Ո՞վ կարող է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դժվարացավ ասել, թե ով կարող է լինել երկրի հաջորդ ղեկավարը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մակարդակի քաղաքական գործիչներ մենք չունենք:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն են իրար հետ մրցակցում հետնորդի այդ կարգավիճակի համար, սոցիոլոգը պարզաբանեց, թե որտեղից են գալիս այդ ասեկոսեները. «Երբ առաջին նախագահի ընտրությունն էր, հարց էինք տալիս, թե ո՞ւմ եք տեսնում երկրի նախագահի պաշտոնում: Գյուղացիներն ում տեսնում էին հեռուստաէկրանին, նրա անունն էլ տալիս էին: Մենք ստացանք Քլինթոնի ազգանունը, Մանուկյան, Մանուչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Շառլ Ազնավուր… հիմա նայում են, թե Հ1-ն ավելի շատ ում է ցույց տալիս՝ Հովիկ Աբրահամյան և Սեյրան Օհանյան»:

168.am-ի հարցին՝ բայց ի՞նչն է խանգանրում, որ հենց իրենցից մեկն էլ լինի երկրի հաջորդ ղեկավարը, Ա. Ադիբեկյանն այսպես պատասխանեց. «Դուք պատկերացրեք՝ Հանրապետական կուսակցության համագումարը, որը պետք է սատարի ապագա վարչապետի թեկնածությունը, կարող է կուսակցության  պարոն նախագահն ասի՝ ես սրան եմ ուզում, ձայնը տվեք նրան, բայց մի մոռացեք, որ ՀՀԿ-ում կան բավականին լուրջ, ուժեղ, անկախ գործիչներ, որոնք կարող են իրենց կամքը թելադրել նախագահին, որովհետև նախագահը նրանց է լսում: Այստեղ մի խնդիր կա՝ Արա Աբրահամյանի գործոնը որքանո՞վ է կարող է ազդել այս ամբողջ գործընթացների վրա, ու, եթե նա բավականին թափ ու համակիրներ հավաքի, կարող է մեր պատմությունը մի քիչ այլ արահետներով գնալ»:

Մեր ճշտող հարցին էլ՝ այսինքն՝ Արա Աբրահամյանի թակնածությունն ավելի՞ հավանական է, քան Հովիկ Աբրահամյանինը կամ Սեյրան Օհանյանինը, Ա. Ադիբեկյանը պատասխանեց, թե ինքը չի կարող ասել, քանի որ դա բավականին բարդ է. «Դա մենք չենք որոշում, իրենք ներքին կարգով են որոշում, կարող են գտնել մեկին, ասեն ՝ սա է հեռանկարայինը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս