Շաբոյանը՝ պատգամավորին. «Դեմագոգիայով եք զբաղվում». թեժ բանավեճ՝ ԱԺ-ում

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պարզապես «հարձակում» գործեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի վրա:

«Ինչ կասեմ, անձնական չընդունեք, անձնական ոչինչ չկա: Ամեն ինչի մասին խոսեցիք, բացի Ձեր բուն գործունեությունից: Հայաստանում մոնոպոլիայի մեջ խեղդված, քայքայված տնտեսություն է՝ բենզին, կաթ, ինտերնետ, հացահատիկ և այլն: Ցույց տվեք գեթ մի ոլորտ՝ դեղորայքից սկսած, խանութներում ժամկետանց դեղեր և սննդամթերք է, գնագոյացման հետ կապված, մրցակցության հետ կապված, նշեք գոնե մի ոլորտ, որ Ձեր հանձնաժողովի միջամտությամբ կարգավորվել է»,- հայտարարեց Խ.Քոքոբելյանը՝ հավելելով, որ բոլորը գիտեն, որ ՏՄՊՊՀ-ն հարց լուծել չի կարողանում:

Ա.Շաբոյանն ի պատասխան՝ ասաց. «Նշում եք ոլորտներ, որ հանձնաժողովի գործառույթներից դուրս է: Պետք է կոնկրետ և առարկայական ներկայացնել: Եթե մեր տարիների հաշվետվություներին նայեք, կտեսնեք, թե ինչքան ոլորտներ կան, որ մտել ենք այդ ոլորտներ ու բազմաթիվ խնդիրներ ենք լուծել՝ ինտերնետ կապի, երկաթուղային, դեղորայքի և այլն: Հանձնաժողովի իրավասության մեջ չի տնում ժամկետանցը: Դեմագոգիայով եք զբաղվում»:

«Սա դպրոց չի, հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք: Ուզում եք՝ տասը ժամ խոսեք, նյութի մասին չեք խոսում»,- էլ ավելի բորբոքվեց Խ.Քոքոբելյանը:

Կարդացեք նաև

Ա.Շաբոյանը հայտարարեց, որ դեղորայքի ոլորտում պարզել են, որ բուժհաստատությունների մեծ մասը պետական գնումներ չի իրականացնում բազմաթիվ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար, այդ թվում՝ «Նատալի ֆարմին», և մի շարք այլ ընկերությունների տուգանել են, իսկ այն բուժհաստատությունների ցանկը՝ մոտ 100 հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ, որ մրցույթներ չեն հայտարարել, ուղարկել են իրավապահ մարմիններին: ՏՄՊՊՀ նախագահը հավաստիացրեց, որ շատ ընկերություններ նշում են, որ այսօր բուժհաստատությունները հայտարարում են մրցույթներ, և այսուհետ պետգնումները մրցութային է իրականացվում. «Բազմաթիվ նման օրինակներ կան»:

Խ.Քոքոբելյանը հայտարարեց, որ Հայաստանում մրցակցային շուկան կայացած չէ. «Մի ոլորտ ասեք, որ նոր մասնակից է մտել: Թե՞ մտածում եք, որ դա բնական է ու այդպես էլ պետք է լինի: Միայն դպրոցների բուֆետներով չէ, կոնկրետ ոլորտ պետք է ցույց տաք»:

Ա.Շաբոյանը շարունակեց, որ բենզինի ոլորտում երկու խոշոր ընկերություններ են իրականացնում ներկրումը, շուկան բարձր կենտրոնացված է, և մշտապես ՏՄՊՊՀ հսկողության տակ են պահում, պարբերաբար տեղեկատվություն են պահանջում: Ըստ նրա՝ բենզինի գինը տարվա ընթացքում 10%-ով նվազել է՝ 470 դրամից դառնալով 420 դրամ, որի վրա ազդել է միջազգային գների նվազումը, բայց հակառակ ուղղությամբ ազդել է նաև փոխարժեքի տատանումը: Նա նշեց, որ ԱՄՆ-ում սեփական նավթ է արդյունահանվում, որը բենզինի գնի մոտ 60%-ն է կազմում, իսկ ՀՀ-ն ներկրում է Ռուսաստանից, և նավթի արժեքը բենզինի ինքնարժեքի մեջ 5-10% է:

«Փոխեք Ձեր հանձնաժողովի անունը և դրեք «Գների հիմնավորման հանձնաժողով», որովհետև ամեն ինչ շատ լավ հիմնավորում եք: Ես շատ կարեկցանքով եմ մոտենում Ձեզ, բայց դա իրավունք չի վերապահում հանձնաժողովին, որ արդարացնի ամեն ինչ: Ցանկացած բիզնեսմեն բերում է այնտեղից, որտեղից ձեռք է տալիս իրեն: Շատ բերելու դեպքում դա կբերի գների կայունացման ու իջեցման,- կրկին իր դժգոհությունն արտահայտեց Խ.Քոքոբելյանն ու հանդիպելով Ա.Շաբոյանի բուռն ընդդիմությանը, թե՝ պատգամավորը չի տիրապետում հանձնաժողովի գործառույթներին, ձայնն էլ ավելի բարձրացրեց,- Քո հանձնաժողովի գործունեությանն էլ եմ տիրապետում, քո շարժուձևին էլ եմ տիրապետում, քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս