զարգացում է նաև անմեղության կանխավարկածի բաղադրիչների նվազեցումը. «Սա շատ ցավալի, անդառնալի հետևանք է ունենալու անմեղության կանխավարկածի ընկալման համար: Մեկ այլ կարևոր, թերևս, ոչ շատ պոպուլյար խնդիր է խտրականության դրսևորումը՝ սեռական փոքրամասնությունների խնդիրը: Ճիշտ է՝ այդ մասին չեն բարձաձայնում քաղաքական ուժերը հիմնականում, որովհետև, թերևս, դա այդքան էլ դիվիդենտներ չի բերում «ոչ»-ի ճամբարին կամ «ոչ»-ի շրջանում հավաքված ուժերին»: Կ. Անդրեասյանի խոսքով՝ բացասական է նաև կարգավորումը, որի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Նրա խոսքով՝ նախադասության եթե-ով հատվածն ավելացվել է, դա այդքան էլ լավ չէ, լավ էր, երբ ամեն ինչ սպառվում էր նրանով, որ ոչ ոք պարտավոր չէ իր մերձավոր ազգականների դեմ ցուցմունք տալ:

Նա նշեց, որ չեն միանալու որևէ ճամբարի: Նա նշեց, որ իր նշած 4 բացասական կարգավորումներից բացի, ներկայացված մյուս խնդիրները կարելի է խմբավորել. ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք Սահմանադրությունը վերջնական ու լիարժեք մեր ցանկությամբ չի կարգավորում, բայց դրանք մեր կյանքում բացասական ազդեցություն չեն ունենա, որովհետև այդ հարցերը հնարավոր կլինի կարգավորել օրենսդրությամբ: Նրա խոսքով՝ կան կետեր, որոնք ավելի մոտ են հենց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին, որոնք իդեալական չափանիշներ են համարվում, բայց առանձին իրավապաշտպաններ, փաստաբաններ դրանց դեմ են.

«Եթե կարիք լինի, մենք նաև հրապարակային կամ ապագայում հարցերի ճանապարհով կներկայացնենք այդ միֆերը, որոնցով մարդկանց վախեցնում են: Կան հարցեր, որոնք ընդհանրապես խնդրահարույց չեն, բառի և տերմինի տարբերություն է, ավելի անէական բաներ են, որոնք միգուցե ձեր լեզվաիրավական ճաշակին չեն համընկնում, բայց դա չի նշանակում, որ վախեր կան: Եվ կան խմբագրական բնույթի առանձին, մանր նշումներ, որոնք էլի առաջացնում են ֆոբիաներ: Իմ խորհուրդն է՝ հասարակության հետ լինենք անկեղծ, և այն բոլոր կետերի մասին, որոնք իսկապես անդառնալի կամ վտանգավոր կերպով չեն փոխում վիճակը, չփորձենք ավելորդ ֆոբիաներ տարածել հասարակության մեջ»: Նա նշեց, որ սարսափով է պատկերացնում, թե ինչպիսի արձագանք կարող է լինել իր ամենաքաղաքական այս ելույթին. «Հնարավոր է՝ այս կամ այն կողմի համար ականջահաճո էր կամ տհաճ էր, բայց ես ասել եմ այն, ինչին հավատում եմ այս նախագծի այս դրույթների վերաբերյալ»:

Բարդացնում են ՄԻՊ-ի կյանքը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն անդրադառնալով խնդրին, թե ինչ չափով Սահմանադրությունը պետք է ամրագրեր մարդու իրավունքները և ազատությունները, ասաց, որ համամիտ չէ, երբ միջազգային պայմանագրերի նորմերն արտացոլվում են Սահմանադրության մեջ ամբողջությամբ:

Նրա խոսքով՝ միջազգային պայմանագրերը միշտ չէ, որ կարգավորում են մարդ-պետություն փոխհարաբերությունները, դրանց հիմնադրույթներն ընդամենը նվազագույն նորմեր են, որոնք հետագայում կարող են զարգացվել Սահմանադրությունում, դրանք հնարավորություն են տալիս նաև օրենսդրությունը զարգացնել, հետևաբար՝ որոշ դեպքերում դրանք նույնությամբ ամրագրելու անհրաժեշտություն իրենք չեն տեսել:

Նա ասաց, թե հասկանում է, որ ՄԻՊ-ին առնչվող գլխի վերաբերյալ տարաձայնություններ կան, իրենք այն քննարկել են բավականին թեժ մթնոլորտում՝ առավել շատ կանգ առնելով այն հարցի վրա՝ արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանը, բացի հանրային իշխանության մարմինների հետ փոխհարաբերվելուց, փոխհարաբերվել է նաև այլ կազմակերպությունների հետ. «Այսինքն՝ կարո՞ղ է արդյոք մարդու իրավունքների պաշտպանն այսուհետ պաշտպանել մարդկանց իրավունքները նաև կազմակերպություններից: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մենք ունենք հանրային նշանակության կազմակերպություններ, որոնք, ըստ էության, կա՛մ մենաշնորհ, կա՛մ գերիշխող դիրք ունեն, և այս կազմակերպություններում պակաս ձևավորված բյուրոկրատիզմ չկա:

Դրանք գրեթե ավելի բյուրոկրատական ընթացակարգերով են իրենց գործունեությունը կազմակերպում, քան, ընդունենք, նույնիսկ հանրային իշխանության մարմինները, այդ թվում նաև` տեղական ինքնակառավարման մարմինները, և առ այսօր մեր դիրքորոշումն այն է եղել, որ սրանք ընդամենն իրավունքի մասնավոր սուբյեկտներ են, և մարդու իրավունքների պաշտպանն այստեղ անելիք չունի»: Նրա խոսքով՝ հանձնաժողովում քննարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ սա համարձակ առաջարկ է, բայց նաև` ընդունելի: Նրա խոսքով՝ սրանով մի փոքր բարդացնում են Պաշտպանի կյանքը, բայց դրանում անհրաժեշտություն են տեսնում:

Ոչինչ չի փոփոխվի
«Այսուհետ Սահմանադրության ոչ բոլոր նորմերն են գործելու անմիջականորեն: Աա նշանակում է պարզապես մի բան, որ Սահմանադրությունն այդ մասով կարող է վերածվել պարզապես հռչակագրի, եթե նորմերն անմիջականորեն չեն գործելու»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները. ի դեպ, փաստաբանն այն անվանեց ոչ թե՝ մտահոգություն, այլ` ֆոբիա: Նրա խոսքով՝ մարդկանց իրավունքները սահմանափակվում են նրանով, որ նախագիծն ընդունելուց հետո մարդիկ այլևս մի շարք փոփոխությունների հետ կապված չեն լինելու. «Այսինքն՝ այսուհետ Սահմանադրությունը զգալի մասով կախված չի լինելու մարդկանց կամարտահայտությունից: Մարդկանց առաջարկում են քվեարկել այն բանի օգտին, որ այսուհետ իրենց ոչ ոք չի հարցնելու՝ սահմանադրական փոփոխություններ անհրաժե՞շտ են, թե՞ անհրաժեշտ չեն այս, այս, այս գլուխներում»:

Նա նշեց, որ անմեղության կանխավարկածի 3 կոմպոնենտներից մեկն է թողնվել. հանված են նրանք, որոնք սահմանում են, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Ըստ նրա՝ եթե հիմա սահմանված է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն անթույլատրելի է, ապա ընդունվելուց հետո դա լինելու է խիստ վերապահումով:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ մի խումբ փաստաբաններ կազմել են կարծիք` ներկայացնելով նաև, թե մարդու իրավունքներին վերաբերող հատվածում ինչ վտանգներ կարող են սպառնալ, եթե «այո» ասենք առաջարկվող Սահմանադրությանը: Նա նշեց, որ Կարեն Անդրեասյանը որպես դրական զարգացում՝ ներկայացրեց այն, որ դատարանների նախագահների վերընտրվելու սահմանափակում է մտցվել. «Պարոն Անդրեասյան, ես կարող եմ Ձեզ ցույց տալ մի դատարան, որտեղ միշտ բնականոն ճանապարհով ռոտացիա է լինում, այսինքն` փոխվում են դատարանի նախագահները: Դրանից ոչ մի բան չի փոխվում այդ դատարաններում:

Այսինքն՝ պատճառն այն չէ, որ ներսի դատավորները կատարում են դատարանի նախագահի հրամանը, որովհետև ինքն իրենց համար շեֆ է: Պատճառն այն է, որ այդ շեֆի միջոցով են հրահանգներն իջեցվում: Այսինքն` շեֆին փոփոխելով` բնության մեջ ոչինչ չի փոփոխվի»:

Տեսանյութեր

Լրահոս