«Դատավորը պետք է լինի իրավունքի գերին, ոչ թե՝ հասարակության կարծիքն արտահայտող»

Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ

– Սահմանադրության փոփոխությունների նախագծով՝ վճռաբեկ դատարանի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը: Բարձրագույն դատական խորհրդի անդամներից 5-ին ևս ընտրելու է ԱԺ-ն: Ի՞նչ եք կարծում այս կարգավորման մասին:

– Եթե ցանկանում ենք ունենալ ժողովրդավարական և իրավական պետություն, ապա դրա կարևորագույն սկզբունքն իշխանության տարանջատումն է: Իշխանության տարանջատման հիմնական խնդիրը մեկն է՝ դատական համակարգի անկախացում գործադիր իշխանությունից: Սա է իշխանության տարանջատումը, որովհետև ԱԺ-ի և կառավարության միջև միշտ էլ չես կարող լրիվ տարանջատում անել, որովհետև, ի վերջո, մեծամասնությունը կառավարություն է ձևավորում: Այսինքն՝ հիմնական խնդիրը կառավարությունից՝ գործադիր իշխանությունից, դատական իշխանության անկախացումն է: Մեր այսօրվա համակարգը դա չի ապահովում, որովհետև, ի վերջո, նախագահն է նշանակում նախարարներին, ինքը գործադիր իշխանության գլուխն է, և, ըստ էության, ամեն ինչ մի կաթսայում է: Արդյոք նոր նախագծով երաշխավորվո՞ւմ է դատարանների անկախությունը: Եթե առանձին դիտարկենք դատական համակարգին նվիրված հատվածը, ապա կարծես թե համապատասխանում է:

Շատերը պնդում են, թե դատական համակարգի անկախությունը պետք է ապահովվի ընտրությունների միջոցով: Ես կտրականապես դեմ եմ դրան, որովհետև դատավորի ընտրությունը նշանակում է` քաղաքական գործունեություն: Դա նշանակում է, որ նրանք պետք է շահեն ընտրողների համակրանքը և այդպես ընտրվեն դատավոր:

Բայց դատավորը պետք է լինի իրավունքի գերին և ոչ թե` հասարակության կարծիքն արտահայտողը: Եվ այս տեսակետից` ընտրության դեպքում քաղաքական գործիչ դառնալու վտանգ կա: Խորհրդային Միությունում, այսպես կոչված, ժողովրդական դատավորներն ընտրվում էին, բայց, ի վերջո, դա ձևական բնույթ էր կրում, որովհետև Կոմունիստական Կուսակցությունն էր որոշում՝ ո՞վ պետք է դատավոր ընտրվի և ինչպե՞ս: ԱՄՆ որոշ նահանգներում դատավորներն ընտրովի են, բայց չեմ կարծում, որ դա չափանիշ է:

Իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է ձևավորվի դատական իշխանությունը: Ի վերջո, դատական իշխանությունը պետք է ձևավորվի ընտրովի մարմինների կողմից, բայց երաշխիքով, որ այն գործադիր մարմնից պետք է անկախ լինի: Որպես օրինակ բերեմ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը եվրոպական չափանիշներով պետք է անկախ լինի, և հարց է դրվում, որ նա պետք է ընտրվի որակյալ մեծամասնությամբ, այսինքն՝ միայն մեծամասնություն ունեցող ուժը չպետք է ընտրի մարդու իրավունքների պաշտպանին: Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում է ունենալ Բարձրագույն դատական խորհուրդ, որի անդամներից 5-ն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ դատավորների թվից, 5-ը՝ ԱԺ-ի կողմից` իրավաբան գիտնականների թվից, և կարծես թե դրված է որակյալ մեծամասնության հարցը. նախագծով վերջիններս ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Արդյոք սա երաշխավորո՞ւմ է Բարձրագույն դատական խորհրդի լիարժեք անկախությունը: Այստեղ մի կարևոր խնդիր կա. դատարանների ձևավորումը չպետք է առանձին դիտարկել: Պետք է դիտարկել նաև, թե ինչպես է ձևավորվում կառավարությունը: Այստեղ հիմնական խնդիրն 89-րդ հոդվածն է, որը սահմանում է Ազգային ժողովի ընտրության կարգը և նախատեսում է ընտրության երկրորդ փուլ: Չնայած ասվում է, որ անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, եթե Ազգային ժողովի ընտրության առաջին փուլի արդյունքում կամ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ինձ համար շատ հստակ է, որ, միևնույն է` երկրորդ փուլ լինելու է: Եթե ցանկանում եք, բացատրեմ, թե ինչու:

– Բացատրեք:

– Եթե երկրորդ փուլի հարց չլինի, ապա քաղաքական ուժը, եթե չի ստանում 50+1 տոկոս ձայն, ապա ԱԺ անցած այլ ուժերի հետ պետք է բանակցությունների գնա կառավարություն ստեղծելու համար, ինչը կոմպրոմիս է: Այդ դեպքում լինում են քաղաքական կոմպրոմիսներ: Եթե դիտարկենք ժամանակին Գերմանիայի օրինակը, Ազատ դեմոկրատները միշտ լինում էին այն քաղաքական ուժը, որի հետ սոցիալ-դեմոկրատները կամ քրիստոնեա դեմոկրատները ստիպված գնում էին կոալիցիոն կառավարության:

Բայց Ազատ դեմոկրատների կողմից պայման էր դրվում, որ իրենց պետք է տրվի Արտաքին գործերի նախարարի պաշտոնը, և նրանք ստիպված դրան էին գնում: Հիմա ես պատկերացնում եմ, որ եթե ընտրություններից հետո, օրինակ, Հանրապետական կուսակցությունը, իր ռեսուրսներն օգտագործելով, ունենա մեծամասնություն, բայց ոչ բացարձակ, մյուս քաղաքական ուժերին կառաջարկի երկրորդական դերակատարություն կառավարությունում:

Նրանք չեն համաձայնի, այդ դեպքում գնում ենք ընտրությունների երկրորդ փուլի, որ նա ունենա բացարձակ մեծամասնություն: Այսինքն՝ ես համոզված եմ, որ, միևնույն է` երկրորդ փուլը գործելու է, իսկ երկրորդ փուլի դեպքում արդեն օգտագործելով վարչական ռեսուրսները` նույն իշխող կուսակցությունը կունենա արդեն 60 տոկոսից ավելի ձայն: Իսկ 60 տոկոսը հենց երեք հինգերորդն է: Դա կնշանակի, որ Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է իշխող ուժը: Այսինքն՝ առաջին հայացքից կարծես թե երաշխավորված է դատական իշխանությունը, բայց 89-րդ հոդվածը դիտարկելով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը դառնում է իշխող ուժի կողմից: Այսինքն՝ մենք այստեղ ունենում ենք դատարանների նկատմամբ վերահսկողություն ոչ թե` նախագահի կողմից, այլ քաղաքական կուսակցության կողմից: Հիմնական մեծը 89-րդ հոդվածն է: Այսինքն՝ հարցը հետևյալն է. եթե իսկապես որակյալ մեծամասնություն են ուզում, ապա ընտրությունը պետք է կատարվի ոչ թե` ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այլ երեք քառորդով կամ չորս հինգերորդով: Այդ դեպքում կարող է ապահովվել ընտրությունը որակյալ մեծամասնության կողմից: Երեք հինգերորդը 89-րդ հոդվածի առկայության դեպքում որակյալ մեծամասնություն չի ապահովում:

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի անդամների ընտրությանը, ապա չեմ կարծում, որ ձևակերպումը հաջող է, որովհետև ճիշտ կլիներ, որ Արդարադատության խորհրդի առաջարկով հանրապետության նախագահը նշանակեր, որը գործադիր իշխանություն չունի: Սա` մեկ: Երկրորդ՝ երեք հինգերորդի ընտրությունը նշանակում է, որ նորից իշխող քաղաքական ուժի կողմից միանձնյա կընտրվի վճռաբեկ դատարանի նախագահը: Այս պայմաններում, երբ վճռաբեկ դատարանի նախագահը ոչ թե նշանակվում է նախագահի, այլ կուսակցության կողմից, վճռաբեկ դատարանը, որն ամենակարևոր ատյանն է, ամբողջությամբ կախման մեջ կլինի քաղաքական կուսակցությունից:

– Այդ կարգավորումը դիտավորյա՞լ է արվել:

– Այստեղ մի շատ պարզ խնդիր կա: Ցանկացած երկրում իշխանության պահպանման հիմնական գործիքը դատարանն է: Եթե դատարանն անկախացրիր, քո իշխանությունը չի կարող հավերժ լինել: Շատ պարզ հարց. եթե ընդունենք այն վարկածը, որ Սահմանադրության փոփոխություններն արվում են իշխանության տարանջատման համար (ես բազմիցս եմ հարց տվել, և իմ հարցին պատասխան չի տրվել, այդ թվում` նաև մասնագիտական հանձնաժողովի անդամներին), ապա համաշխարհային պատմությունից մի դեպք բերեք, երբ հսկայական լիազորություններ ունեցող իշխանությունն իր կամքով իր լիազորությունները սահմանափակել է և տարանջատել իշխանությունը: Համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպք չկա:

Մեծ մասամբ իշխանության տարանջատում լինում է ներքևների ճնշումով, երբ իշխանությունները ստիպված իրենց կամքով են գնում իշխանության տարանջատման, կամ լինում է թավշյա հեղափոխություն և իշխանության տարանջատում: Տվյալ պարագայում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել իշխանության տարանջատման համար, շատ հետաքրքրական էր, և դեռևս հայեցակարգը գրելիս էր իմ մեջ հարցական, թե որտեղ է լինելու ականը: Եվ ահա ականը 89-րդ հոդվածն է: Այստեղ շատ պարզ հարց է. որևէ իշխանություն կամավոր չի հանձնում իր իշխանությունը, և Սահմանադրության նախագիծն էլ պայմանավորված է ոչ թե իշխանության տարանջատման, այլ իշխանությունն այլ ձևով պահպանելու սկզբունքով:

– Հայեցակարգում քննարկման առարկա էր նաև երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատական նիստեր անցկացնելու հնարավորությունը, ինչպես նաև` երկաստիճան դատական համակարգին անցնելը: Ի՞նչ եք կարծում այդ կարգավորումների մասին, և ինչո՞ւ դրանք տեղ չգտան նախագծում:

– Անկեղծ ասած՝ երդվյալ ատենակալների ինստիտուտին մեծ հարգանքով եմ վերաբերվում, բայց չեմ կարծում, որ այն Հայաստանում կաշխատեր, որովհետև Հայաստանի հիմնական խնդիրը ոչ միայն և գուցե ոչ այնքան` իշխանության տարանջատում չլինելն է, որքան արտադատարանական և միմյանց ճանաչելու միջոցով հարցեր լուծելը: Գուցե սխալվում եմ, բայց շատ կասկածում եմ, որ Հայաստանում կարող էին գտնվել իսկապես անաչառ մարդիկ, որոնք կկազմեին երդվյալ ատենակալների ինստիտուտը: Այդ պատճառով ես ձեռնպահ կմնամ այդ հարցին անդրադառնալուց:

Ինչ վերաբերում է երկաստիճան կամ եռաստիճան դատական համակարգին, այդտեղ ևս խնդիր չեմ տեսնում, որովհետև կան երկրներ, որտեղ երկաստիճան դատական համակարգն է արդյունավետ գործում, երկրներ կան, որտեղ եռաստիճան դատական համակարգն է արդյունավետ գործում: Կարևորագույն խնդիրն այն է, որ իսկապես իշխանության տարանջատման ցանկություն լինի: Դե յուրե անկախացումը դեռ առաջին քայլն է. դրանից հետո դատավորների ընտրությունը՝ անձնական չափանիշներով, նրանց ֆինանսական-սոցիալական վիճակի ապահովումը, նրանց պաշտպանվածությունը գործոններ են, որոնք պետք է ապահովեն դատարանի անկախությունը: Իսկ երկաստիճան թե եռաստիճան համակարգ ունենալը, չեմ կարծում, կարևորագույն խնդիր է: Դա գալիս է ավանդույթներից և երկրի ընտրությունից, բայց դա վճռական նշանակություն չի ունենում:

– Դեկտեմբերի 6-ին տեղի կունենա հանրաքվեն: Ի՞նչ պետք է անի հասարակությունը մինչ այդ:

– Ամենակարևորը՝ բանավեճեր, դեբատներ պետք է լինեն: Կլինի՞, թե՞ ոչ, շատ եմ կասկածում: Դրանք հատկապես պետք է լինեն Հանրային հեռուստաընկերությամբ, որովհետև ամենադիտվողն է և, համենայն դեպս, հանրային է համարվում: Մյուս հեռուստաընկերությունները՝ չնայած շատերը կուսակցական են կամ սեփականատերեր ունեն, որոնք նույնպես իշխող ուժին են պատկանում, անկախ վերջիններիս դիրքորոշումից, ևս պետք է ապահովեն ոչ-ի և այո-ի բազմակարծություն (շատ եմ կասկածում, որ դա կլինի), որպեսզի հասարակությունը կողմնորոշվի՝ ինչպես քվեարկել: Սա շատ կարևոր է:

Բայց ամենակարևոր խնդիրը հանրաքվեի արդյունքներին վստահելն է: Այստեղ ևս լուրջ կասկածներ ունեմ՝ արդյոք հանրաքվեն կանցնի՞ ազատ, արդար, թափանցիկ, և որևէ մեկը չի կասկածի արդյունքները: Ինչո՞ւ եմ կասկածում՝ որովհետև չի կարող պատահել՝ 25 տարվա ընթացքում լինի մի ընտրություն (ընտրության պես բան է հանրաքվեն), որն անցնի ազատ և արդար, եթե 25 տարվա ընթացքում դեռևս որևէ ընտրություն կամ հանրաքվե այդպիսին չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս