ԱՄՆ-ը խիստ քննադատության է ենթարկել Ասադի այցը Մոսկվա
Սպիտակ տունը խիստ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա:
Ասադի աշխատանքային այցը Ռուսաստան տեղի է ունեցել երեքշաբթի՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին հասցված ռուսական ավիահարվածներից 3 շաբաթ անց
Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտարարել է, որ Մոսկվայի ու Դամասկոսի միջև ներկայիս հարաբերությունները վտանգի տակ են դնում Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք կարծում ենք, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործած Ասադին ցուցաբերված ջերմ ընդունելությունը հակասում է Սիրիայում իշխանության քաղաքական անցում ապահովելու Ռուսաստանի հնչեցրած հայտարարություններին»,- հայտարարել է Շուլցը:
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, իր հերթին, նշել է, որ Ասադի այցն իր համար անսպասելի չի եղել:
«Զարմանալի չէ, որ Բաշար Ասադը ժամանել է Մոսկվա՝ հաշվի առնելով Ռուսաստանի ու Սիրիայի փոխհարաբերությունները ու վերջերս սկսված ռազմական ակտիվությունը, որը Ռուսաստանը վարում է Սիրիայում՝ ելնելով Բաշար Ասադի շահերից»,- հայտարարել է Քիրբին:
ԱՄՆ ներկայացուցիչների կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական օգնությունը վստահություն է ներշնչել Ասադին, ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտի հետագա ձգձգման:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա կատարած իր այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սիրիայում տիրող վիճակի ու կառավարական զորքերի պլանների մասին: