«ՄԻԵԴ-ը երկակի ստանդարտ է կիրառել՝ արդարացնելով Փերինչեքին». Թուրքագետ
Մենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում որոշակի հաջողությունների էինք հասել, ու այս վերջին որոշումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լուրջ վնաս հասցրեց այդ գործընթացին: Այս կարծիքին է թուրքագետ Հակոբ Չաքրյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստի վճիռի մասին՝ նշեց, որ այն երկրները, որոնք պետք է հետայսու որոշում կայացնեն՝ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք ընդունե՞ն, թե՞ ոչ, հաշվի կառնեն ՄԻԵԴ-ի այս որոշումը, ու մեկ անգամ մտածելու փոխարեն՝ տասն անգամ կմտածեն:
Հիշեցնենք, որ ըստ ՄԻԵԴ-ի օրերս հրապարակված վճռի՝ թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը:
Հիշեցնենք նաև, որ թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակել էր՝ «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև՝ 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ՝ ներգրավվել են Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունները:
Ըստ Հ. Չաքրյանի՝ եթե նախկինում թուրքական համայնքը կաշկանդվում էր, որ կպտաժվի նման հայտարարությունների համար, սրանից հետո կարող են անկաշկանդ արտահայտվել, որ «Ցեղասպանությունը սուտ է, չի եղել».
«Կազմակերպությունները, որոնք ժխտողական վերաբերմունք ունեին Ցեղասպանության նկատմամբ, հիմա ավելի անկաշկանդ կգործեն: Այս վերջին որոշումը բոլոր առումներով Հայաստանի հայի, սփյուռքի համար վնասակար է, և մեծ վնաս կհասցնի Ցեղասպանության ճանաչման գործին»:
Թուրքագետն այս վճիռը դիտարկում է և՛ քաղաքական, և՛ իրավական համատեքստում: Հարցին՝ հնարավո՞ր է, որ սա կապված է մեր ԵՏՄ անդամ դառնալու հետ, Հ. Չաքրյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում՝ դրա հետ կապված լինի, պարզապես այստեղ ՄԻԵԴ-ը երկակի ստանդարտ է կիրառել՝ արդարացնելով Փերինչեքին»:
Հարցին՝ ինչքանո՞վ եք հավանական համարում Թուրքիայի միջամտությունն այս վճռում, թուրքագետն այսպես պատասխանեց. «Չի բացառվում, որովհետև նրանք միշտ էլ կաշառքի քայլեր արել, են բայց չեմ ուզում ՄԻԵԴ-ին կաշառք վերցնելու մեջ մեղադրել»:
Անդրադառնալով Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի համատեղ արած այն հայտարարությանը, թե այս վճիռը Հայաստանի համար հաղթանակ էր, թուրքագետն ասաց, որ նրանք դա ասել են՝ հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ը չի ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն, ըստ նրա՝ ՄԻԵԴ-ի գործառույթն այստեղ Ցեղասպանությունը ժխտելը կամ ընդունելը չէր, ու այս վճիռն ամեն դեպքում վնաս է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: