Մոսկվայում անպատասխան սիրո պատճառով սպանել են 19-ամյա հայ ուսանողուհուն
Մոսկվայի հյուսիսում՝ Խաչատրյան փողոցի բնակարաններից մեկում, ոստիկանները ձերբակալել են մի երիտասարդի, ով կասկածվում է 19-ամյա ազգությամբ հայ ուսանողուհու սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Աղջկա կյանքի վերջին րոպեներն արձանագրել են տեսահսկման սարքերը: Կադրերից երևում է, թե ինչպես է տղան մի քանի անգամ դանակի հարվածներ հասցնում նրան, ապա հեռանում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1996 թվականին ծնված աղջկան, ում դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցվել որովայնի շրջանում: Մինչ շտապօգնության ժամանումը աղջիկն արդեն մահացել էր:
Սպանությունից կես ժամ անց ոստիկանները ձերբակալել էին 1996 թվականին ծնված Էմիլ Զուլֆուգառովին:
Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը հսատատել է ձերբակալության լուրը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղան մի քանի տարի շարունակ ցանկացել է արժանանալ աղջկա ուշադրությանը, սակայն ապարդյուն: Աննա Սարգսյանի ծնողների պնդմամբ՝ տղան բառացիորեն սկսել է հետապնդել իրենց աղջկան, քանի որ վերջինս չի ցանկացել շփվել իր հետ:
Աղջկա ազգականները ստիպված էին աղջկան ամենուր ուղեկցել, ճանապարհել համալսարան ու դիմավորել: Այդ չարաբաստիկ օրը Աննան չէր կարողացել հանդիպել իր հորը:
Հնարավոր է՝ ողբերգության մեջ մեղավոր է ոչ միայն համառ երկրպագուն: Աղջկա հայրը պատմել է, որ բազմիցս ոստիկանություն հայտարարություն է գրել իր աղջկան հետապնդելու մասին, սակայն իրավապահներն անտեսել են իր բողոքները:
https://www.youtube.com/watch?v=2zCfQ39tEQQ