Երուսաղեմում բախումները շարունակվում են. զոհվել է մի քանի տասնյակ մարդ
Երուսաղեմում դարձյալ մի քանի հարձակում է տեղի ունեցել իսրայելցիների վրա, չնայած այն բանին, որ իսրայելական ոստիկանությունը բանակի օգնությամբ սկսել է Արևելյան Երուսաղեմի որոշ շրջաններում ուժեղ հսկողություն իրականացնել պաղեստինցիների իրականացրած հարձակումներից հետո:
Չորեքշաբթի ոստիկանները գնդակահարել էին 2 պաղեստինցու, ովքեր դանակներով հարձակվել էին իսրայելցիների վրա Երուսաղեմի տարբեր շրջաններում: Իսրայելի ողջ տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունն արգելափակել է մուտքերը Երուսաղեմի Ջաբալ Մուկաբեր թաղամաս, որտեղ բնակվում էին նախօրեին 3 իսրայելցու սպանության մեջ մեղադրվող պաղեստինցի տղամարդիկ:
Մինչ այդ, Բեթղեհեմում՝ Հորդանանի արևմտյան ափին, մի քանի տասնյակ պաղեստինցի է կռվել իսրայելցի զինվորականների հետ:
Հոկտեմբերի 1-ից ի վեր բախումների հետևանքով սպանվել է 7 իսրայելցի, պատասխան գործողությունների հետևանքով՝ նվազագույնը 30 պաղեստինցի:
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը Իսրայելին մեղադրել է պաղեստինցի երեխաներին սառնասրտորեն սպանելու մեջ, իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նրան մեղադրել է ստելու մեջ:
Հոկտեմբերի 4-ին Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է ժամանակավոր միջոցառումների մասին, որը արգելում է պաղեստինցիների մեծ մասին մոտենալ Երուսաղեմի Հին քաղաքին:
Բախումների մեծ մասը տեղի է ունենում հին Երուսաղեմի փողոցներում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր Մերձավոր արևելք գնալու իր մտադրության մասին: