Իսրայելի բռնությունների ֆոնին Նեթանյահուն կոչ է արել Մահմուդ Աբասին բանակցություններ սկսել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, որպեսզի դադարեցնի երկրում ծայր առաջ բռնությունների ալիքը:
«Հիմա մենք կարող ենք հանդիպել, ես դրանում խնդիր չեմ տեսնում: Մենք պետք է անհապաղ դադարեցնենք Իսրայելի դեմ հարձակումների այդ ալիքն ու սադրանքները»,- հայտարարել է Նեթանյահուն մամլո ասուլիսին:
Դրա հետ միասին, Իսրայելի վարչապետը նշել է, որ թեև ինքը պատրաստ է խոսել Աբասի հետ, պաղեստինցի առաջնորդը նման ցանկություն չի հայտնել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի սկզբից Իսրայելում ու Արևմտյան ափին գրեթե ամեն օր հարձակումներ են տեղի ունենում իսրայելցիների վրա, ինչի հետևանքով սպանվել է 7 մարդ, մոտ 10 մարդ ստացել է վնասվածքներ: Պատասխան գործողությունների ընթացքում սպանվել է նվազագույնը 30 պաղեստինցի:
Նեթանյահուն նաև հայտարարել է Իսրայելում ստեղծված լարված իրավիճակը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Հորդանանի թագավոր Աբդալլահի հետ քննարկելու մտադրության մասին:
Մահմուդ Աբասը մեղադրել է Իսրայելին պաղեստինցիների դեմ չափից շատ ուժ կիրառելու մեջ: Նա հայտարարել է, որ իսրայելցիները «սառնասրտորեն մահապատժի են ենթարկում մեր երեխաներին»:
Նեթանյահուն, իր հերթին, պաղեստինցի առաջնորդի այդ խոսքերն անվանել է «նոր մեծ սուտ»: