ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Ղազախստանում կայացած Եվրասիական միության գագաթաժողովի ժամանակ, որին նախագահների մակարդակով մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղըզստանը, որոշվել է, որ Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ռուս Վիկտոր Խրիստենկոյին փոխարինելու է Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է rbc.ru-ն:

Խրիստենկոյի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016 թվականի փետրվարին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը շաբաթվա սկզբին լրագրողներին հայտնել էր, թե նախագահները կքննարկեն կոլեգիայի նոր ղեկավարի նշանակման կարգը, սակայն կարող էին նաև չընդունել վերջնական որոշում:

Եթե հարցը վերջնականորեն չհամաձայնեցվեր, ապա ստեղծվելու էին բոլոր պայմանները, որ լուծվեր ղեկավարի հարցը, ասել էր Ուշակովը:

Նշվում է, որ մինչև ղազախական հանդիպումը դեռ որոշված չի եղել հարցը: Քննարկվել են տարբեր տարբերակներ, այդ թվում՝ քննարկվել է, թե որ երկրից է պետք սկսել կոլեգիայի ղեկավարի ռոտացիան՝ Հայաստանի՞ց, թե՞ Բելառուսից:

rbc.ru-ն նշում է, որ Տիգրան Սարգսյանը համարվել է երկրի եվրոպական ինտեգրման կողմնակից ու բազմիցս հանդես է եկել այդ թեմայով քննարկումներով, այդ թվում՝ ռուսական մամուլում (2012-ին ռուսական «Վեդոմոստիի» համար հոդվածում նա պնդում էր, որ երկիրը պետք է շարժվի եվրոպական ինտեգրման ուղով):
Սակայն 2013 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրեց երկրի զարգացման եվրասիական ուղին:

Խրիստենկոյի խոսքով՝ Տիգրան Սարգսյանը շատ ժամանակ է հատկացրել եվրասիական ինտեգրմանն ու եղել է Հայաստանի անդամակցության լոկոմոտիվը:
Նա նաև հայտնել է ևս մի նորամուծության մասին՝ որոշվել է կոլեգիայում երկրների ներկայացուցիչների թիվը 3-ից դարձնել 2:

Կոլեգիան բաղկացած է լինելու 10 նախարարից, հայտնել է Խրիստենկոն:

Տեսանյութեր

Լրահոս