«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մակարդակի քաղաքական գործիչներ մենք չունենք». Ադիբեկյանը չի տեսնում ՀՀ հաջորդ ղեկավարին

«ՀՀԿ-ն այնքան ուժեղ դիրքերում է, որ իր համար միևնույն է, թե որ սահմանադրությունը կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին՝ սոցիոլոգն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս սահմանադրական բարեփոխումները չի անում իր համար. «Դուք հետևություններ արեք՝ սրանք ի՞նչ խաղեր են ու ո՞ւմ են պետք»:

Դիտարկմանը, թե Ս. Սարգսյանը, զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ պատասխանատու է երկրի վիճակի համար, հիմա նա այս սահմանադրական փոփոխություններով ցանկանում է ստվերային ղեկավարում իրականցանել՝ լինելով ՀՀԿ ղեկավարը ու պատասխանատվություն չկրել, սոցիոլոգը պատասխանեց, որ չի բացառվում, որ Ս. Սարգսյանը կմնա քաղաքականության մեջ, կփորձի ազդել:

«Գորշ կարդինալի ֆունկցիան միշտ պահպանվում է՝ այն առումով, որ կա մի փոքր նեղ խմբավորում, որը պատասխանատու է երկրի իրավիճակի համար ու համատեղ է որոշում կայացնում, ու Սերժ Սարգսյանը դրանցից մեկն է, այլ ոչ թե միակը:

Խոսվում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է հետ գալ, ես կարծում եմ, որ չի գա, որովհետև այն նեղ շրջանակը, որը որոշում է՝ ով կլինի հաջորդ նախագահը, նրան տանել չի կարողանում և հետ չի կանչի: Ռոբերտ Քոչարյանն իր պատմական առաքելությունը գերազանց կատարել է, բայց նրա օրոք սև գործի 90%-ը կատարել է Սերժ Սարգսյանը, նա է գնացել բանակցել, նա է գնացել նախապատրաստել, որոշել՝ պարտքն ինչով փակի:

Այնպես որ, չի բացառվում, որ նա կմնա քաղաքականության մեջ, կփորձի ազդել, բայց ամեն ինչ կախված կլինի, թե ով կդառա նրա հաջորդը որպես վարչապետ, որպես թիվ առաջին գործադիր իշխանության կրողը»,- նշեց Ա. Ադիբեկյանը:

168.am-ի հարցին՝ թե ո՞ւմ եք տեսնում այդ դերում, սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Այդ հարցը ես նույնիսկ տվել եմ Սերժ Սարգսյանին և դրա պատասխանը չեմ ստացել: Ես նույնպես չեմ կարող ասել, շատ բարդ հարց է, որ նայում եմ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մակարդակի քաղաքական գործիչներ մենք չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս