«Հայաստանին չհաջողվեց ամրագրել 1990-ականների սկզբին ունեցած իր ռազմական հաջողությունները»

Մեր զրուցակիցն է Janeգs Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և ՌԴ-ի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության մակարդակը շարունակում է աճել, ադրբեջանական կողմը սկսում է ավելի ծանր սպառազինություն օգտագործել Հայաստանի դեմ։ Այս ֆոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանին չզսպելու դեպքում Հայաստանը կիրականացնի անհրաժեշտ քայլերը` ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու համար։ Ստացվում է, որ, ունենալով բախման երկու կետ ՌԴ-ի հետ` Սիրիա և Ուկրաինա, Արևմուտքը շարունակում է թույլ տալ ղարաբաղյան հակամարտության հետագա սրում։ Ինչի՞ պետք է պատրաստ լինի Հայաստանը` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։

– Հայաստանը, կարծում եմ, արդեն վաղուց պատրաստվում է հնարավոր պատերազմի, քանի որ Հայաստանին չհաջողվեց վերջին 20 տարիների ընթացքում, բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքով ամրագրել 1990-ականների սկզբին ունեցած իր ռազմական հաջողությունները։ Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի, քանի որ Ադրբեջանն իր պարտությունը չի ընդունել։ Ավելին, հնարավորության դեպքում այն ռազմական ուժով կցանկանա իր ավելի քան 20 տարի առաջ կորցրածը հետ բերել։ Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է առնվազն ընդունեն, որ այլևս պատերազմով ոչինչ չեն կարող կորզել։

Բայց ադրբեջանական հասարակությունը տարիներ շարունակ պատրաստվում է վրեժխնդրության պատերազմի, և անկախ նրանից, թե նախագահ Ալիևի նման ծրագրերն իրատեսակա՞ն են, թե՞ ոչ, Ադրբեջանի հասարակության ստվար զանգվածը վստահ է, որ իրենք կարող են արագ և հաջողված պատերազմ վարել, եթե ՌԴ-ն Հայաստանին չսատարի։ Իսկ վերջերս տեղի ունեցող որակապես ավելի լուրջ սրումները հայ-ադրբեջանական սահմանին արևմտյան և ռուսական միջնորդների թերի աշխատանքի արդյունքն է։ Կարծում եմ` և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը Ղարաբաղյան կոնֆլիկտը կրկին սառեցնելու լծակներ ունեն Ադրբեջանի նկատմամբ, բայց տարբեր պատճառներով նրանք նախընտրում են առայժմ անտեսել ադրբեջանական բանակի որակապես նոր և ավելի վտանգավոր հարձակումները, ներառյալ` հրետանու օգտագործումը։

ՌԴ-ն ակնհայտորեն հետկուլիսյան բանակցությունների մեջ է Ադրբեջանի հետ, փնտրելով տնտեսական և քաղաքական ինտեգրման տարբերակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն ՀՀ-ի և ԼՂ-ի ազգային շահերի հաշվին։ Այս շահերի ոտնահարումների օրինակներն արդեն կան, այդ թվում` ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին, կամ Հայաստանի ռազմական դաշնակիցների չեզոք դիրքն Ադրբեջանի կողմից սահմաններին գյուղերի ռմբակոծումներից հետո։

Մինչդեռ, Արևմուտքը շատ ավելի իներտ դիրք է գրավել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, քանի որ նախընտրում է համագործակցել ՌԴ-ի հետ` լայնածավալ պատերազմը կանխելու հարցում։ Արդեն Արևմուտք-Ռուսաստան բախման կետերը շատ են` և դրանից երկու կողմերն են տուժում, ուստի Արևմուտքը կնախընտրի անտեղի չմեկուսացնել և չվրդովեցնել ՌԴ-ին ԼՂ կոնֆլիկտի հարցում, այլ օգտագործելով Մոսկվայի ազդեցությունը Երևանի և Բաքվի վրա` սառեցնել ներկայիս լարվածությունները։ Առայժմ ԼՂ-ի հարցում հանրայնորեն արտահայտված բացահայտ տարաձայնություններ ՌԴ-ի և Արևմուտքի միջև չկան։

Բայց Արևմուտքի այս պահվածքը կարող է փոխվել, եթե ակնհայտ դառնա, որ, օրինակ, Մոսկվան, Բաքվի հետ միասին, փորձում են վերաձևել սահմանները Հարավային Կովկասում։ Բայց նույնիսկ այս դեպքում, խնդիրն այն է, և ինչպես Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, Արևմուտքն ուղղակի ռազմական միջամտություն չի ունենա Հարավային Կովկասում, որքան էլ Ռուսաստանի քայլերը տհաճ լինեն Արևմուտքի համար։ Բայց պետք է նշել, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի անդամների ազգային շահերից է բխում Հարավային Կովկասում կայուն ազգային պետությունների ներկայությունը, որոնք կարող են անկախ, արտաքին քաղաքական որոշումներ ընդունել և կայուն լինել` թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։

– Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Ադրբեջանի ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված է լինելու նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանք։ Այս հայտարարությունը հետաքրքրական է դառնում հատկապես, երբ հիշում ենք նրա վերջերս շատ քննարկված այցն ԱՄՆ, որտեղ, ըստ որոշ մեկնաբանությունների, ՀՀ-ն անվտանգության երաշխիքներ էր փնտրում ԱՄՆ-ից, և, որի արդյունքների համաձայն` Տոնոյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կօգնի ուժեղացնել վերահսկողությունը ԼՂ հակամարտության գոտում հրադադարը պահպանելու համար։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ իրավիճակի սրման դեպքում Արևմուտքը նոր պայմաններ կդնի սեղանին։

– Եթե այդ նոր պայմանները շփման գիծը վերահսկելու նոր մոտեցումներ են ընդգրկում, ապա` այո։ Իսկ ավելի լուրջ պայմաններ, չեմ կարծում, որ դրվեն միայն Արևմուտքի կողմից` առանց Ռուսաստանի հավանության։ ՀՀ պաշտպանության նախարարության քայլերը, իհարկե, կարևոր են` վերաբալանսավորելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և ինչ-որ առումով շտկելու Հայաստանի վերջին տարիների դիվանագիտական բացահայտ ձախողումները։ Հայաստանը հայտնվել է կիսափակուղային վիճակում, որն անհաջող արտաքին քաղաքականության արդյունք է և մասամբ նաև` Ուկրաինայում Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցության։

ՀՀ-ի դիվանագիտական սխալները խրախուսում են Բաքվին ավելի համարձակ լինել շփման գծում։ Բայց պետք է նշեմ, որ ՀՀ ՊՆ-ի քայլերը, չեմ կարծում, որ ուղղված են համանախագահների միջև մրցակցություն կամ հակամարտություն բերելուն։ Ինչպես վերը նշեցի, եթե Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կողմ են խաղաղ կարգավորմանը, ապա սահմաններին դիտորդական վերահսկողության հաստատման տեխնիկական առաջարկը պետք է որ բոլորը ողջունեն և օգնեն իրականացնել։

– Արևմուտքի նոր նախաձեռնություններն ի՞նչ արձագանք կստանան Մոսկվայի կողմից։ Ըստ որոշ գնահատականների` ներկայումս ՌԴ-ն համաձայն է ԱՄՆ-ի ակտիվությանը Ղարաբաղում, սակայն հնարավորության դեպքում կտապալի արևմտյան նախաձեռնությունները։

– Եթե այդ քայլերը կոորդինացված են Ռուսաստանի հետ, ապա հաջողության հավանականությունը մեծ է։ Բացի այդ, կարևոր է նաև, որ Արևմուտքն ու Հայաստանն այս հարցում ունենան համառ և հետևողական քաղաքականություն։ Եթե նույնիսկ Ռուսաստանը որոշի դրանք տապալել, լուրջ հակազդեցությունը կարող է Մոսկվային ստիպել վերանայել իր քայլերը։

Վերջին տարիներին հստակորեն շփման գիծն ավելի ու ավելի է լարվում, ինչը վկայում է հայկական իշխանությունների մոտ արդյունավետ հակազդման ստրատեգիայի բացակայության մասին։ Այն սահմանափակվում է ռուսական միջամտության պարբերական խնդրանքներով։ Իր հերթին` Երևանի իներտ և կախյալ կեցվածքն ավելի է ամրապնդում Կրեմլի որոշ շրջանակներում ՀՀ-ի` կիսաանկախ պետության կարծրատիպը, խրախուսելով Ռուսաստանին` Հայաստանի համար ազգային կարևորություն ունեցող հարցերում որոշումներ պարտադրել Երևանին։

Ավելին, հայկական իշխանությունները տարիներ շարունակ բավականին հաջող կերպով համոզել են իրենց և իրենց հասարակությանը, որ ՌԴ-ն միակ անվտանգության երաշխավորն է ՀՀ-ի համար։ Բայց հենց ՌԴ-ն ինքը փշրեց այս թյուր կարծիքը` Գյումրիում հայկական ընտանիքի դաժան սպանության հարցում հայկական կողմի իրավունքներն անարգելով, Ադրբեջանին արդիական զենք մատակարարելով, և ամենակարևորը, իր պայմանագրային պարտականությունները ՀՀ-ի նկատմամբ չկատարելով։

Պարզապես կարելի է պատկերացնել, որ, օրինակ, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն իր անդամ երկրի հետ նման կերպ վարվի։ Ադրբեջանցիների կողմից հրետանու օգտագործումը բացահայտեց Երևանի ստրատեգիական սխալները և ավելի հրատապ դարձրեց նոր անվտանգության մեխանիզմների ստեղծման հարցը։

– ՌԴ-ԱՄՆ խորացող տարաձայնությունը նաև Սիրիայում ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասի վրա։

– Զարմանալիորեն, սիրիական ճգնաժամը հայ-ադրբեջանական և ուկրաինական կոֆլիկտների վրա շատ ավելի մեծ և ուղղակի ազդեցություն ունի, քան առաջին հայացքից է թվում։ Ռուսաստանը, չնայած իր աննահանջ կեցվածքին, իրականում լրջորեն մտահոգված է իր տնտեսության ապագայով, ինչպես նաև` նոր ձևավորող աշխարհաքաղաքական համակարգով, որում Ռուսաստանը, Խորհրդային Միության նման, մեկուսացված կլինի։ Սա ուղղակի հարվածելու է Ռուսաստանի տնտեսությանը և հատկապես` նախագահ Պուտինին շրջապատող խոշոր գործատերերին։

Ռուսաստանը, ինչպես և նախկինում, չի կարողացել բարեփոխել իր տնտեսությունը և կշարունակի կախված լինել նավթի արտահանումներից ստացվող եկամտից։ Վատ լուրն այն է, որ նավթի գները մոտակա վեց տարում չեն վերականգնվի։ Ի դեպ, սիրիական վերջին իրադարձությունների պատճառով նավթի գնի որոշ թանկացումը շատ փոքր է և, ամենայն հավանականությամբ, կարճակյաց կլինի` Ռուսաստանի տնտեսական լուրջ խնդիրները բուժելու համար։

Համաշխարհային նավթի գինը ցածր կմնա գերմատակարարման, ԵՄ-ի թույլ տնտեսական աճի և Չինաստանի տնտեսության թուլացման, ուստիև` նավթի ներկրման պահանջարկի անկման պատճառով։ Ռուսաստանն անզոր է այս միտումների դեմ։ Բացի այդ, ռուսական ընկերություններն արևմտյան վարկերի կարիք ունեն, ինչը հիմա անհասանելի է կամ շատ թանկ է պատժամիջոցների պատճառով։

Եթե Սիրիայում Ռուսաստանին հաջողվի համագործակցել Արևմուտքի հետ, ապա սա կարող է շրջադարձային կետ լինել Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում` դրանք դարձնելով ավելի կառուցողական, ինչը, ի վերջո, կարող է բերել պատժամիջոցների թուլացման` գոնե ամենացավալի ֆինանսական պատժամիջոցների առումով։ Արդեն իսկ դրական ազդեցությունը նկատելի է Ուկրաինայում, ուր զինադադարը սեպտեմբերի 1-ից պահպանվում է, և ռուսամետ շրջանները որոշել են հետաձգել խիստ հակասական տեղական ընտրությունները։ Հարավային Կովկասում նույնպես Մոսկվան հակված կլինի համագործակցել Արևմուտքի հետ ԼՂ-ի հարցում` հատկապես ճնշում գործադրելով Ադրբեջանի նկատմամբ` կանխելու սահմանային ներխուժումները։

Ավելին, եթե ՌԴ-ն զգա, որ ապամեկուսացվում է Արևմուտքի կողմից, ապա կթուլացնի Եվրասիական միության հապճեպ ընդլայնման ջանքերը։ Սա ՀՀ-ին ավելի բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն կտա։ Սա նաև կթուլացնի Ադրբեջանի դիրքերը Ռուսաստանի հետ իր ենթադրյալ հետկուլիսային բանակցություններում։ Բայց սիրիական ռազմական արշավը կարող է նաև վատ ավարտվել ՌԴ-ի համար, եթե այն հանգեցնի լուրջ տարաձայնությունների և անգամ` բախումների Արևմուտքի հետ։ Այս դեպքում իրավիճակը շատ ավելի կարող է սրվել շփման գծում, և Ռուսաստանի քայլերն ավելի կտրուկ և անկանխատեսելի կարող են լինել ԼՂ-ի և հարակից տարածքների հարցում։

Տեսանյութեր

Լրահոս