Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Երևանում անցկացվող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի մասնակիցներին ու շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև իր հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած անգնահատելի օգնության համար: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտները հերթական անգամ ցուցաբերում են իրենց բազմահազարանոց ինտերնացիոնալ ընտանիքի համախմբվածությունը, ուսանողական եղբայրության ոգու պահպանումը, հարգանքը ռուսական համալսարանական ավանդույթների նկատմամբ, ինչպես նաև անկեղծ ձգտումը՝ իրենց ավանդն ունենալ երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում»,- ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:
Պուտինը պատահական չի համարում բուհի շրջանավարտների ներկայիս հանդիպումը Երևանում կազմակերպելը: «Այս տարի լրանում է արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի ստեղծման 200-ամյակը, որը նախորդել էր ՄԳԻՄՕ-ին գիտնական-արևելագետների պատրաստման հարցում: Այդ ինստիտուտն իրավամբ դարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտական, մշակութային, ինտելեկտուալ ու հոգևոր կապերի խորհրդանիշը»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Պուտինը վստահ է, որ հանդիպման մասնակիցներին սպասվում է ոչ միայն հագեցած գործնական ծրագիր, այլևս ոչ պաշտոնական, ընկերական շփում: