
Ֆրանսիայում խոշոր ՃՏՊ-ի 42 զոհերը ողջ-ողջ այրվել են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
Զբոսաշրջային ավտոբուսում գտնվող թոշակառուների մեծ մասը չի կարողացել դուրս գալ ու ողջ-ողջ այրվել է: Այս մասին գրում է ֆրանսիական Sudouest պարբերականը ու նշում, որ բեռնատարն ու ավտոբուսը վթարի հետևանքով վայրկենապես բռնկվել են:
Վերջին տվյալների համաձայն՝ ավտոբուսում գտնվել է 49 մարդ, որից 42-ը զոհվել է: 2 մարդ ծանր այրվածքներով տեղափոխվել է Բորդոյի հոսպիտալ: Եվս 5 մարդ ստացել է թեթև վնասվածք:
Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել ու օգնել է դուրս բերել տուժածներին:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լիբուրնեի աղետը երկրորդ խոշոր վթարն է 1982-ից ի վեր, երբ զոհվեց 53 մարդ: